
56 տարիներ է ինչ իրանահայ համայնքում, նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան իրականացւում են Համահայկական մարզական խաղերը, որոնք իւրայատուկ աշխուժութիւն են պարգեւում ոչ միայն համայնքների մարզական կեանքին, այլ նաեւ իրանահայ համայնքին:
Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ Համահայկական խաղերի 56-րդ շրջանը մեկնարկեց սեպտեմբերի 10-ին, երեկոյեան «Արարատ» մարզաւանում:
Տէրունական աղօթքով մեկնարկած բացման հանդիսութեան սկզբում կազմակերպութեան Սկաուտական միութեան դրօշակագարդի եւ նւագախմբի միջոցով մարզադաշտ փոխադրւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան, կազմակերպութեան եւ Համահայկական խաղերը խորհրդանշող դրօշակները, որոնք ծածանւեցին Իրանի պետական հիմնը եւ կազմակերպութեան հիմը հնչելով:
Տէրունական աղօթքը եւ հիմները հնչեցրին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» համատեղ երգչախմբերը, Արփի Սիմրոջեան (Նազարեան)-ի խմբավարութեամբ:
Համահայկական խաղերը իմաստաւորւում են մարզական խմբերի մասնակցութեամբ եւ շքերթով: Նշենք, որ այս տարւայ Համահայկական խաղերին մասնակցել են 350 մարզիկ-մարզկուհիներ, որոնք 8 օրերի ընթացքում մրցակցելու են տարբեր մարզաձեւերում: Խաղերին մասնակցել են Հայաստանի Հանրապետութեան Երեւանի Միրաք եւ Շէնգաւիթ ակումբներից տղայոց բասկետբոլի խմբեր, Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութիւնը, Թեհրանի Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրը, Թեհրանի Փերիոյ կրթասիրաց միութիւնը, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւնը, Նոր Ջուղայի «Արմին» մարզական միութիւնը, Արաքից մարզիկներ եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի, Ուրմիայի եւ Շիրազի մասնաճիւղերը:
Մարզիկների շքերթին յաջորդեց օրւայ ջահակիր՝ վետերան բասկետբոլիստ Նորիկ Մկրտչեանի մուտքը մարզադաշտ, ընկերակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի մինի բասկետբոլի խմբի մարզիկ-մարզկուհիների: Վետերան բասկետբոլիստ Նորիկ Մկրտչեանը եղել է Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականի մարզիկ եւ «Արարատ»-ի բասկետբոլի մարզիչ, նաեւ Իրանի տարբեր ակումբների բասկետբոլիստ: Յատկանշական է, որ 56-րդ Համահայկական խաղերի ջահը սեպտեմբերի 5-ին օրհնւել էր «Արարատ» մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում: Խաղերի ջահի բոցավառման հետ միաժամանակ «Արարատ» մարզաւանի երկնային տարածքը ծածկւեց հրավառութեամբ:
Հանդիսութիւնը շարունակւեց երդման արարողութիւններով՝ մարզիկների երդումը ընթերցեց բասկետբոլիստ Լէօ Տէր Մկրտչեանը, իսկ իրաւարարների երդումը ընթերցեց շախմատ մարզաձեւի իրաւարար Արմիդա Գրիգորեանը:
Հանդիսութեանը ներկաներին խօսք փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց, որ Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ Իրանի Համահայկական խաղերի նպատակն է՝ մրցակցութեան առողջ մթնոլորտի ստեղծումը, իրանահայ մարզական կեանքի ունակ մարզիկներին ճանաչելը եւ մարզական առողջ մթնոլորտին զուգահեռ, ստեղծել նպաստաւոր միջավայր մշակոյթի տարածման, սոցիալական միասնականութեան, նոր կապերի ձեւաւորման եւ մարզական մշակոյթի տարածման համար:
Իր ելոյթի ընթացքում նա այսպէս շարունակեց. «Սպորտը ոչ միայն նպաստում է անհատական առողջութեանն ու կենսունակութեանը, այլեւ հասարակութեան մէջ խթանում է այնպիսի արժէքներ, ինչպիսիք են՝ համագործակցութիւնը, համերաշխութիւնը, փոխադարձ յարգանքը եւ խաղաղութիւնը»: Նա ընդգծեց. «Իր 81-ամեայ կեանքի ընթացքում Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը սերունդների համակողմանի զարգացման նպատակով ակտիւ գործունէութիւն է ծաւալել մարզամշակութային բազմազան ոլորտներում եւ իր բնաբանը դարձրել՝ առաջնահերթ համարել ենթակառուցւածքային աշխատանքները եւ ուշադրութիւն դարձնել պատանիներին ու երիտասարդներին, որպէս երկրի մարզական համայնքի ապագայ կերտողների»։
Միջոցառմանը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը ընթերցեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Պատգամի մէջ նշւել էր. «Մարզանքը սիրելիներ մարդու մարմինը զօրացնում եւ ինչու չէ նաեւ միտքը պայծառացնում է, սրա համար մեր ժողովրդական առածը ասում է առողջ միտք, առողջ մարմնի մէջ: Այս առիթով շնորհաւորում եմ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական եւ Մարզական վարչութիւններին իրենց բոլոր գործակիցներով հանդերձ, որոնք հակառակ նիւթական, մարդուժի եւ այլ հասկանալի դժւարութիւնների կազմակերպել են այս խաղերը յօգուտ եւ ի շինութիւն մեր նոր սերունդի:
Այս առիթով ջերմօրէն ողջունում եմ նաեւ մեր ծնողներին, որոնք ընդառաջելով Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հրաւէրին իրենց զաւակներին յանձնեցին կազմակերպութեան մասնակցելու համար այս խաղերին»:
Պատգամում ասւած էր. «Սիրելի ժողովուրդ հայոց, այս օրերին մենք առաւել եւս պէտք ունենք համախումբ աշխատանքի եւ գործունէութեան, որովհետեւ մենք որպէս ազգ ունենք մեր երազները ու տեսիլքները, որոնք վստահաբար մի օր կը կատարւին յանուն ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի եւ չքնաղ Արցախի, որի երազով կապրենք այսօր, բայց հաւատում ենք, որ մեր այս պատանի-պարմանուհիները ինչպէս որ այսօր մրցակցութեան, պայքարի եւ յաղթելու ոգով կանգնած են այստեղ, մի պայծառ օր նոյն ոգով ու հոգով կը յաղթահարեն բոլոր խոչընդոտները եւ կը վերատիրանան մեր իրաւունքներին որն է ազատ, անկախ եւ միացեալ Հայաստան եւ չքնաղ Արցախի վերադարձը հայրենի տուն»:
Ներկաներին իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ընդգծեց. «Իրանի Համահայկական խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլեւ մշակութային եւ սոցիալական միջոցառում, որը հիմնւած է իրանահայ համայնքի պատմութեան, ինքնութեան եւ համերաշխութեան վրայ: Ամենամեայ կարգով «Արարատ» մարզաւանում եւ Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ իրականացւող Համահայկական խաղերը դարձել են երիտասարդութեան ոգեւորութեան, սոցիալական կապերի եւ ազգային արժէքները ցուցադրելու հարթակ՝ շնորհիւ կազմակերպիչների անխոնջ ջանքերի»: Պատգամաւորը ընդգծեց. «Այս տարի, սակայն, այս մարզական միջոցառումն ունի այլ երանգ։ Իրանի դէմ սիոնիստական օկուպացիոն ռեժիմի բացայայտ ագրեսիայով սկսւած պատերազմի ընթացքում, որը աւաւրտւեց Իրանի ժողովրդի ազգային կամքի, սոցիալական համախմբւածութեան եւ պաշտպանական աներկբայ հզօրութեամբ, ցաւօք, վնասւեց «Արարատ» մարզաւանը։ Միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները յստակօրէն խախտող այդ կոյր յարձակումները եւս մէկ անգամ ապացուցեցին, որ թշնամիները միշտ ձգտում են վտանգել մեր միասնութիւնն ու համախմբւածութիւնը։ Բայց մեր պատասխանը յստակ էր եւ մնում է՝ միասնութիւն, դիմադրութիւն եւ համախմբւածութիւն»։
Արա Շահվերդեանը իր ելոյթի այլ բաժնում անդրադառնալով «Արարատ» մարզաւանի վնասնւածների վերականգնմանը ընդգծեց. «Այս առումով, իմ պարտքն եմ համարում անկեղծօրէն շնորհակալութիւն յայտնել Թեհրան նահանգի սպորտի եւ երիտասարդութեան հարցերով գերատեսուչ դոկտ. Ալի Ջաւադիին՝ հայ համայնքի կողքին իր արժէքաւոր ներկայութեան եւ «Արարատ» մարզաւանի վնասների վերականգնման գործընթացի մեկնարկին ցուցաբերած աջակցութեան համար»:
Հանդիսութեանը հիւրերի յատուկ օթեակում ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, զրադաշտների պատգամաւոր տկն. Բեհշիդ Բարխորդարը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ներկայացուցիչները, Թեհրան նահանգի սպորտի եւ երիտասարդութեան հարցերով գերատեսուչ դոկտ. Ալի Ջաւադին, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ դոկտ. Սեւակ Հաթամեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի ազգային իշխանութիւններից ներկայացուցիչներ, Իրանի մարզական ֆեդերացիաների եւ իրանահայ համայնքի ազգային իշխանութեան ու մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչներ:
Ելոյթներից յետոյ աւարտւեց բացման հանդիսութեան պաշտօնական բաժինը եւ մեկնարկեց գեղարւեստական կատարումները:
Մեներգերով Նոր Ջուղայից ելոյթ ունեցան Արթին Քեշիշեանը եւ Տանիա Մինասեանը: Պատկերասփռւեց Հ.Մ.Ա.Կ.-ի բասկետբոլի եւ ֆուտբոլի ակադեմիաների տեսահոլովակներ: Բասկետբոլի խմբի մարզիչներն են Սաիդ Ռասուլին, Արթին Հաթամզադէն եւ Արգին Շահբազեանը: Ֆուտբոլի ակադեմիայի տնօրէնն է Էդմոնդ Բազիկը, մարզիչներ՝ Արմէն Թահմասեան, Փաթրիկ Իւսէֆին, Ռոմիկ Խոդաբախշեան, Ալի Մեսգարխոյին եւ Մաջիդ Իւսէֆին: Ապա Հ.Մ.Ա.Կ.-ի աղջկանց բասկետբոլի խումբը ներկայացրեց մարզական ցոյց,խմբի մարզիչն է Նարէ Արտաշեանը, իսկ խմբի պատասխանատուն՝ Ադելինա Մարտիրոսեանը:
Հանդիսութեան գեղարւեստական բաժնում ելոյթով հանդէս եկաւ «Արարատ» եւ «Տաւիղ» համատեղ երգչախումբը խմբավարութեամբ Արփի Սիմրոջեան (Նազարեան)-ի: Ելոյթներով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի սաները:
Յատկանշական է, որ բացման հանդիսութեան ողջ ընթացքում իրենց ճարտար հաղորդավարութեամբ հանդէս եկան՝ Նինելա Դաւթեանը, Սեւան Մուսախանեանը եւ Նոյ Նազարեանը, որոնք հայերէնով ու պարսկերէնով վարում էին բացման հանդիսութիւնը եւ մերթընդմերթ հնչեցնում խանդավառող խօսքեր:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուսանկաները՝ ՀԱՏԻՍԻ