Արմէն Ռուսատմեան. «Իշխանութիւնները պատրաստւում են նոր կենսական զիջումների գնալ»
«ԱԼԻՔ» – «Իշխանութիւններն այս քայլով փորձում են սիրաշահել ադրբեջանական կողմին։ Այնտեղից արւող յայտարարութիւնները բոլորդ էլ լսում էք՝ ֆաշիստական պետութիւն է եւ այլն։ Այն ինչ տեղի ունեցաւ, այդ յայտարարութիւններին համահունչ է»։ Այս մասին երէկ՝ փետրւարի 3-ին, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ քրէական վարոյթ է նախաձեռնւել ադրբեջանցիների մասնակցութեամբ տեսանիւթը տարածած քաղաքացու նկատմամբ։
«Ուզում են ասել՝ գուցէ կան որոշ ֆաշիստներ, բայց իշխանութիւնը դրա հետ կապ չունի, ուզում են արդարանալ եւ ցոյց տալ, որ ծառայամիտ տրամաբանութեամբ են երկիրը ղեկավարում, կատարում են Ադրբեջանի հրահանգները»,- ասել է Ռուստամեանը։
Անդրադառնալով նրան, որ դատարանը մերժեց 70-ամեայ Ղարիբ Բաբաբայեանին կալանաւորելու միջնորդութիւնը, Արմէն Ռուստամեանն ասել է.
«Ամէն ինչ չափ ունի։ Կալանաւորելու համար որեւէ հիմք գոյութիւն չունէր, ակնյայտ է, որ քրէական գործի հիմք էլ չկայ, ամբողջութեամբ շինծու գործ է։ Քրէական օրէնսգրքի հետ որեւէ կապ չունի, քաղաքական ենթատեքստ ունի»,- ասել է նա նշելով, որ իր կարծիքով, դատարանի որոշման վրայ ազդեցութիւն է ունեցել նաեւ հանրային ճնշումը։
«Հիմա մեծ վտանգ կայ, որ վաղը կամ միւս օրը Մեղրիի տարածքից այդ «միջանցք» կոչւածը տալու հարցն է առաջ գալու։ Հանրութեանը նախապատրաստում են, որ ասեն՝ Մեղրին մենք չտւեցինք, արդէն տւած էր»,- ասել է Արմէն Ռուստամեանը։
«Պատրաստւում են նոր կենսական զիջումների գնալ։ Արցախը տալուց առաջ յայտարարում էին, որ Արցախի հարցը վաղուց լուծւած էր, տրւած էր իրենցից առաջ, բանակցութիւնները միշտ գնացել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար. յիշո՞ւմ էք այս բարբաջանքները։ Դրա արդիւնքը եղաւ այն, որ Արցախը յանձնւեց»,–ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։
Անդրադառնալով սահմազատման եւ սահմանագծման աշխատանքներին, եւ հարցին, թէ ի՞նչ է դա տալիս Հայաստանին, Արմէն Ռուստամեանն ասաց.
«Ադրբեջանը ոչ մի տեղից չի պատրաստւում նահանջել։ Այն տարածքներն էլ, որ իրենցն են համարում, սահամանզատման ճանապարհով են ստանալու։ Հետաքրքիրն այն է, որ իշխանութիւնը համարում է, որ սահմանազատման եւ սահմանագծման միջոցով խաղաղ ճանապարհով կը ստանանք մեր ուզած սահմանները, բայց իրականում այդ խաղաղ ճանապարհով Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է։ Հիմա էլ անկլաւների հարցն է առաջանալու։ Տաւուշում դեռ ամէն ինչ աւարտւած չէ, մեր ամենալաւ կահաւորւած առաջնագիծը քանդեցին ու մեզ անպաշտպան թողեցին»,-ասաց Ռուստամեանը։
Արմէն Ռուստամեանի խօսքով, կայ մի հարց, որի պատասխանը դեռեւս չի հնչել. Կիրանցից դէպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհից որեւէ հատւած անցնո՞ւմ է ադրբեջանական վերահսկողութեան տակ, թէ ոչ։
«Պատասխան չի տալիս, որովհետեւ եթէ ասի՝ այո, ժողովուրդը կընդվզի։ Եթէ ասի՝ ոչ, Բաքւից կասեն՝ ոնց թէ չի անցնում։ Դրա համար էլ ամէն ինչ լղոզում է»,-նշեց Ռուստամեանը։
Համոզւած եմ, որ Վազգէն Սարգսեանը, մանաւանդ, երբ «Միասնութիւն» դաշինքը յաղթեց, չէր կարող որեւէ բանից անտեղեակ լինել, ես դա բացառում եմ, լրագրողների հետ զրոյցում, անդրադառնալով Պետդեպի գաղտանզերծած փաստաթղթերին, ասաց Արմէն Ռուստամեանը։
Պատգամաւորի խօսքով՝ ԱՄՆ-ում փաստերն իրենց ձեւով են մեկնաբանում.«այո, ով չգիտի, որ Ադրբեջանի համար այդ տարբերակը ձեռնտու էր եւ իրենք դա էին ուզում։ Բայց ի՞նչ առաջարկ ենք արել մենք։
Հիմա նախագահները ճիշտ առաջարկ են անում՝ հրապարակել բոլոր առաջարկները, որոնք մինչեւ հիմա եղել են եւ դրանց պատասխանները՝ ՀՀ իշխանութիւնների կողմից։ Այն, ինչը հրապարակւած է, Փաշինեանը դրանց հետ համաձայն չէ։ Թող ինքը հրապարակի։ Շահարկումներից դուրս գալու միակ ճանապարհը փաստաթղթերը հրապարակելն է, որ հանրութիւնն էլ կողմնորոշւի։ Միակ մարդը, որն ուղնուծուծով այդ բանակցութիւնների մէջ է եղել, Վարդան Օսկանեանն է, բա ինչո՞ւ չեն բանավիճում նրա հետ, ինչի՞ չեն գալիս բանավիճելու»։