ԹեհրանՀամայնքՀայաստան - ԱրցախՔաղաքական

Կայացաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնած՝ «Հայաստանն այսօր. Արտաքին եւ ներքին մարտահրաւէրները՝ տարածաշրջանային իրադարձութիւնների ֆոնին» Թոք Շոուն

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երկուշաբթի՝ յունիսի 1-ին, Իրանի հայ Արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում  տեղի ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւած «Հայաստանն այսօր» խորագրով «Թոք-շոու»-ն:

«Հայաստանն այսօր. Արտաքին եւ ներքին մարտահրաւէրները՝ տարածաշրջանային իրադարձութիւնների ֆոնին» բազմանկիւն թեմայի շուրջ զրոյցին մասնակցեցին պատմական գիտութիւննրի դոկտ. Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր Կարէն Խանլարեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Իսակ Իւնանէսեանը, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի հետազօտական խմբի ղեկավար Լուսինէ Սարգսեանը, բարձր տեխնոլոգիաների մասնագէտ դոկտ. Արթուր Յովսէփեանը:

Թոք շոուն վարում էր Սարինէ Թորոսեանը, ով յիշեցնելով Մերձաւոր Արեւելքի առկայ զարգացումներով պայմանաւորւած տարածաշրջանի ներկայ իրավիճակը, կարեւորեց Հայաստանի դէմ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների վերլուծումը՝  համապատասխան գնահատականներ տալու համար:

Սարինէ Թորոսեանի բարձրացրած՝ «Սիրիայի զարգացումներով պայմանաւորւած տարածաշրջանի ներկայ հաւասարումների» մասին հարցին պատասխանելով Արամ Շահնազարեանը նշեց. «Մերձաւոր Արեւելքում ցանկացած փոփոխութիւն, որը նպաստում է Թուրքիայի դերի բարձրացմանը, անմիջականօրէն ազդելու է Հայաստանի անվտանգութեան վրայ»:

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիրը յաւելեց նաեւ, որ Իրանը փաստացի կորցրել է Սիրիան, որը համրւում էր Թեհրանի ռազմավարական խորքը Մերձաւոր Արեւելքում: «Սիրիան կարեւոր էր, յատկապէս, որպէս «Դիմադրութեան շարժման» արդիւնաւէտ հենակէտ, ինչի կորստով Իրանը զրկւեց իր պրոկսիների հետ անխափան կապի հնարաւորութիւնից»:

Արամ Շահնազարեանն անդրադառնալով միւս կարեւոր դերակատար երկրին՝ Թուրքիային, յիշեցրեց «արաբական գարուն» երեւոյթի հետ փոխկապակցւած էխւանական ծայրայեղական շարժման մասին, որն անմիջականօրէն կապւած էր Թուրքիայի հետ, ինչով կարծես մեկնարկւում էր դէպի տարածաշրջանի այսօրը նախագծող ծրագիրը: Իրավիճակի գնահատման բաժնում Արամ Շահնազարեանը կարեւորեց մեծ խաղացողների մօտեցումները, այդ թւում ԱՄՆ-ի, որի կողմից վերջերս բարձրաձայնւում է՝ «Սիրիայում քաղաքական կայունութիւն չի յիշեցնում այս երկրի ներկայ իրավիճակն ու գործելաոճը»  նոր զարգացումներ ենթադրող կարծիքը:

Սարինէ Թորոսեանը այս հարցը (Իրանի «պրոկսիների» թուլացման փաստը) ինչպէս է ազդելու Հայսաստանի վրայ, հարցով դիմեց  դոկտ. Կարէն Խանլարեանին:

Դոկտ. Խանլարեանը կիսելով՝ «պրոկսիների թուլացումը հաստատ ազդելու է Հայաստանի ներկայ եւ ապագայ անվտանգութեան վրայ» կարծիքը, նշեց, որ Մերձաւոր Արեւելքում երեք գլաւոր իսլամական երկրներ են մրցակցութեան մէջ. Թուրքիան, Սաուդեան Արաբիան եւ Իրանը: «Սակայն պէտք է նշել, որ իսլամական աշխարհը երբեւէ միատարր չի եղել, եւ թւարկւած երկրներից ամէն մէկն ունի իր ազդեցութեան գօտին: Իսկ կարեւոր փաստն այն է, որ Հայաստանի եւ առհասարակ Կովկասի հարցում Թուրքիայի ուշադրութիւնը նւազում է, երբ նրա պրոկսիներն են թուլանում Մերձաւոր Արեւելքում: Այդ առումով «Դիմադրութեան շարժման» հզօրացումը կարող է ուղիղ դեր ունենալ Հայաստանի անվտանգութեան ամրապնդման գործում»:

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ դոկտ. Իսակ Իւնանէսեանը կարեւորելով փաստը, որ Կովկասում դերակատարութիւն ունեցող ուժերը  Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան են, այդ երկրների միջեւ հաւասարումները փոխկապակցւած է տեսնում տարածաշրջանի երկրների հետ նրանց յարաբերութիւններով: « Առկայ է Մոսկւա-Բաքու լարւած վիճակ պայմանաւորւած ադրբեջանական (խոցւած) օդանաւի դէպքով,  կամ Անկարա-Թեհրան լարւած վիճակը մի քանի ուղղութեամբ, այդ թւում Սիրիայի եւ Կովկասի: Սրանք այն գործօններն են, որոնք անմիջականօրէն ազդում են Հայաստան-Իրան մերձեցման եւ առհասարակ Կովկասի անվտանգութեան վրայ»:

Իսակ Իւնանէսեանը նշեց նաեւ, որ հաւատացած է՝ եթէ Հայաստանում ունենայինք ազգային մօտեցումներով ձեւաւորւած իշխանութիւն, ապա կարելի էր իրավիճակով պայմանաւորւած հայաստանանպաստ «բերքահաւաք» անել:

«ի՞նչ հետեւանքներ է ունենալու Բաքու-Երեւան մերձեցումը Հայաստանի համար հարցս ուղղում եմ Արամին, իսկ յաջորդ հարցը՝ ի՞նչպէս կանդրադառնայ այն Հայաստանի հասարակութեան կարծիքի վրայ հարցս՝ Լուսինէին եմ ուղղում» առաջ անցնելով հարցրեց թաք շոուն վարող Սարինէն:

Շահնազարեանը նշեց, որ Երեւան-Բաքու շփումները հիմնականում մեկնաբանւում են խաղաղութեան գործընթացով: «Իսկ եթէ դէմ  խօսես այդ մասին մեղադրում են պատերազմ հրահերելու մէջ»:

Արամ Շահնազարեանի կարծիքով բնականոն բանակցային գործընթացը ենթադրում է փոխզիջումների հիման վրայ փոխադարձ յարգանք՝ միմեանց շահերի նկատմամբ: «Ինչը բացառւած է կարծես Հայաստանի գործող իշխանութեան դէպքում: Այսօր Բաքւի ուժերը գտնւում են Հայաստանի ինքնիշխան տարածքներում եւ չկայ որեւէ պահանջ նրանց դուրս բերման մասով՝ խաղաղութեան գործընթացն սկսելու համար: Միւս կողմից տրամաբանական չէ այն սահմանազատման գործընթացով   պայմանաւորելը: Աշխարհում կան բազմաթիւ օրինակներ: Վերցնենք Իրանի եւ Իրաքի օրինակը: Սահմանազատման գործընթացն սկսել էին դեռ մինչեւ Իսլ. յեղափոխութիւնը: Այն շարունակւեց նաեւ պատերազմից յետոյ: Շարունակւում է նաեւ այսօր: Շուրջ կէս դար տեւած ու դեռ չաւարտւած բազմաթիւ օրինակներ կարելի է նշել: Բաքուն սահմանազատումից բացի դրել է նաեւ Հանրապետութեան զինանշանը, կամ Սահմանադրութիւնը փոխելու պահանջ…Նպատակը մէկն է, քանի կայ Փաշինեանը,  առաջ մղել բոլոր այն ծրագրերը, որոնք կը տան հնարաւորութիւն իշխելու Սիւնիքը Հայաստանից կտրող շրջանների վրայ, որպէսզի Սիւնիքի կցումն իր տարածքին իրականացնել կարողանայ  առանց դժւարութիւնների»:

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի հետազօտական խմբի ղեկավար Լուսինէ Սարգսեանը նոյն հարցին պատասխանելով նշեց, որ հասարակութեան մօտ ձեւաւորւած կարծիքը չափելու տարբեր մեխանիզմներ կան: Իսկ չափումից յետոյ գրանցւած արդիւնքների մասին խօսելը, եթէ այսպէս ասած՝ակադեմիական հարթակների համար խօսելու չես, ապա պէտք է լինի հանրութեանը մատչելի ձեւերով:

Յիշեցնելով՝ «մի վախեցիր ընկերոջից, նա մէկ է քեզ դաւաճանելու է: Մի վախեցիր նաեւ թշնամուց, ինքը քեզ սպանելու համար է: Վախեցիր անտարբերութիւնից, քանի որ այն ե՛ւ դաւաճանութիւն կը բերի, ե՛ւ սպանութիւն» ասացւածքի մասին, «Սոցիոմետրի» փորձագէտը ցուցադրեց նախապէս պատրաստած նկարը, որում երեւացող ծառն իր արմատներով ներկայացնում էր Հայաստանն ու սփիւռք աշխարհով մէկ տարածւած արմատները: «Այս ծառը եթէ չունի գրագէտ ու սրտցաւ այգեպան, դատապարտւած է լինելու փտելու: Ինքն էլ, բերքն էլ լինելու են որդնած, ու այդպէս ծառից ընկնող բերքից որդնելու են նաեւ արմատներ: Այդ վիճակին է նման մեր իրականութիւնն այսօր: Ցաւօք իհարկէ:

Նա նշեց, որ այդպէս հարւածի տակ են մնացել մեր ինքնութեան բոլոր բաղադրիչները. Բանակը, մշակոյթը, եկեղեցին, լեզուն, եւ հայրենիք հասկացութիւնն՝ առհասարակ:

Լուսինէ Սարգսեանը ներկայացնելով սոցհարցումների արդիւնքներից ունեցած իր տպաւորութիւնը նշեց, որ իշխանութիւնները ջանք չեն խնայում ինքնութիւնը հայրենիք հասկացութիւնից տարանջատելու ուղղութեամբ աշխատելուց: «Մինչեւ բանակում պարտադիր ծառայութիւնից ազատւելու խնդիրը խորհրդարան տեղափոխելը, նրանք նոյն հարցը հանրային ենթագիտակցութեան մէջ ամրացնելու նպատակով, նպատակային սոցհարցումներ են իրականացրել տարբեր շրջանակներում: Այդ էր պատճառը, որ հասարակութեան մօտ տարակուսանք չնկատւեց, երբ այդքան կարեւոր հարցը օրէնսդիրի աշխատանքային օրակարգ էր տեղափոխւում»,-նշեց նա:

Արթուր Յովսէփեանը եւս ինքնութիւնը երաշխաւորող հիմնասիւներին անդրադառնալով երկրորդեց Լուսինէի նշած բաղադրիչները եւ նշեց, որ 30 տարի առաջ դոկտ. Կարէն Խանլարեանը նոյն թեման փորձում էր արմատաւորել գալիք սերնդի ուղեղում:

Արթուր Յոսէփեանն անդրադառնալով շարունակ բարձրաձայնւող տնտեսական աճին (Հայաստանում) նշեց, որ այն չի կարող երկար շարունակւել, քանի որ հիմնականում եղել է թանկարժէք քարերի ու ոսկու արտահանման պատճառով, ինչի վերարտահանման ցուցանիշներն այլեւս նախկինի պէս չեն:  «2010 թւականին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 800 մլն դոլար, ինչն այսօր՝ 2024 թւականի տւեադլներով, կազմում է աւելի քան 10 միլիարդ դոլար: Այսպիսով մինչեւ 2030 թւականը հազիւ թէ երկրում յաջողւի ունենալ 3 տոկոս տնտեսական աճ: Սա այն բեռն է, որով եկամուտների կրճատման կողքին կուտակւած պարտքը կայ, որը մնալու է ընտրութիւներից յետոյ յաղթող թեւի ուսերին»:

Նա ապա համեմատական կարգով ներկայացրեց Հայաստանի ու Ադրբեջանի բանակներին յատկացւող բիւջէի չափերին: Նրա խօսքով՝ Հայաստանն աւելի քան 8.5 անգամով զիջում է թշանմի հարեւանին, եւ սա այն դէպքում, երբ փորձում է այդ բիւջէի չափը նոյնիսկ բեռ ներկայացնել երկրի համար, փորձելով կրճատել պաշտպանութեան ոլորտի հետ կապւած բոլոր նախաձեռնութիւններն ու ծախսերը:

Արթուրի քննարկումներում շօշափւեցին նաեւ Հնդկաստանի եւ Չինսատանի ռազմատեխնիկական կարողութիւններն ու դրանց ազդեցութիւնը տարածաշրջանում հարցեր լուծելու առումով:

Ընթացքում լսարանին տրւեց ինտերակտիւ մասնակցութեան առիթ, որից յետոյ նիստը շարունակւեց ներհայաստանեան քաղաքական դաշտի զարգացումների քննարկումներով:

Թերեւս ամենակարեւոր խնդիրը ընդդիմութեան դաշտում բացայայտւող տարակարծութիւնների թեման էր, յատկապէս Սերժ Սարգսեանի եւ Ռոբերտ Քոչարեանի կողմնակիցների շարքերում:

Փորձագէտները բնական համարելով քաղաքական դաշտում նման երեւոյթները եւ այն գնահատելով որպէս մրցակցութիւն, այնուամենայնիւ  միակարծիք էին այն հարցում, որ ընդդիմութիւնը դժւար թէ միասնական ճակատ կազմելու 100 տոկոսանոց հնարաւորութիւն ունենայ, սակայն բոլորն էլ գիտակցում են, որ Փաշինեանի կուսակցութեանը հեռացնելու միակ միջոցը որքան հնարաւոր է մէկ միասնական ճակատով հանդէս գալն է:

Լուսինէ Սարգսեանը, որպէս օրինակ յիշեցնելով  վերջերս Գիւմրիի ընտրութիւններում ՔՊ-ականների կրած պարտութիւնը, այն չգնահատեց որպէս ընդդիմութեան քաղաքական յաղթանակն, քանի որ իր գնահատմամբ՝ սոցհարցումները ցոյց էին տալիս, որ  ընտրողների հիմնական շարժառիթը սոցիալ-տնտեսական խնդիրներն էին, ոչ թէ քաղաքական դրդապատճառները: «Այն առայժմս հիմնականում կրում է սոցիալ-տնտեսական բնոյթ: Քաղաքական շարժառիթները դեռեւս լուսանցքային են: Դա պէտք է հաշւի առնեն ընդդիմութեան ներկայացուցիչները՝ 2026 թւականի ընտրութիւններին ընդառաջ»,- նշեց նա՝ յատուկ կարեւորելով «Մոխարգոյն ձայների» (անտարբեր ընտրազանգւածը, որն այնուամենայնիւ դէմ է ներկայ իրավիճակին) ակտիւացնելու եւ ուղղորդելու խնդիրը, ինչն ըստ նրա՝ կարող է վճռորոշ դերակատարութիւն ունենալ ապագայ ընտրութիւնների ելքը որոշելու հարցում: 

Related Articles

Back to top button