ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Դեսպան Սոբհանի. «Յուսով ենք՝ պայմաններ կը ստեղծւեն, որ Ղարաբաղի բնակիչները վերադառնան իրենց տները»

«ԱԼԻՔ» – ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին «Ազատութեան» հետ զրոյցում յատուկ անդրադարձել է Արցախի հայութեան իր բնօրրան վերադարձի եւ անվտանգութեան ապահովման հարցին:

Դեսպանն յատուկ ընդգծել է. «Ղարաբաղի հայ բնակիչների իրաւունքները պէտք է յարգւեն։ Այդ հարցը վէրքի է նման, եւ այդ վէրքը պէտք է բուժւի»:

Հարցազրոյցը ներկայացնում ենք ստորեւ.

– Պարոն Սոբհանի, ինչպէս գիտէք՝ անցած տարի Ադրբեջանը բլոկադայից յետոյ ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ, արցախցիները բռնի տեղահանւեցին։ Այժմ Լեռնային Ղարաբաղը, որտեղ հազարամեակներով հայեր են ապրել, հայաթափւած է։ Իրանը՝ իբրեւ մեր տարածաշրջանի գլխաւոր դերակատարներից մէկը, այս հարցի լուծումն ինչպէ՞ս է տեսնում։ Պէ՞տք է Ադրբեջանը յարգի արցախահայերի հաւաքական վերադարձի իրաւունքը։ Ի վերջոյ, մարդիկ թողել են իրենց հայրենիքը, տունը, կարողութիւնները, պատմութիւնն ու մշակոյթը:

– Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրաւունքների վերաբերեալ յստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը եւ ընդգծում ենք դա, բայց միեւնոյն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրաւունքները պէտք է յարգւեն։ Այդ հարցը վէրքի է նման, եւ այդ վէրքը պէտք է բուժւի։ Եւ եթէ այդ վէրքը չբուժւի, նորից հնարաւոր է, որ բացւի։ Երբ խօսւում է կայուն խաղաղութեան մասին, այդ վէրքն էլ պէտք է հաշւի առնել։ Մենք յուսով ենք, որ այնպէս, ինչպէս Ղարաբաղի բնակիչները ոչ կամաւոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծւեն, որպէսզի նրանք կարողանան կամաւոր վերադառնալ իրենց տները:

– Այսինքն՝ ապահովւի նրանց անվտանգութիւնը։

– Բնական է՝ այն հիմնական պատճառը, որ նրանք լքեցին այդ տարածքը, հէնց այդ պատճառով էր, որովհետեւ չէին զգում այդ անվտանգութիւնը։ Ես ինքս խօսել եմ ղարաբաղցիների հետ, փախստականները երբ եկել էին, ես ինքս գնացի Կապան, խօսեցի նրանց հետ։ Նրանք ասացին, որ «մենք կամաւոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամաւոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգութիւն չեն զգացել, եւ հէնց այդ պատճառով էլ լքել են իրենց տները։ Նրանք կամաւոր չեն եկել, բայց յոյս ունենք, որ այնպիսի պայմաններ կը ստեղծւեն, որ նրանք կամաւոր վերադառնան իրենց տներ։

– Քանի որ այդ անվտանգութիւնը շատ կարեւոր գործօն է, որպէսզի արցախահայերը վերադառնան, հաշւի առնելով, թէ ինչի միջով են անցել՝ ե՛ւ բլոկադա, ե՛ւ ռազմական ագրեսիա: Ի՞նչ էք կարծում՝ արդեօք արցախահայերը պէ՞տք է ինքնավարութեան որոշակի աստիճան ունենան, որպէսզի ապահովւի այդ անվտանգութիւնը:

– Ինչպիսի պայմաններ լինեն այնտեղ՝ պէտք է երկխօսութիւն եւ բանակցութիւններ լինեն այդ մասին։ Եկեք մենք եւ Դուք որոշում չկայացնենք նրանց փոխարէն։

– Ո՞վ պէտք է որոշի:

– Ես կարծում եմ՝ իրենք պէտք է բանակցեն:

– Արցախի ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների՞ միջեւ:

– Թէ դա ինչպէս պէտք է սկսւի, դա երկու կողմերի համաձայնութեան հարց է։ Նպատակը պէտք է լինի Ձեր ասած անվտանգութեանը եւ նրանց իրաւունքներին հասնելը։

Related Articles

Back to top button