Գիշերւայ կէսին պարբերաբար արթնանալը կարող է վկայել վտանգաւոր հիւանդութեան մասին

Գիշերային կանոնաւոր արթնացումները կարող են սրտանօթային հիւանդութիւնների, դրանց թւում՝ ինսուլտի եւ սրտային անբաւարարութեան սաստկացման ռիսկի մասին տագնապալի ախտանիշ լինել, ըստ Daily Express-ի՝ նման եզրակացութեան են հանգել Աւստրալիայի Ֆլինդերսի համալսարանի փորձագէտները:
Դոկտոր Բաստիէն Լեշատի գլխաւորած գիտնականների թիմն անցկացրել է առաջին լայնածաւալ հետազօտութիւնը՝ օգտագործելով առաջադէմ տեխնոլոգիաներ՝ գիշերը տանը քնի մոնիթորինգի համար, գրում է Planet Today-ը։ Հետազօտութեանը մասնակցել է աւելի քան 72 հազար մարդ, եւ երկարաժամկէտ վերլուծութիւնը խռմփոցի, ընդհատւած քնի եւ բարձր արեան ճնշման միջեւ փոխադարձ կապ է յայտնաբերել։
Դոկտոր Լեշատը նշել է, որ մասնագէտներն առաջին անգամ կարողացել են օբիեկտիւօրէն գրանցել փոխադարձ կապը գիշերային կանոնաւոր խռմփոցի եւ արեան ճնշման բարձրացման միջեւ։ Հետազօտութեան մտահոգիչ արդիւնքներից մէկն, ըստ նրա, այն էր, որ բոլոր մասնակիցների մօտ 15 տոկոսը, որոնց մեծ մասը աւելորդ քաշ ունեցող տղամարդիկ էին, խռմփացնում էին իրենց քնի ընդհանուր ժամանակի աւելի քան 20 տոկոսը։ Միեւնոյն ժամանակ, նրանց շրջանում աւելի յաճախակի էին գրանցւում անվերահսկելի հիպերտոնիայի դրւագներ, ինչը մեծացնում է առողջական լուրջ հետեւանքների ռիսկը:
Գիտնականը շեշտել է, որ հիպերտոնիան, այսինքն՝ խրոնիկական բարձր արեան ճնշումը, կարող է մի շարք վտանգաւոր վիճակներ հրահրել՝ կաթւածից մինչեւ երիկամային անբաւարարութիւն եւ սրտին առնչւող խնդիրներ։ Քնի կանոնաւոր խանգարումը, յատկապէս, եթէ այն տեղի է ունենում շաբաթական հինգ կամ վեց գիշեր, յանգեցնում է խրոնիկական քնի խանգարումների, որոնք, ըստ դոկտոր Լեշատի, կարող են մահացու վախճան ունենալ։
Նա միաժամանակ ուշադրութիւն է հրաւիրել այն փաստի վրայ, որ գիշերային ճնշման տատանումները յատկապէս վտանգաւոր են այն մարդկանց համար, ովքեր հակւած են աւելորդ քաշի եւ տառապում են խռմփոցից։ Գիշերը բարձր արեան ճնշումն աննկատ է մնում բուժառուների մեծ մասի համար, բայց հէնց դա է դառնում ինսուլտի կամ սրտի անբաւարարութեան սաստկացման թաքնւած ռիսկի գործօն։
Մասնագէտները պնդում են տանը քնի ախտորոշման անհրաժեշտութեան մասին, յատկապէս աւելորդ մարմնի քաշ եւ քնի խանգարման ախտանիշներ ունեցող բուժառուների մօտ։ Հետազօտողների կարծիքով՝ այդ արդիւնքները նոր հնարաւորութիւններ են բացում քնի խանգարումներին առնչւող սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման համար եւ կարող են հիմք ծառայել աւելի ճշգրիտ ախտորոշիչ եւ թերապեւտիկ եղանակների համար։
Փորձի ընթացքում օգտագործւել են տեխնոլոգիաներ, որոնք մասնակիցներին հնարաւորութիւն են տւել իրական պայմաններում երկար ժամանակահատւածում հսկել, ինչը հնարաւորութիւն է ընձեռել խուսափել լաբորատոր եղանակներին բնորոշ տւեալների աղաւաղումներից։ Հէնց այդ մօտեցումն էր, ինչպէս ընդգծել է Լեշատը, օգնել բացայայտել այնպիսի օրինաչափութիւններ, որոնք աւելի վաղ չէր յաջողւում գրանցել։
Գիտնականի համոզմամբ՝ մշտական խռմփոցը եւ ընդհատւած քունը չպէտք է համարել անվնաս երեւոյթ, այլ՝ պոտենցիալ վտանգաւոր ախտանիշ, որը բժշկական օգնութիւն է պահանջում։ «Եթէ քունը խաթարւում է գրեթէ ամէն գիշեր, դա պարզապէս անյարմարութիւն չէ, այլ գործօն, որը կարող է կեանքեր արժենալ»,-յաւելել է գիտնականը:
News.am