Այլ

Ձկան իւղն օգտակար է Ալցհէյմերի հիւանդութեան բարձր ռիսկի խմբում գտնւող մարդկանց ուղեղին

Ձկան իւղը կարող է օգտակար լինել Ալցհէյմերի հիւանդութեան գենետիկական բարձր ռիսկ ունեցող տարեցների համար: Դա ցոյց է տւել JAMA Network Open ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը։

Գիտնականները վերլուծել են 75 տարեկանից բարձր 102 հիւանդի տւեալները։ Նրանք արեան մէջ ունէին օմեգա-3 ճարպաթթուների ցածր մակարդակ, որով հարուստ են ձկան իւղերը: Նրանց ուղեղի МРТ են արել նախ հետազօտութեան սկզբում, ապա եւս մէկ անգամ՝ երեք տարի անց: Մասնակիցներն ունէին սպիտակ նիւթի վնասւածքների համեմատաբար բարձր մակարդակ, սակայն մնացած առումներով առողջ էին եւ չէին տառապում դեմենցիայից:

Երեք տարի շարունակ հիւանդները կամ ձկան իւղի յաւելումներ են ընդունել, կամ պլացեբօ: Հետազօտութեան վերջում խմբերի միջեւ էական տարբերութիւն չկար: Սա նշանակում է, որ ձկան իւղը չի պաշտպանում ուղեղի սպիտակ նիւթը։

Սակայն կար բացառութիւն՝ APOE4 գէնոմով հիւանդներ։ Դրանց թւում սպիտակ նիւթի վնասման աստիճանը զգալիօրէն ցածր է եղել ձկան իւղի յաւելումների դէպքում: Սպիտակ նիւթի վնասւածքները կարող են խաթարել ուղեղի բջիջների սնուցումը եւ մեծացնել դեմենցիայի վտանգը:

«Չեմ կարծում, որ դա վնասակար կը լինի, բայց չէի ասի, որ ձկան իւղի ընդունումը կը կանխի դեմենցիան։ Այնուամենայնիւ, այն փաստը, որ Ալցհէյմերի հիւանդութեան վտանգի տակ գտնւող մարդկանց մօտ ուղեղի վնասն աւելի փոքր է եղել, նշանակալի է: Դա ապագայում պահանջում է աւելի մեծ կլինիկական փորձարկում աւելի բազմազան բնակչութեան մէջ»,- նշել է հեղինակներից մէկը:

News.am

Related Articles

Back to top button