Սուրէն Սարգսեան. «Ղարաբաղը տանք հայերին, Մեղրին՝ Ադրբեջանին. ի՞նչ էր առաջարկել Թուրգուտ Օզալը Բուշ աւագին»

«ԱԼԻՔ» – 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը՝ քաղաքագէտ, «Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի» ղեկավար Սուրէն Սարգսեանը, անդրադարձել է տարածաշրջանային խնդիրների խորքային պատճառներին:
«Դեռեւս 90-ականների սկզբին՝ մինչեւ Խորհրդային Միութեան փլուզումը, կար յայտնի Գոբլի պլանը: Այդ պլանի նպատակը ո՞րն էր: Կայ մի փաստաթուղթ, խօսակցութեան սղագրութիւն Ամերիկայի Միացեալ Նահագների եւ Թուրքիայի նախագահների միջեւ: Այդտեղ Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալը Ջորջ Բուշ աւագին ասում է՝ եկէ՛ք փոխանակենք Արցախը Մեղրիի հետ, բնակչութիւնները տեղահանենք, Մեղրին տանք Ադրբեջանին, Արցախը տանք հայերին:
Երբ Բուշը հարցնում է՝ իսկ դա մեզ ի՞նչ է տալու, Օզալն ասում է, որ Կենտրոնական Ասիայի բոլոր էներգետիկ ռեսուրսները՝ նաւթը, գազը եւ այլն, կը շրջանցեն Ռուսաստանը եւ այդ տարածքով կը գնան դէպի Եւրոպա, որպէսզի Եւրոպան կախւածութիւն չունենայ Ռուսաստանից, այլ կախւածութիւն ունենայ Թուրքիայից: Ասում է՝ մենք էլ ձեր ռազմավարական դաշնակիցն ենք: Այսինքն՝ շատ հետաքրքիր իրավիճակ է նկարագրւած, որն ըստ էութեան այսօրւայ դրութեամբ կեանքի է կոչւում»,- ասել է Սուրէն Սարգսեանը:
Նրա խօսքով՝ սա շատ հետաքրքիր պրոցես է, որը կեանքի է կոչւում՝ սկսած ԽՍՀՄ գոյութեան վերջին շրջանից: Այս փաստաթուղթն ամբողջութեամբ նկարագրում է այն քաղաքական պրոցեսները, որոնք այն ժամանակւանից մինչ օրս կեանքի են կոչւել:
«Եւ մի՛ մոռացէք, որ գերտէրութիւնների համար ժամանակի ու չափման միաւորն ուրիշ է: 25-30 տարում ինչ-որ արդիւնքի հասնելը նորմալ է: Նրանք աւելի հեռահար պլաներ են մշակում եւ կեանքի կոչում»,- նշել է Սուրէն Սարգսեանը:



