Դոկտ. Շոայբ Բահման. «Զանգեզուրի միջանցք»-ը Ռազմավարական կամուրջ է Իրանի դէմ Իսրայէլի ռազմական գործողութիւնների համար

«ԱԼԻՔ» – Դոկտ. Շոայբ Բահմանը «Ժամանակակից աշխարհի ուսումնասիրութիւնների ինստիտուտ»-ի վերլուծական կայքում հրապարակած յօդւածում նշել է, որ կեղծւած անունով «Զանգեզուրի միջանցք» երեւոյթը, որպէս աշխարհաքաղաքական եւ անվտանգային նախագիծ նպատակ ունի ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի Հանրապետութեան եւ Նախիջեւանի ինքնավար մարզի միջեւ Հայաստանի տարածքով:
Փորձագէտը յօդւածում նշել է, որ վերջին տարիներին այս նախագիծը դարձել է Հարաւային Կովկասի տարածաշրջանի կենտրոնական եւ զգայուն հարցերից մէկը: «Այս նախագիծը, որը յիշատակւած չէ 2020 թւականի Ղարաբաղի հրադադարի համաձայնագրում, վայելում է տարածաշրջանային դերակատարների, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանի Հանրապետութիւնը, ինչպէս նաեւ միջտարածաշրջանային դերակատարների, ինչպիսին է սիոնիստական ռեժիմը, աջակցութիւնը»,- նշւած է դոկտ. Շոայբ Բահմանի յօդւածում:
Միեւնոյն ժամանակ հեղինակը կարեւորել է, որ սիոնիստական ռեժիմի աջակցութիւնն այս նախագծին առանձնայատուկ նշանակութիւն ունի դրա ռազմավարական եւ աշխարհաքաղաքական հետեւանքների առումով, յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ կապւած զարգացումներում:
Փորձագէտը 7 գլուխների ներքոյ անդրադարձել է բոլոր այն խնդիրներին, որոնք կարող են բացայայտել տնտեսական նախագծի քօղի տակ առաջ մղւող՝ տարածաշրջանին լարւածութիւն ներարակող դաւադրութիւնը, ինչը նոյնութեամբ ներկայացւած է այս յօդւածի շարունակութեան մէջ:
«Զանգեզուրի միջանցք»-ի բնոյթը եւ նպատակները
Ադրբեջանի Հանրապետութիւնը Նախիջեւանին եւ այնտեղից Թուրքիային կապելու զուտ տնտեսական եւ տեսակով ենթակառուցւածքային նախագծից զատ, «Զանգեզուրի միջանցք»-ը աշխարհաքաղաքական նախագիծ է՝ Հարաւային Կովկասի տարածաշրջանի եւ միջտարածաշրջանային դերակատարների համար հեռահար հետեւանքներով: Չնայած արտաքուստ այս միջանցքը կարող է ապահովել տարածաշրջանային շուկաներ եւ առեւտրային ուղիներ որպէս աւելի արագ եւ արդիւնաւէտ մուտքով տարանցիկ ուղի, սակայն դրա ռազմավարական նպատակները, յատկապէս սիոնիստական ռեժիմի կամ աւելի լայն քաղաքականութեան շրջանակներում մեկնաբանւելու են որպէս տարածաշրջանում իրանական ազդեցութեանը հակազդելու եւ Կովկասում սիոնիստների դիրքերն ամրապնդելու համար։
Սիոնիստական ռեժիմի դերը «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծին աջակցելու գործում
Սիոնիստական ռեժիմի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ին աջակցութեան հիմնական պատճառներից մէկը Իրանի դէմ գործողութիւններում առկայ աշխարհաքաղաքական սահմանափակումները՝ աւանդական տարածքներն ու ուղիները շրջանցելու փորձն է:
Վերջին տարիներին ռեժիմը հետապնդել է «Իրանի մեղմ շրջափակման» ռազմավարութիւն՝ տարածաշրջանային դաշինքների եւ Իրանի հարեւան երկրների ցամաքային եւ օդային տարածքի օգտագործման միջոցով։ «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է օգտագործւել որպէս Կասպից ծով ազատ օդային մուտքի եւ Իրանի տարածք մուտք գործելու ուղի։ Սա յատկապէս կարեւոր է սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դէմ ռազմական գործողութիւնների համատեքստում։
Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դէմ պարտադրւած պատերազմի ընթացքում արձանագրւել են Թաւրիզի, Արդաբիլի եւ Իրանի հիւսիս-արեւմուտքում գտնւող ռադարային կայանների վրայ բազմաթիւ ռազմական յարձակումների, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի Հանրապետութեան հետ Իրանի սահմանային տարածքների օդային տարածքի օգտագործման մասին տեղեկութիւններ: Այս յարձակումները, որոնք իրականացւել են սիոնիստական ռեժիմի կործանիչների եւ անօդաչուների միջոցով, ցոյց են տալիս, որ ռեժիմն օգտագործում է Իրանի հարեւան երկրների օդային տարածքը ռազմական գործողութիւններ իրականացնելու համար։
Սիոնիստական ռեժիմի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ ռազմական համագործակցութիւն
Ադրբեջանի Հանրապետութեան եւ սիոնիստական ռեժիմի միջեւ սերտ ռազմական յարաբերութիւններն, այդ թւում՝ Բաքւի կողմից սիոնիստական ռեժիմի նաւթային կարիքների շուրջ 40 տոկոսի մատակարարումը եւ փոխարէնը ժամանակակից զէնքերի, այդ թւում անօդաչու թռչող սարքերի եւ հակահրթիռային համակարգերի վաճառքն Ադրբեջանին, աւիաբազաների արդիականացումը, ինչպիսիք են Սիթալչայը եւ Զանգիլանը, Իրանի դէմ գործողութիւններում օգտագործելու հնարաւորութեան համար են արւել: 2020 եւ 2022 թւականներին Իրանի սահմանների մօտ անցկացւած նրանց համատեղ զօրավարժութիւններում Սիթալչայի եւ նմանօրինակ բազաներում գրանցւել է հետախուզական եւ յարձակողական անօդաչու թռչող սարքերի՝ Hermes-ի եւ Harpy-ի առկայութիւն: Այս սարքաւորումներն իրենց հեռահարութեամբ եւ Իրանի խորը տարածք թափանցելու կարողութեամբ Իրանի ազգային անվտանգութեան համար լուրջ սպառնալիք են համարւում։
Ինչպէս սիոնիստական ռեժիմի կողմից Իրանին պարտադրւած պատերազմի ժամանակ, այնպէս էլ բազմաթիւ վկայութիւններ կան իսրայէլական անօդաչու թռչող սարքերի՝ Ադրբեջանի Հանրապետութիւնից Իրանի տարածք ներթափանցման մասին։ Իհարկէ, սա բազմիցս կրկնւել է նաեւ անցեալում։
Հայաստանի օդային տարածքի օգտագործման մարտահրաւէրները
Կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման համար Հայաստանի օդային տարածքի օգտագործումը լուրջ մարտահրաւէրների է բախւելու՝ Բաքւի հետ Հայաստանի լարւած յարաբերութիւնների, ինչպէս նաեւ Իրանի հետ Հայաստանի սերտ յարաբերութիւնների պատճառով։ Սա կը պահանջի բարդ դիւանագիտական համակարգում կամ քաղաքական ճնշում։ Սակայն, եթէ Ադրբեջանը վերահսկողութիւն ստանայ միջանցքի օդային տարածքի նկատմամբ, սիոնիստական ռեժիմը կարող է մուտք գործել Նախիջեւան Թուրքիայի տարածքով ու Միջերկրական ծովով եւ այնտեղից հասնել Կասպից ծով՝ առանց Իրանի տարածքով անցնելու։ Այս հնարաւորութիւնը կը նպաստի ռազմական կամ լրտեսական գործողութիւնների իրականացմանը՝ աւելի կարճ ժամանակում եւ ցածր ծախսերով։
Մասնաւոր ընկերութիւնների դերը «Զանգեզուրի միջանցք»-ում
Ներկայացւած սցենարներում քննարկւել է մասնաւոր ընկերութիւնների, մասնաւորապէս՝ ամերիկեան ընկերութիւնների ներկայութիւնը «Զանգեզուրի միջանցք»-ը վերահսկելու եւ կառավարելու համար։ Պատմական փորձը ցոյց է տալիս, որ DynCorp-ի, Blackwater (Academi) եւ Raytheon-ի նման ընկերութիւնները, մասնաւոր գործունէութեան քօղի տակ, իրականացրել են լրտեսութիւն, գաղտնալսում եւ նոյնիսկ սահմանափակ ռազմական գործողութիւններ։ Այս ընկերութիւնները յաճախ հանդէս են գալիս որպէս ԱՄՆ անվտանգութեան գործակալութիւնների, ինչպիսիք են ԿՀՎ-ն եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան կազմակերպութիւնը, քօղարկում կամ նոյնիսկ համագործակցում են իսրայէլական Մուսադի հետ։ Արդիւնքում, նման ընկերութիւնների ներկայութիւնը կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծում կարող է նշանակել Իսրայէլի ռեժիմի անվտանգութեան եւ ռազմական ազդեցութեան ամրապնդում տարածաշրջանում։
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման աշխարհաքաղաքական եւ ռազմական հետեւանքները
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծումը, տարանցիկ նախագծից զատ, տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ ռազմական խճանկարի մաս է, որը մշակւել է Իսրայէլի ռեժիմի եւ նրա դաշնակիցների կողմից՝ Իրանին ճնշելու համար։ Այս միջանցքը կարող է օգտագործւել որպէս օդային եւ ցամաքային կամուրջ՝ հետախուզութեան, լրտեսութեան եւ նոյնիսկ Իրանի դէմ ռազմական ներխուժման գործողութիւնների համար։ Սիթալչայի նման աւիաբազաները եւ Նախիջեւանի գաղտնի բազաները հնարաւորութիւն են տալիս լիցքաւորել եւ վերանորոգել սիոնիստական ռեժիմի կործանիչ ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Եթէ այս ցանցին աւելացւի կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ը, ապա Թուրքիայի, Նախիջեւանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ կը ձեւաւորւի ռազմավարական եռանկիւնի, ինչը զգալիօրէն կը բարձրացնի սիոնիստական ռեժիմի կարողութիւնը՝ գործողութիւններ իրականացնելու Իրանի հիւսիսից։
Իրանի եւ դաշնակիցների կողմից ռազմավարական մօտեցման անհրաժեշտութիւնը
Հաշւի առնելով «Զանգեզուրի միջանցք»-ի տարածաշրջանային անվտանգութեան համար հեռահար հետեւանքները, անհրաժեշտութիւն կայ, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Հայաստանը արձագանքեն այս նախագծին՝ անվտանգութեան վրայ կենտրոնացած հեռանկարով եւ ռազմավարական մօտեցմամբ: Կանխարգելիչ քաղաքականութեան կիրառումը, տարածաշրջանային համագործակցութեան ամրապնդումը եւ այս միջանցքին սպառնացող հնարաւոր սպառնալիքները չէզոքացնելու համար դիւանագիտական գործիքների կիրառումը Հարաւային Կովկասի տարածաշրջանում կայունութիւնն ու անվտանգութիւնը պահպանելու անհրաժեշտ միջոցառումներից են: