Տարածաշրջանը՝ նոր պատերազմի շեմին
Հնդկաստանը յայտարարել է, որ Պակիստանում 9 թիրախի է հարւածել / Պակիստանը պատասխան հարւածներ է հասցրել

«ԱԼԻՔ» – Հնդկաստանի զինւած ուժերը յայտարարել են, որ «Սինդուր» գործողութեան շրջանակում հարւածներ են հասցրել Պակիստանում տեղակայւած 9 թիրախների:
«Որոշ ժամանակ առաջ Հնդկաստանի զինւած ուժերը սկսել են «Սինդուր» գործողութիւնը, որը թիրախաւորել է Պակիստանում եւ Պակիստանի կողմից օկուպացւած Ջամմու եւ Քաշմիր շրջանում տեղակայւած ահաբեկչական ենթակառուցւածքները, որտեղից ահաբեկչական յարձակումներ են ծրագրւել եւ իրականացւել Հնդկաստանի դէմ: Ընդհանուր առմամբ թիրախաւորւել է 9 օբիեկտ»,- Հնդկաստանի զինւած ուժերի հրապարակած յայտարարութիւնը մէջբերել են միջազգային ԶԼՄ-ները:
Ըստ յայտարարութեան՝ հնդկական զինւորականների գործողութիւնները «նպատակային, կշռադատւած եւ լարւածութիւնը չսրող» են եղել, եւ պակիստանեան որեւէ ռազմական օբիեկտ յարձակման չի ենթարկւել։
Հնդկաստանի ԶՈՒ-ը հաւաստիացրել է, որ «Զգալի զսպւածութիւն է ցուցաբերել նպատակների եւ դրանց հասնելու եղանակների ընտրութեան հարցում»:
Միեւնոյն ժամանկ, Պակիստանը յայտարարել է, որ ի պատասխան Հնդկաստանի գործողութիւնների խոցել է մի քանի թիրախներ Հնդկաստանի վերահսկողութեան տակ գտնւող Ջամմու եւ Քաշմիր շրջանում:
Պակսիատնի ԶՈՒ խօսնակ, գեներալ Ահմեդ Շարիֆ Չաուդրին CNN-ին տւած հարցազրոյցում պնդել է, որ Պակիստանի ԶՈՒ-ը հնդկական ռազմաօդային ուժերի երկու կործանիչ են «կործանել»՝ հնդկական հրթիռային յարձակումներից յետոյ։
Յատկանշական է, որ երկու երկրները միմեանց մեղադրում են քաղաքացիակն օբիեկտները թիրախաւորելու մէջ:
Մասնաւորապէս, Պակիստանի տեղեկատւութեան նախարար Աթթաօլլահ Տարրարը յայտարարել է, որ Հնդկաստանի վերջին յարձակումները թիրախաւորել են ոչ թէ ահաբեկիչների ճամբարները, այլ Պակիստանի եւ Պակիստանի կողմից վերահսկւող Քաշմիրի խաղաղ բնակիչները: Պակիստանի հրապարակած վերջին պաշտօնական տւեալներով՝ զոհւել է 26 խաղաղ բնակիչ, վիրաւորւել՝ 46-ը:
«Դրանք քաղաքացիական տարածքներ են»,- ասել է նա Sky News-ին տւած հարցազրոյցում՝ յաւելելով. «Այնտեղ ահաբեկչական ճամբարներ չկան։ Վաղը լրագրողների հետ գնալու ենք այդ տարածքներ»։
Հնդկաստանի ԶՈՒ-ն էլ իր հերթին յայտնել է, որ երեք մարդ է զոհւել այն բանից յետոյ, երբ Պակիստանը յարձակւել է Հնդկաստանի կողմից վերահսկւող Քաշմիրի տարածքների վրայ:
AFP-ն եւ Reuters-ը յայտնում են, որ ըստ Հնդկաստանի ԶՈՒ-ի՝ զոհերը եղել են խաղաղ բնակիչներ:
Յիշեցնենք, որ երկու երկրների միջեւ նոր հակամարտութեան նոր փուլն սկսւել է այն բանից յետոյ, երբ Հնդկաստանի վերահսկողութեան տակ գտնւող Քաշմիրի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբկչական գործողութեան արդիւնքում զոհւել են տասնեակ խաղաղ բնակիչները:
Հնդկաստանն այդ յարձակման մէջ մեղադրում է ծայրայեղական ահաբեկչական խմբաւորումներին, որոնք ըստ Նիւ Դելիի՝ հովանաւորւում եւ ուղղորդւում են Պակիստանի կողմից: