Թուրքիայի օգտին ընտրութիւն կատարած փաշինեանական Հայաստանին Ռուսաստանը պէտք չէ

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
«Հայ-ռուսական յարաբերութիւնների միամսեակը», որը սկսւեց Նիկոլ Փաշինեանի Մոսկւա կատարած այցից՝ Մեծ Հայրենական պատերազմում յաղթանակի 80-ամեակի տօնակատարութիւններին մասնակցելու համար, կարելի է համարել աւարտւած, եւ արդէն ժամանակն է ամփոփել ոչ թէ միջանկեալ, այլ վերջնական արդիւնքները։
-Կարմիր հրապարակում տեղի ունեցած շքերթին հայկական զօրակազմը չի մասնակցել։ Փաշինեանի մամուլի խօսնակ Նազելի Բաղդասարեանը սահմանափակւել է հետեւեալ բացատրութեամբ․ «Նպատակայարմար չի համարւել»։
– Նոյն օրը Հայաստանի ԶՈւ գնդապետ Արծրուն Յովհաննիսեանը, որը 44-օրեայ պատերազմի օրերին թշնամական քարոզչութեան «խօսափողն էր», Հանրային հեռուստատեսութեան եթերում յայտարարեց, որ ըստ Հիտլերի ծրագրերի, նացիստները իբր պէտք է ստեղծէին Մեծ պատմական Հայաստան՝ Թուրքիայից որոշ տարածքների հաշւին։ Նա նաեւ առասպել անւանեց այն պնդումը, թէ «Ստալինգրադի յաղթանակը փրկեց Հայաստանը թուրքական ներխուժումից»։
-Բարձրաստիճան պաշտօնեաների պատւիրակութիւնը «Զւարթնոց» օդանաւակայանում չդիմաւորեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովին։ Արարատ Միրզոյեանը նաեւ անտեսեց Յաղթանակի զբօսայգում՝ Լաւրովի մասնակցութեամբ անցկացւած արարողակարգաին միջոցառումը: Բացի այդ, հայկական կողմը ցուցադրաբար անտեսեց Ռուսաստանի դիրքորոշումը՝ 2026 թւականին Երեւանում Եւրոպական համայնքի գագաթնաժողով անցկացնելու հարցում։
– Չնայած նրան, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատւիենկոյին Երեւանում դիմաւորեց Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը, եւ Սիմոնեանը չէր խնայում ծաղիկները Մատւիենկոյի համար, սակայն ոչ նա, ոչ էլ Սերգէյ Լաւրովը չկարողացան Կապանում բացել ռուսական հիւպատոսութիւնը, թէեւ դա պէտք է դառնար «հայ-ռուսական միամսեակի» նշանակալի քաղաքական աւարտը։ Ըստ շրջանառւող լուրերի՝ ռուսական կողմը բազմիցս տեղեկացրել է այս մասին իր հայ գործընկերներին։
-Եւ Լաւրովին, եւ Մատւիենկոյին Երեւանում դիմաւորեցին բողոքի ակցիաներով, որոնք կազմակերպւել էին Նիկոլ Փաշինեանի քաղաքական գործընկերները՝ Տիգրան Խզմալեանը, Արման Բաբաջանեանը, Արթուր Սաքունցը եւ այլն։ Բոլոր իշխանական մեդիա հարթակները (Հանրային հեռուստատեսութիւնից մինչեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը) ապահովում էին բացասական տեղեկատւական ֆոն՝ տարածելով այն թէզը, թէ «Ռուսաստանը ցուցադրեց իր անկարողութիւնը՝ որպէս գործընկեր»։
-«Բուռն ամսւայ» աւարտին վանդալները կրկին պղծեցին Երեւանի Յաղթանակի զբօսայգու «Փառքի ծառուղում» տեղակայւած՝ ռուս եւ հայ սահմանապահների յուշարձանը։ Նրանք պոկեցին Սովետական Հայաստանի զինանշանը քանդակի մօտ գտնւող սեան վրայից։ Նշենք, որ սա վանդալիզմի առաջին դէպքը չէ (2024 թւականին եւս նման միջադէպ էր արձանագրւել)։
«ՌԴ-Հայաստան միամսեակն» աւարտւեց առանց երկու երկրների համար կարեւոր ձեռքբերումների։ Սա եւս մէկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինեանը ռազմավարական ընտրութիւնն արդէն կատարել է, եւ այն արւել է Թուրքիայի օգտին։ Նման Հայաստանին պէտք չէ Արցախը, պէտք չեն ռուսական դպրոցները, խորհրդային պատմագրութիւնը, խորհրդային յուշարձանները, ինչպէս նաեւ՝ ՌԴ հիւպատոսութիւնը՝ ոչ Կապանում, ոչ էլ այլուր։ Նման Հայաստանին հարկաւոր են միայն տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ մինչեւ այն ամբողջովին ինտեգրւած չլինի թուրքական աշխարհում։ Փաշինեանական Հայաստանին պէտք է, որ «Ռուսաստանը պարզապէս վճարի հաշիւները», մինչ ՔՊ-ն աւարտի աշխարհաքաղաքական շրջադարձը։
Մտածէ՛ք այդ մասին…
Alpha news