Անթոյլատրելի է Արցախի ժողովրդի մէջ պառակտման սերմեր ցանելը
Սեպտեմբերի 26-ին Հրապարակ TV-ի հինգշաբթի հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանը: Նա խօսել է միջազգային հարթակներում Արցախի եւ առհասարակ Հայաստանի օրախնդիր հարցերը չբարձրացնելու, դրանք չհետապնդելու՝ ՀՀ իշխանութիւնների անբացատրելի վարքագծի, Հայաստանում արցախահայութեան խնդիրների, արցախեան պետական կառոյցների պահպանութեան անհրաժեշտութեան, այդ կառոյցների, որպէս ընտրւած եւ լեգիտիմ մարմինների, ներուժը Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ոլորտում կիրառելու հնարաւորութիւնների մասին:
Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխաւոր համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի մի շարք ելոյթների՝ Արա Պուլուզեանը մասնաւորապէս նշել է. «Բաւարարւած չեմ այդ համաժողովում Հայաստանի վարչապետի մինչ այս տրւած բացատրութիւններով եւ ելոյթներով: Հայաստանի հարցերը դրանց մէջ ներկայացւած են մի տեսակ վերացական ձեւով: Խաղաղութիւններից է խօսում, խաչմերուկներից է խօսում, ապագայից է խօսում, չհասկանալով, գուցէ, որ Հայաստանն այդ հարցերում խօսք ասող չէ, հարց լուծող չէ: Նոյնիսկ տարածաշրջանային առումով Հայաստանի այդ դիրքորոշումները յստակ չեն, որովհետեւ իրական պատկերները եւ իրական մտահոգութիւնները չեն ներկայացւում՝ այդ թւում սպառազինութիւնները, այդ թւում Արցախի հիմնահարցի լուծման հնարաւորութիւնները, այդ թւում արցախահայերի անքակտելի իրաւունքները: Այս ամէնը յաղթաթղթեր են, որոնք կարելի է օգտագործել բանակցութիւններում, որոնք խելօք ղեկավարն անպայման կօգտագործեր»:
Արա Պուլուզեանը հանգամանալից խօսել է նաեւ այն մասին, թէ ինչու պէտք է պահպանել եւ աւելի ուժեղացնել Արցախի պետական կառոյցները:
Ըստ նրա՝ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործօնը բանակցութիւններից հանելը թուլացնում են Հայաստանի բանակցային դիրքերը: Դու այլեւս չես ունենում այն արգումնետը, որ բանակցող կողմերին ասես՝ այս մարդիկ են ներկայացնում Արցախի ժողովրդին: Մինչդեռ Արցախում իրաւազրկում է տեղի ունեցել: Բոլորը համաձայն են, որ Արցախում իրաւազրկում է կատարւել՝ բռնագաղթ է տեղի ունեցել, բռնազաւթում է տեղի ունեցել, մշակութային արժէքներ են ոչնչանում, ժողովրդի կենցաղն է աւերւել եւ այլն: Պէտք է այս ամէնի վերականգնման պահանջ դնել եւ դա անել Արցախի պետական կառոյցների անմիջական մասնակցութեամբ՝ նրանց գոյութեան փաստն օգտագործելով: