ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի եւ դրանից բխող պայմանագրի վերաբերեալ
Հետեւելով Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանական Հանրապետութեան միջեւ ընթացող բանակցային գործընթացին, ուսումնասիրելով երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւնները, արձանագրում ենք.
– քննարկւող փաստաթղթի համաձայնեցման գործընթացում Ադրբեջանը ձգտում է դէ իւրէ ամրագրել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ ցեղասպանական գործողութիւններով իրականացւած էթնիկ զտման միջոցով Արցախի բռնակեցման եւ ՀՀ որոշ տարածքների բռնազաւթման մասով՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարաւորութիւնը.
– ըստ էութեան այսպիսի փաստաթղթով Ադրբեջանը փորձում է փակել Արցախի հարցը: Աւելին, մեծանում են սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, Հայաստանի Հանրապետութիւնը չի ստանում յաւելեալ որեւէ երաշխիք՝ իր անվտանգութիւնը, տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը ապահովելու համար, ինչպէս նաեւ չեն ստեղծւում գործուն մեխանիզմներ, որոնցով հնարաւոր կը լինի կանխել Ադրբեջանի կողմից հետագայ թշնամական գործողութիւնները՝ ներառեալ ռազմական ագրեսիան:
Ստեղծւած պայմաններում, հաշւի առնելով առկայ իրողութիւնները, ազգային-պետական շահերի պաշտպանութեան հիման վրայ յարաբերութիւնների կարգաւորումը պէտք է ընթանայ առնւազն հետեւեալ սկզբունքների համաձայն.
1. վստահութեան մթնոլորտի ձեւաւորման նպատակով որպէս նախապայմաններ դիտարկել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զօրքերի դուրսբերումը, ինչպէս նաեւ բոլոր ռազմագերիների ու պահւող անձանց վերադարձը, առկայ հումանիտար բնոյթի խնդիրների լուծումը եւ մշակութային ժառանգութեան պահպանումը.
2. տեւական խաղաղութիւն հաստատելու համար անհրաժեշտ է, որպէսզի տւեալ պայմանագիրը լինի յարաբերութիւնների կարգաւորման ամբողջական փաստաթուղթ, յարգի կողմերի օրինական շահերը եւ ընդգրկի լուծումներ համաձայնեցման ենթակայ հարցերի ողջ փաթեթով.
3. որեւէ համաձայնութիւն չպէտք է վտանգի հայ ժողովրդի անժամանցելի եւ անօտարելի իրաւունքները։ Պէտք է բացառւեն կենսական զիջումները եւ կորուստները՝ յստակ ամրագրելով մեր շահերը գործող ՀՀ սահմանադրաիրաւական եւ միջազգային նորմերին ու դիւանագիտական պրակտիկային համահունչ.
4․ սահմանազատման եւ սահմանագծման հիմք պէտք է հանդիսանան Ադրբեջանական Հանրապետութեան ԱՊՀ անդամակցման պահին (սեպտեմբեր 24, 1993) գործող փաստացի սահմանները։ Երկու երկրների միջեւ սահմանազատումը եւ սահմանագծումը պէտք է համապատասխանի միջազգային լաւագոյն պրակտիկային ու նորմերին եւ պէտք է բխի «ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին Վիեննայի կոնւենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) եւ ԵԱՀԿ քարտուղարութեան «Պետական սահմանների սահմանազատում եւ սահմանագծում, հրատապ հարցեր եւ լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թւում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերւած ցանկացած միջազգային համաձայնութիւն.
5․ տրանսպորտային եւ հաղորդակցութեան այլ ուղիների ամբողջական եւ միաժամանակեայ ապաշրջափակում, առանց ինքնիշխանութեան որեւէ սահմանափակման.
6. մինչեւ Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգաւորումը եւ Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների լիակատար իրացումը ապահովել արցախահայերի հաւաքական, անխոչընդոտ եւ անվտանգ վերադարձը հայրենիք՝ հիմնւած էթնիկ զտման հետեւանքով բռնաճշնումների ենթարկւած եւ բռնի տեղահանւած անձանց իրաւունքների լիարժէք յարգման վրայ:
Վերադարձի նախապայման պէտք է դիտարկել.
– Արցախին միջանկեալ կարգավիճակի տրամադրումը՝ ապահովելով ողջ ծաւալով արցախահայերի միջազգային նորմերով երաշխաւորւած քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքները,
– Արցախի ժողովրդի անվտանգութեան գործուն երաշխիքների ապահովումը, ներառեալ՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը,
– Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապի ապահովումը։
Առանց այս սկզբունքների պահպանման ստորագրւած որեւէ փաստաթուղթ չի նպաստելու տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը, այլ վաւերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադէպը։
05 փետրւարի, 2024 թ.