Քաղաքական

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՄԱԿի Մարդու Իրաւունքների խորհրդին

Ի պատասխան Իրանում մարդու իրաւունքների վիճակի հարցերով եւ կրօնի ու համոզմունքի ազատութեան հարցերով ՄԱԿի յատուկ զեկուցողների մամուլի հաղորդագրութեան

Վերջերս հրապարակւած այն զեկոյցի կապակցութեամբ, որում Աւետարանական Սուրբ Պետրոս եկեղեցու համալիրի իբրեւ թէ բռնագրաւման եւ այնտեղ բնակւող անձանց հարկադիր տեղահանման մասին միակողմանի պնդումներ են ներկայացւել՝ առանց գործի փաստական հանգամանքներն ու այս գործընթացի իրաւական ընթացքը պատշաճ կերպով ուսումնասիրելու, եւ որով փորձ է արւում տպաւորութիւն ստեղծել, թէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում գոյութիւն ունի խտրականութիւն եւ անարդար վերաբերմունք կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ, ստորագրեալներս՝ որպէս հայախօս եւ ասորախօս Աւետարանական եկեղեցիների հովիւներ, յայտարարում ենք, որ վերոյիշեալ միակողմանի զեկոյցն իր էութեամբ եւ բովանդակութեամբ համահունչ է մեծապետական ուժերի քաղաքական եւ քարոզչական արշաւներին, որոնց նպատակն է արդարացնել իրենց անմարդկային յանցագործութիւնները՝ Իրանի ազնիւ ժողովրդի դէմ պարտադրելով երկու անհաւասար, անարդար եւ անտեղի պատերազմներ, որոնք պատճառ դարձան այս երկրի բազմաթիւ անմեղ մարդկանց նահատակութեան, ինչպէս նաեւ ենթակառուցւածքների, բնակելի տարածքների եւ ազգային ռեսուրսների լայնածաւալ աւերմանը։ Ցաւօք, մարդու իրաւունքների պաշտպանութեան մասին բարձրաձայնող կառոյցներն ու անձինք այս իրողութիւնների նկատմամբ ցուցաբերեցին լիակատար անտարբերութիւն եւ հրաժարւեցին դրանք որեւէ կերպ դատապարտելուց։ Զարմանք, եւ մտահոգութիւն է առաջացնում այն, որ մարդու իրաւունքների պաշտպանութեան յաւակնութիւն ունեցող շրջանակները, ակնյայտ հակասութեամբ եւ կողմնակալ վերաբերմունքով, ինչ-որ կրօնական կառոյցի վնասումը ներկայացնում են որպէս մարդու իրաւունքների խախտում, մինչդեռ ոչ մի խօսք չեն ասում այն մասին, որ պատերազմի առաջին օրը Մինաբ քաղաքի «Շաջարէ Թայեբէ» դպրոցում նահատակւեցին հարիւր վաթսունութ անմեղ աշակերտներ՝ սուգի մէջ թողնելով նրանց ընտանիքները եւ ամբողջ իրանցի ժողովրդին։ Բազմաթիւ ընտանիքներ զրկւեցին իրենց կերակրողից, իսկ կրօնական փոքրամասնութիւնները ոչ միայն նահատակներ տւեցին, այլեւ նրանց սրբավայրերից ու մշակութային կենտրոններից շատերը, այդ թւում՝ եկեղեցիներ, ժողովարաններ եւ մշակութային-մարզական համալիրներ, կրեցին տարբեր աստիճանի, երբեմն՝ մինչեւ ամբողջական աւերման հասնող վնասներ։

Մարդու իրաւունքների վիճակի մասին յայտարարութիւններ անողները աչք են փակում այս բացայայտ եւ անհերքելի իրողութիւնների վրայ եւ տեղեկատւական դաշտում շարունակում են նոյն միջամտողական քաղաքականութիւնը, որը յանցագործ թշնամիները, միջազգային իրաւունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը կոպտօրէն խախտելով՝ կատարում են իրենց ռազմական գործողութիւններով՝ դրանք ներկայացնելով կեղծ եւ մոլորեցնող կարգախօսների ներքոյ։

Բացի այդ, ոչ մի անդրադարձ չի կատարւել այն մասին, որ իշխանութիւնները իւրաքանչիւր բնակչին երկու միլիարդ թուման գումար են տրամադրել՝ նրանց նոր բնակավայրում հաստատւելուն աջակցելու նպատակով։ Նշւած չէ նաեւ այն, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան Սահմանադրութեան 13-րդ յօդւածի համաձայն՝ բոլոր քրիստոնեաների՝ թէ՛ հայերի եւ թէ՛ ասորիների համար երաշխաւորւած է կրօնական պաշտամունքի եւ կրօնական ծէսերի իրականացման ազատութիւնը։

Ի տարբերութիւն վերոնշեալ զեկոյցի կեղծ պնդման՝ Աւետարանական եկեղեցիների փակման վերաբերեալ, հայախօս եւ ասորախօս Աւետարանական եկեղեցիները, որոնք Բարեկարգեալ եկեղեցիների ճիւղերից են, լիակատար ազատութեամբ շարունակում են իրենց պաշտամունքները։ Նոյնիսկ այս եկեղեցիների հոգեւոր պետերի մասնակցութիւնը երկրի մի շարք կարեւորագոյն ազգային միջոցառումներին՝ այս իրողութեան ճշմարտացիութիւնը հաստատող լաւագոյն վկայութիւնն է։ Բացի այդ, Սուրբ Պետրոս եկեղեցու աւերման նախապատրաստութեան մասին պնդումները, ինչպէս նաեւ այն պնդումը, թէ եկեղեցու առաջնորդներին սպառնացել են, որ որոշմանը չենթարկւելու դէպքում նրանք կը ձերբակալւեն, բացարձակապէս կեղծ են։ Նրանց նկատմամբ ցուցաբերւել է ամենայն յարգալից վերաբերմունք։ Սուրբ Պետրոս եկեղեցու հովիւի ստորագրութիւնը սոյն յայտարարութեան ներքոյ՝ այս իրողութեան լաւագոյն վկայութիւնն է։ Միւս կողմից, վերոնշեալ զեկոյցում անդրադարձ է կատարւում նաեւ այսպէս կոչւած «պարսկախօս քրիստոնէութեան» հարցին, որը հիմնազուրկ եւ անհիմն քարոզչական հոսանքի յօրինւած հասկացութիւն է, հակասում է Իրանի Իսլամական Հանրապետութեան Սահմանադրութեան հիմնարար դրոյթներին եւ որեւէ առնչութիւն չունի սոյն զեկոյցի առարկայի հետ։ Հետեւաբար, այդ հարցի ներառումը սոյն զեկոյցում լիովին անտեղի եւ անհիմն է։ Մինչդեռ Պօղոս Առաքեալը հռոմէացիներին ուղղւած իր նամակում յստակօրէն ասում է, որ պէտք է հնազանդւել իշխանութիւններին, որովհետեւ իշխանութիւնները Աստծուց են կարգւած։ (Հռմ. 13:1) Նոյնպէս, Տիտոսին ուղղւած իր նամակում, որը նրա աշակերտն ու գործակիցն էր, նա յորդորում է յիշեցնել հաւատացեալներին, որ հնազանդ լինեն իշխանաւորներին եւ իշխանութիւններին ու պատրաստ լինեն ամէն բարի գործի։ (Տիտոս 3:1) Հետեւաբար, այսպէս կոչւած քարոզչական հոսանքի գործելակերպը յայտնապէս հակասում է վերոնշեալ Սուրբ Գրային վկայութիւններին։

Սոյն յայտարարութիւնը ստորագրողները, մէկ անգամ եւս դատապարտելով վերոնշեալ կողմնակալ զեկոյցը, ՄԱԿ-ի Մարդու Իրաւունքների խորհրդից խնդրում են հաւատարիմ մնալ ճշմարտութեանը եւ, իր առաքելութեանը համապատասխան՝ պաշտպանել բոլոր մարդկանց կեանքի, բարեկեցութեան եւ արժանապատիւ գոյութեան իրաւունքը ու գոնէ մէկ անգամ յստակօրէն բարձրաձայնւի դատապարտումը պատերազմ հրահրողների դէմ, որոնք բացայայտօրէն յայտարարում եւ իրականացնում են ինքնիշխան երկրի կենսական ենթակառուցւածքների, դպրոցների, հիւանդանոցների, կամուրջների եւ էլեկտրակայանների վրայ յարձակումներ, մինչդեռ նրանց սառած խիղճը բնաւ չի յուզւում այն անմեղ մարդկանց մահւանից, որոնք զոհ են դառնում այն զրկանքներին ու աղէտներին, որ իրենց չարամիտ պատերազմասադրութեամբ պարտադրում են մարդկային հասարակութիւններին։

Իրանի Հայ Աւետարանկան Եկեղեցու Համայնքապետ-հովիւ՝ Վեր. Դոկտ. Միշէլ Աղամալեան

Ասորախօս Աւետրարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Վեր. Նինուս Մողադասնիա

Աւետարանական Ս. Պետրոս եկեղեցու հովիւ՝ Վեր. Վազրիկ Սաֆարեան

Related Articles

Back to top button