Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստան» դաշինք. «Իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման վարքագիծը»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ խստօրէն դատապարտելով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների զազրախօսութիւնները:

«Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա եպիսկոպոսական դասին թիրախաւորելով՝ իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման, հայ ժողովրդի ինքնութեան հիմքերի խաթարման եւ երկրում հոգեւոր-բարոյական ճգնաժամը խորացնող վարքագիծը։

Հայ ժողովրդի կեանքում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունեցել է եւ ունի բացառիկ առաքելութիւն, ինչն ամրագրւած է Սահմանադրութեամբ։

Մենք դատապարտում ենք գործող վարչախմբի եւ նրա պարագլխի՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա Հայրապետին եւ եպիսկոպոսաց դասին թիրախաւորող արգահատելի հռետորաբանութիւնն ու վարքը, այն գնահատում ենք ողջ հայ ժողովրդի արժանապատւութիւնը նսեմացնող, նրա միասնականութիւնն ու արժէքային համակարգը քայքայող գործողութիւն։

Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականութիւնն ու վճռականութիւնն առաւել քան անհրաժեշտութիւն են։

Հաւատաւոր հայ ժողովրդի նւիրական միակամութեամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին՝ յանուն Հայոց պետականութեան ամրապնդման, յանուն մեր հաւաքական իրաւունքների եւ շահերի պաշտպանութեան»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button