Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալիեւը կրկին խօսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին եւ կրկին անգամ առանց Հայաստանի յիշատակման

«ԱԼԻՔ» – Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բարձր է գնահատել «Զանգեզուրի միջանցք»-ի հեռանկարները։ Հաղորդում է News.am-ը:

«Շուտով «Զանգեզուրի միջանցք»-ը կը դառնայ Միջին միջանցքի, ինչպէս նաեւ Հիւսիս-Հարաւ միջանցքի եւս մէկ կարեւոր հատւած, որը կամրապնդի խաղաղութիւնը, բազմակողմանի գործընկերութիւնը»,- յայտարարել է Ալիեւը չինական Տիանցզին քաղաքում «ՇՀԿ+» ձեւաչափով հանդիպման ժամանակ իր ելոյթում։

Նրա խօսքով՝ «միջանցքը» օգուտ կը բերի Ադրբեջանի բոլոր մօտիկ եւ հեռաւոր հարեւաններին՝ երկրի սահմաններից արեւելք, արեւմուտք, հիւսիս եւ հարաւ։ Նա ընդգծեց, որ Միջին միջանցքը յուսալի եւ անվտանգ երթուղի է, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան եւ Եւրոպան Ադրբեջանի միջոցով։ 2022 թւականից ի վեր Ադրբեջանի միջով անցնող Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծաւալը աճել է գրեթէ 90 տոկոսով։ «Վերջերս ձեռք բերւած համաձայնութիւնները՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան հետ կապելու վերաբերեալ, կը նպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարաւորութիւնների ընդլայնմանը»,- յաւելել է Ադրբեջանի նախագահը։

Այսպիսով, նոր երթուղու լայն հնարաւորութիւնները մանրամասնելով՝ Ալիեւը նոյնիսկ չի անհանգստացել նշել, թէ ում հետ են ձեռք բերւել այդ պայմանաւորւածութիւնները, եւ թէ ում տարածքով է անցնելու երթուղին։ Ընդհակառակը, այն ձեւով, ինչպէս ադրբեջանական առաջնորդը շարադրում է իր մտքերը, հնարաւոր է եզրակացնել, որ այն տարածքը, որով անցնելու է միջանցքը, նոյնպէս ադրբեջանական է։

Յիշեցնենք, որ ներկայումս Միջին միջանցքի երթուղին անցնում է Վրաստանով։ Հայաստանի Սիւնիքի մարզի Զանգեզուրի միջով ճանապարհի բացումը զգալիօրէն կը կրճատի ճանապարհը։

Related Articles

Back to top button