Ծանր ծածկոցները բարելաւում են քունը դեպրեսիայի դէպքում
Ֆլինդերսի համալսարաի գիտնականները պարզել են, որ ծանր ծածկոցներն օգնում են բարելաւել մեծահասակների քունը անքնութեան եւ հոգեկան այլ խանգարումների դէպքում, ներառեալ տագնապն ու դեպրեսիան։ Հետազօտութիւնը հրապարակւել է American Journal of Occupational Therapy-ում։
Այսպիսի եզրակացութեան են եկել գիտնականներն աւելի վաղ հրապարակւած 18 գիտական աշխատանքների ուսումնասիրման արդիւնքում, որոնցում դիտարկւել է ծանր ծածկոցների ազդեցութիւնը քնի որակի վրայ տագնապի եւ դեպրեսիոն խանգարումներ ունեցող մեծահասակների եւ ուշադրութեան պակասի եւ հիպերակտիւութեան համախտանիշ ունեցող երեխաների մօտ։
Այդ ծածկոցներն օգտագործած մասնակիցները տեղեկացրել են աւելի որակեալ քնի, քնաբերների օգտագործումը նւազեցնելու, ինչպէս նաեւ տրամադրութեան բարելաւման եւ ցաւի զգացողութիւնների պակասի մասին։
Չնայած արդիւնքները մեծահասակների համար համոզիչ էին թւում, ծանր ծածկոցների արդիւնաւէտութիւնը երեխաների մօտ այնքան էլ որոշակի չեն եղել։ Ծնողներից ոմանք տեղեկացրել են իրենց երեխաների վարքի դրական փոփոխութիւնների մասին, ներառեալ կենտրոնացածութիւնը ամենօրեայ զբաղմունքների ժամանակ։
Գիտնականներն ընդգծել են, որ հոգեկան եւ նեարդային զարգացման խանգարումներ ունեցող երեխաների եւ մեծահասակների համար կարեւոր է, որպէսզի ծանր ծածկոցները հեշտ հանւեն ինքնուրոյն։ Հետազօտողների խօսքով՝ յուզական ֆոնի կարգաւորման այս միջոցը կարելի է օգտագործել ի յաւելումն թերապիայի աւանդական միջոցների։ Սակայն յստակ կլինիկական ուղեցոյցը ծանր ծածկոցների օգտագործման վերաբերեալ դեռ պէտք է մշակւի։
News.am