Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մաղաքիա քահանայ Օհանեան. «Դրսում թշնամու առաջ խոնարհւում են, ձեռք սեղմում, իսկ մեր հայրենիքում եկեղեցու վրայ մատ են թափ տալիս»

Հայոց Եկեղեցին ժայռ է, ով փորձի նրան հարւածել` փշրւելու է

«ԱԼԻՔ» – Քրիստոնեայ Հայաստանում իշխանութեան եկած նէոբոլշեւիկներն ու գլոբալիստները համառօրէն շարունակում են իրենց պայքարը մեր Սուրբ Եկեղեցու դէմ։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Վոլգոգրադի հայութեան հոգեւոր հովիւ Տէր Մաղաքիա քահանայ Օհանեանը։

«Դրսում թշնամու առաջ խոնարհւում եւ ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրայ մատ են թափ տալիս։

Այն եկեղեցիները եւ սրբավայրերը, որոնք այսօր պետութեան հաշւեկշռի վրայ են, դրանք վարչապետի ասած «չուլան», հէնց ինքն ու իր կառավարութիւնն են դարձրել, ինչպէս բոլշեւիկեան անաստւածութեան տարիներին պահեստների էին վերածւել։ Ինչպէ՞ս կարելի է նման գռեհիկ ձեւով արտայայտւել եւ վիրաւորել մի ողջ ժողովրդի կրօնական զգացումներ։ Չէ՞ որ այդ Սուրբ վանքերն ու եկեղեցիները թշնամիներից պահպանելու համար մեր ժողովրդի շատ զաւակներ իրենց կեանք են տւել։

Օրւայ իշխանութիւնների պարտաւորութիւնն է վերականգնել եւ բարեզարդել կիսաւեր վանքերն ու սրբավայրերը։ Փոխանակ ամաչելու` հպարտօրէն բարձրաձայնում են։ Իսկ այն եկեղեցիները եւ վանքերը, որոնք եկեղեցուն են պատկանում ` ամէն մէկն իր գեղեցկութեամբ մի դրախտավայր է։

«Ստախօս շուրթերը պիղծ են Տիրոջ առաջ։ Ստի հայրը` սատանան է», – ասում է Սուրբ Գիրքը։

Մինչեւ կոկորդները մեղքերի մէջ թաղւած, հիմա էլ մեղաւորներ են փնտրում հոգեւորականների մէջ։

Վա՜յ, այն երկրին ու ժողովրդին, ում առաջնորդը փոքրհոգի է։

«Չար ծնունդն իր աչքին արդար է երեւում։ Անզգամութիւն ցանողը չարիք է հնձելու»։ (Աստւածաշունչ)

Հայոց Եկեղեցին ժայռ է, ով փորձի նրան հարւածել` փշրւելու է։

Աստւած պահապան մեր Հայրենիքին, Եկեղեցուն եւ ազգին»,- գրել է նա։

Related Articles

Back to top button