Թրամփը վստահեցրել է, որ նոյնիսկ չի մտածում 2028 թւականի ընտրութիւններին մասնակցելու հնարաւորութեան մասին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ նոյնիսկ չի քննարկում ԱՄՆ նախագահական ընտրութիւններում կրկին առաջադրւելու հնարաւորութիւնը եւ հրաժարւել է նշել, թէ ում է համարում իր հաւանական իրաւայաջորդը, հաղորդում է News.am-ը:
«Դէ, ես նոյնիսկ չեմ մտածում այդ մասին։ [Բայց] կասեմ ձեզ, որ շատերն են ցանկանում, որ ես [կրկին] առաջադրւեմ»,-յայտարարել է հանրապետական Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թէ արդեօք մտադիր է երրորդ անգամ փորձել պետութեան ղեկավարի պաշտօնի ընտրւել՝ չնայած ԱՄՆ Սահմանադրութեան 22-րդ փոփոխութեանը։ «Սակայն տարբերութիւնը մեր եւ դեմոկրատների միջեւ այն է, որ մեր նստարանին ուժեղ թեկնածուներ կան։ Չեմ ուզում անուններ տալ, քանի որ դա տեղին չէ։ Դեռ շատ վաղ է», – ասել է Թրամփը CBS News հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում, որը հեռարձակւել է նոյեմբերի 2-ին։ Այն նկարահանւել էր հոկտեմբերի 31-ին։
«Իսկապէս հաւանում եմ [ԱՄՆ փոխնախագահ] Ջէյ Դի Վենսին։ Հաւանում եմ [ԱՄՆ պետքարտուղար] Մարկօ Ռուբիոյին։ Շատերին եմ հաւանում։ Մենք անհաւանական թեկնածուներ ունենք», – յաւելել է Թրամփը, երբ նրան խնդրել են մանրամասնել, թէ ում է տեսնում իր հնարաւոր իրաւայաջորդի դերում։
ԱՄՆ Սահմանադրութեան 22-րդ փոփոխութիւնը սահմանափակում է նախագահի պաշտօնավարումը երկու ժամկէտով եւ այն ընդունւել է 1951 թւականին։ Այնուամենայնիւ, Թրամփը բազմիցս թոյլ է տւել երրորդ անգամ երկրի ղեկավար ընտրւելու հնարաւորութիւնը։ Բացի այդ, նման հեռանկարների մասին օրերս յայտարարել էր նախագահի նախկին գլխաւոր քաղաքական ստրատեգ Սթիւ Բենոնը։



