ԱԳՆ-ն մերժել է Արաբական լիգայի ԱԳ նախարարների հակաիրանական անհիմն պնդումները

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել, որում ամբողջութեամբ մերժել է Արաբական լիգայի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ամփոփիչ յայտարարութեան մէջ Իրանի դէմ ներկայացւած կեղծ պնդումներն ու անհիմն մեղադրանքները, եւ եւս մէկ անգամ ընդգծել է Իրանի անվիճելի ինքնիշխանութիւնը Աբու Մուսա, Մեծ եւ Փոքր Թունբ կղզիների նկատմամբ՝ որպէս Իրանի տարածքային ամբողջականութեան անքակտելի մասերի:
ԱԳՆ-ն Արաբական լիգայի անդամ երկրների ուշադրութիւնը հրաւիրել է իսլամա-արաբական միասնութեան պահպանման անհրաժեշտութեան վրայ՝ սիոնիստական ռեժիմի ամբողջատիրական նկրտումներին եւ ագրեսիային դիմակայելու համար, եւ կոչ է արել զերծ մնալ այնպիսի վարքագծից ու յայտարարութիւններից, որոնք կը շեղեն տարածաշրջանային եւ համաշխարհային ուշադրութիւնը տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի հիմնական հարցից, այն է՝ բռնազաւթւած Պաղեստինում շարունակւող ցեղասպանութիւնից։
«Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը կրկին ընդգծում է Իրանի անվիճելի ինքնիշխանութիւնը Աբու Մուսա, Մեծ եւ Փոքր Թունբ կղզիների նկատմամբ՝ որպէս Իրանի տարածքային ամբողջականութեան անքակտելի մասերի։ Դատապարտելով Իրանի նկատմամբ որեւէ տարածքային պահանջ, կրկին յիշեցնում է, որ նմանատիպ յայտարարութիւններում անհիմն պահանջների կրկնութիւնը որեւէ փոփոխութիւն չի առաջացնի այդ կղզիների հետ կապւած աշխարհագրական, պատմական եւ իրաւական իրողութիւններում։ Ընդգծում ենք, որ այս երեք իրանական կղզիներում ձեռնարկւած բոլոր միջոցները համապատասխանում են Իրանի ինքնիշխան իրաւունքների իրականացմանը՝ պահպանելու եւ պաշտպանելու այդ կղզիների անվտանգութիւնը, ինչպէս նաեւ ապահովելու Իրանի ազգային շահերն ու անվտանգութիւնը։
Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը մերժում է Իրանից Եմէն զինամթերք ուղարկելու եւ այդ երկրի ներքին գործերին միջամտելու անհիմն մեղադրանքը, եւ յիշեցնում է, որ մինչ սիոնիստական ռեժիմը, Միացեալ Նահանգների համընդհանուր աջակցութեան ներքոյ, շարունակում է ցեղասպանութիւն իրականացնել բռնազաւթւած Պաղեստինում, ագրեսիա եւ օկուպացիա իրականացնել Սիրիայում ու Լիբանանում, ինչպէս նաեւ կրկնւող ագրեսիւ եւ ահաբեկչական յարձակումներ իրականացնել Եմէնի վրայ, նման կեղծ պնդումները, որոնք հիմնականում յօրինւած են սիոնիստական ռեժիմի կողմից, չեն նպաստում իսլամական աշխարհի շահերի իրացմանը։
Յիշեցնելով բարիդրացիութեան, ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան յարգման, ինչպէս նաեւ երկրների ներքին գործերին չմիջամտելու իր սկզբունքային քաղաքականութիւնը՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ընդգծում է տարածաշրջանային երկրների միջեւ միասնութեան ու համակարգւած գործողութիւնների ամրապնդման եւ բաժանարար դիրքորոշումներից խուսափելու անհրաժեշտութիւնը:
Իրանը Պարսից ծոցում եւ տարածաշրջանային ու միջազգային ջրերում ծովային անվտանգութիւնն ապահովելու ամենաազդեցիկ երկրներից մէկն է, եւ մշտապէս երաշխաւորել է նաւարկութեան անվտանգ ընթացքը Հորմուզի նեղուցով։ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, իր ազգային շահերի եւ ինքնիշխանութեան պաշտպանութեան, ինչպէս նաեւ ռազմավարական նշանակութիւն ունեցող Հորմուզի նեղուցի մուտքի եւ ելքի կէտերի լիարժէք եւ պատասխանատու վերահսկողութեան շրջանակներում, կանխելով Իրանի ազգային ինքնիշխանութեան դէմ որեւէ ագրեսիա, զերծ չի մնայ որեւէ գործողութիւնից՝ միջազգային օրէնքների եւ կանոնակարգերի շրջանակներում Հորմուզի նեղուցում նաւարկութեան ազատութիւնն ապահովելու համար։
Յիշեցնելով Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում, Պարսից ծոցում եւ Օմանի ծովում անվտանգութեան եւ կայունութեան ապահովման անհրաժեշտութիւնը՝ ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով ու տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցութեամբ՝ հեռու արտատարածաշրջանային ուժերի ապակայունացնող եւ կործանարար միջամտութիւններից, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ընդգծում է իր յանձնառութիւնը՝ ամրապնդելու տարածաշրջանի երկրների միջեւ փոխգործակցութիւնը՝ այս նպատակին հասնելու համար»,- ասւած է ԱԳՆ տարածած յայտարարութեան մէջ: