ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. «Բանակցութիւնների արդիւնքը յայտնի կը դառնայ, երբ ապահովւեն Իրանի ժողովրդի իրաւունքները»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին նախազգուշացրել է երեք եւրոպական երկրներին՝ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային չգործարկել պատասխան միջոցների մեխանիզմը՝ զգուշացնելով Իրանի կոշտ պատասխանի մասին:

Այս մասին յայտնել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզային՝ նշելով, որ  Արաղչին այս յայտարարութիւններն արել է երէկ՝ մայիսի 25-ին, խորհրդարանական յանձնաժողովի հետ հանդիպմանը։

Ըստ պատգամաւորի՝ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը  յանձնաժողովի անդամներին ներկայացրել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնների վերաբերեալ համապարփակ զեկոյց եւ պարզաբանումներ է տւել Հռոմում կայացած բանակցութիւնների վերջին՝ 5-րդ փուլի վերաբերեալ:

Ռեզային նշել է, որ Արաղչին նաեւ անդրադարձել է Իրանի միջուկային օբիեկտների վրայ Իսրայէլի հնարաւոր յարձակմանը՝ յայտարարելով, որ տարածաշրջանում պատերազմի դէպքում կը տուժեն բոլոր երկրները եւ կը տուժի ամբողջ տարածաշրջանը։

«Իրանը չի տրւի ճնշումներին ու սպառնալիքներին: Բանակցութիւններում մեր քաղաքականութիւնը հաստատուն է ու յստակ»,- պատգամաւորների հետ հանդիպմանը նշել է Արաղչին։

Յաւելենք, որ աւելի ուշ, Արաղչին լրագրողների հետ ճեպազրոյցում անդրադառնալով բանակցութիւնների ընթացքին՝ նշել է. «Մենք չենք վարանի եւ կանենք հնարաւորը, որպէսզի ժամ առաջ չեղարկւեն պատժամիջոցները, բայց ոչ Իրանի ժողովրդի իրաւունքները զիջելու հաշւին: Մենք բանակցում ենք համբերատարութեամբ ու հանդարտութեամբ, եւ զիջումների չենք գնայ ժողովրդի իրաւունքների, այդ թւում՝ ուրանի հարստացման հարցում»:

«Բանակցութիւնների արդիւնքը յայտնի կը դառնայ, երբ ապահովւեն Իրանի ժողովրդի իրաւունքները»,- յստակեցրել է նա:

Related Articles

Back to top button