Գիտնականներն ստեղծել են մոդիֆիկացւած ինսուլին, որը կանխում է արեան մէջ շաքարի կտրուկ անկումը
Մոդիֆիկացւած ինսուլինը, որը կարող է կանխել արեան մէջ շաքարի կտրուկ անկումը, ցուցադրւել է լաբորատոր փորձերում եւ կենդանի մոդելների վրայ,- տեղեկացւել է Nature ամսագրում հրապարակւած յօդւածում։
Դա կարող է ապահովել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց ինսուլին ներարկելու եւ արեան մէջ գլիւկոզայի կտրուկ նւազման աւելի ճկուն միջոց։ Շաքարային դիաբետ ունեցող որոշ մարդկանց անհրաժեշտ են ինսուլինի լրացուցիչ ներարկումներ արեան մէջ գլիւկոզայի մակարդակը վերահսկելու համար։ Գլիւկոզայի տատանումները դժւար է կանխատեսել, ինչը դժւարացնում է ինսուլինի յարմար չափաբաժնի ընտրութիւնը։ Անգամ մի փոքր բարձրացւած չափաբաժինը կարող է յանգեցնել հիպոգլիկեմիայի (արեան մէջ գլիւկոզայի չափից աւելի նւազման), ինչը կարող է վտանգաւոր լինել կեանքի համար։ Յետազօտող Ռիտա Սլաաբին եւ նրա գործընկերները ներկայացրել են ինսուլինի մոդիֆիկացւած ձեւը, որի ակտիւութիւնը չափւում է արեան մէջ գլիւկոզայի մակարդակից կախւած։
Մոլեկուլը, որն ստացել է NNC2215 անւանումը, ունի անջատիչ, որը կարող է բացւել եւ փակւել ի պատասխան գլիւկոզայի մակարդակի։
Գլիւկոզայի բարձր խտութեան ժամանակ անջատիչը բացւում է, եւ ինսուլինը ակտիւանում է՝ հեռացնելով գլիւկոզան արեան միջից։ Երբ գլիւկոզայի մակարդակը նւազում է, անջատիչը անցնում է փակ վիճակի, ինչը կանխում է գլիւկոզայի իւրացումը։ Լաբորատոր փորձերը ցոյց են տւել, որ գլիւկոզայի խտութեան աւելացման դէպքում 3-20 մմոլ/լիտրի (մօտաւորապէս տատանումների դիապազոնի սահմաններում, որոնց բախւում են շաքարային դիաբետ ունեցող մարդիկ) NNC2215 ինսուլինային ռեցեպտորի «ազգակցութիւնն» աւելանում է 3,2 անգամ, ինչը հաստատում է արեան մէջ գլիւկոզայի մակարդակի փոփոխութեանն արձագանգելու նրա ունակութիւնը։ Առնետների եւ խոզերի դիաբետի մոդելներում NNC2215-ը ցուցադրել է նոյն արդիւնաւէտութիւնը արեան մէջ գլիւկոզայի մակարդակի իջեցման հարցում, ինչ եւ մարդու ինսուլինը։
Ապացուցւել է, որ գլիւկոզայի հանդէպ բարձր զգայուն լինելը այդ կենդանիների համար ապահովում է պաշտպանութիւն հիպոգլիկեմիայից։ Այդ մոդիֆիկացւած ինսուլինը խոստանում է կանխել գլիւկոզայի մակարդակի կտրուկ անկումը, որը կարող է լրջօրէն ազդել դիաբետ ունեցող մարդկանց վրայ, յատկապէս քնած ժամանակ։ Դա կարող է նպաստել ինչպէս երկարաժամկէտ, այնպէս էլ կարճաժամկէտ բարդութիւնների դէպքում, նշել են հետազօտութեան հեղինակները։
News.am