Երեւանում արդարադատութիւն չգտնելով՝ հայերը պէտք է դիմեն Եւրոպական դատարան

Թէեւ 1991 թւականի անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր իշխանութիւններն էլ ունեցել են ժողովրդավարական բացթողումներ, այնուամենայնիւ ներկայիս իրավիճակը անհամեմատ աւելի վատ է, քան երբեւէ։
2018 թւականին վարչապետ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց ի վեր՝ ժողովրդավարական ինստիտուտները հետեւողականօրէն յետընթաց են ապրել՝ հակառակ նրա բազմաթիւ յայտարարութիւններին: Առաւել մտահոգիչ է, որ այսպէս կոչւած «ժողովրդավարական Արեւմուտքն» ամբողջութեամբ անտեսել է նրա չարաշահումները, քանի որ նա սպասարկում է իրենց, այլ ոչ թէ Հայաստանի աշխարհաքաղաքական շահերը։
Այսօր պետական բոլոր ինստիտուտները ղեկավարւում են մէկ անձի կողմից։ Օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների տարանջատում պահանջող սահմանադրական դրոյթը կոպտօրէն ոտնահարւած է։ Դրա հետեւանքով տուժել են թէ՛ Հայաստանի ներքին կառավարումը, թէ՛ արտաքին քաղաքականութիւնը։ Փաշինեանն իշխանութեան է եկել առանց կառավարման փորձի, սակայն հպարտօրէն յայտարարում է, որ բոլոր որոշումները կայացնում է ինքնուրոյն՝ առանց որեւէ մէկի հետ խորհրդակցելու։
Դատական իշխանութիւնն այս յետընթացի ամենավառ օրինակն է: 2019 թւականին Փաշինեան եւ նրա աջակիցները շրջափակեցին Երեւանի մի դատարանի շէնքը՝ խոչընդոտելով դատավարութեանը։ 2019 թվականի յունիսի 5-ին նա հանդէս եկաւ իր խայտառակ յայտարարութեամբ․ «Ինչի՞ էսօր Հայաստանում դատաւոր կայ, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»։
Փաշինեանը եւ նրա խորհրդարանական մեծամասնութիւնը Սահմանադրական դատարանի անդամներին, այդ թւում՝ նախագահին փոխարինեցին իշխանութիւններին հաւատարիմ դատաւորներով։ Նա բազմիցս հրամայել է ձերբակալել իր վարչակազմը քննադատող քաղաքական ընդդիմախօսներին։ Վերջին ամիսներին՝ յունիսի 7-ի ընտրութիւնների ընթացքում, հարիւրաւոր մարդիկ են կալանաւորւել։ Առաւել մտահոգիչ է, որ իշխանութիւնները բռնագրաւել են մի քանի հանրայայտ կալանաւորւածների կալւածքը՝ նախքան դատավարութիւնը կամ դատական կարգով նրանց մեղաւորութեան որոշումը: Արդիւնքում բազմաթիւ հայեր կորցրել են վստահութիւնը սեփական երկրի դատական համակարգի նկատմամբ։

Քանի որ Հայաստանը Եւրոպայի խորհրդի անդամ է եւ գտնւում է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրաւասութեան ներքոյ, այն հայերը, որոնց սահմանադրական իրաւունքները խախտւել են՝ իրաւունք ունեն արդարադատութիւն հայցելու այդ դատարանում ներպետական իրաւական պաշտպանութեան բոլոր միջոցները սպառելուց յետոյ։
Որոշ հայեր արդէն իսկ յաջողութեան են հասել այդ գործում: ՄԻԵԴ-ը փոխհատուցում է սահմանել դիմումատուների համար՝ արձանագրելով, որ Հայաստանի կառավարութիւնը խախտել է Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայով ամրագրւած իրաւունքները:
Հեգնական է, որ դեռ 2010 թւականին Փաշինեանն անձամբ էր դիմել ՄԻԵԴ, այն բանից յետոյ, երբ ինքն ու իր թերթը դատապարտւել էին հայկական դատարանի կողմից 2008 թւականի յետընտրական անկարգութիւնների կապակցութեամբ: 2018 թւականին վարչապետ դառնալուց յետոյ նա որոշեց չվերցնել ՄԻԵԴ ներկայացրած իր բողոքները: Սա աննախադէպ երեւոյթ է, երբ պետութեան գործող ղեկավարը դատի է տալիս սեփական երկրին միջազգային դատարանում:
Աւելին, որպէս վարչապետ՝ Փաշինեանը խոչընդոտեց Հայաստանի կառավարութեան փաստաբանին ՄԻԵԴ-ում պաշտպանելու երկրի դիրքորոշումը, այդպիսով նպաստելով իր օգտին դատավճռի կայացմանը 2022 թւականին: ՄԻԵԴ-ը նրա թերթի համար սահմանեց 9000 եւրօ տուգանք, գումարած հարկերը, որոնք պէտք է նրան վճարեր Հայաստանի կառավարութիւնը:
Վերջին ութ տարիների ընթացքում Փաշինեանը խախտել է Հայաստանի բազմաթիւ օրէնքներ, ինչպէս նաեւ Սահմանադրութեան բազմաթիւ յօդւածներ: Ահա վարչապետի թոյլ տւած խախտումների համառօտ ցանկը, որոնք պէտք է ուղարկւեն Մարդու իրաւունքների Եւրոպական դատարան.
1) Վարչապետը միջամտել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին` Կաթողիկոսին փոխարինելու նպատակով, չնայած Սահմանադրութեան պահանջին, ըստ որի՝ Եկեղեցին եւ պետութիւնը անջատ են:
2) 2020 թւականին նա համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որով Արցախի զգալի մասը փոխանցւել է Ադրբեջանին՝ չնայած նման լիազօրութիւններ չունենալուն։ Որպէս Հայաստանի վարչապետ՝ նրա իրաւասութիւնները սահմանափակւում են միայն Հայաստանի Հանրապետութեանը վերաբերող որոշ հարցերով։ Հետեւաբար, նրա ստորագրած 2020 թւականի համաձայնագիրն ապօրինի փաստաթուղթ է եւ պէտք է համարւի անվաւէր։
3) Հետագայում, առանց որեւէ իրաւասութեան, նա ճանաչեց ամբողջ Արցախի Հանրապետութիւնը որպէս Ադրբեջանի մաս՝ չնայած իր նախկին յայտարարութեանը, թէ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։
4) 2026 թւականի յունիսի 7-ի ընտրութիւնների ընթացքում նա խախտեց Հայաստանի օրէնսդրութեան բազմաթիւ դրոյթներ։ Սակայն, Կենտրոնական ընտրական յանձնաժողովում եւ Սահմանադրական դատարանում նրա նշանակած անձինք անփոփոխ թողեցին ընտրութիւնների արդիւնքները։
5) Յուլիսին խորհրդարանն ընդունեց անօրինական մի օրէնք, որն արգելում է Հայաստանի քաղաքացիներին մասնակցել քւէարկութեանը, եթէ նրանք նախորդ երկու տարիների ընթացքում առնւազն մէկ տարի չեն բնակւել Հայաստանում: Այս օրէնքը խախտում է Հայաստանի Սահմանադրութիւնը, որը քւէարկելու իրաւունք է վերապահում բոլոր քաղաքացիներին՝ անկախ Հայաստանում բնակութեան տեւողութիւնից: Սոյն օրէնքը տարբեր պատճառներով արտերկրում բնակւող հարիւր հազարաւոր ՀՀ քաղաքացիների զրկում է ընտրական իրաւունքից: Սահմանադրութեան 8-րդ, 48-րդ եւ 80-րդ յօդւածները պաշտպանում են բոլոր չափահաս քաղաքացիների ընտրելու իրաւունքը՝ առանց բնակութեան պահանջ սահմանելու: Աւելին, 80-րդ յօդւածը յատուկ ամրագրում է. «Հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների վերաբերեալ սոյն գլխում ամրագրւած դրոյթների էութիւնն անխախտելի է»:
Կարեւոր է նշել, որ Մարդու իրաւունքների Եւրոպական դատարան գանգատներ կարող են ներկայացնել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ նրա սահմաններից դուրս բնակւող անհատներն ու կազմակերպութիւնները: Դիմումատուները պարտադիր չէ, որ լինեն Հայաստանի քաղաքացի կամ ազգութեամբ հայ. էականն այն է, որ նրանք կարողանան ապացուցել, որ տուժել են արձանագրւած խախտումից:
Մարդու իրաւունքների Եւրոպական դատարան պէտք է ներկայացւեն հարիւրաւոր, եթէ ոչ հազարաւոր գործեր։ Քանի որ նման դատական հայցերը կարող են թանկ արժենալ, անհրաժեշտ է ստեղծել իրաւական պաշտպանութեան հիմնադրամ՝ փաստաբանական վճարները եւ դրանց հետ կապւած ծախսերը հոգալու համար։ Հարուստ հայերը պէտք է առատաձեռնօրէն նւիրատւութիւններ կատարեն այդ հիմնադրամին։
Եթէ Հայաստանում անհնար է հասնել արդարադատութեան, ապա այն պէտք է փնտրել այնտեղ, որտեղ գործում է օրէնքի գերակայութիւնը։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



