Գաղափարական

«ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ»

Մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական 12-րդ Համահայկական բանակումը

Երէկ՝ յուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի յուշարձանի մօտ տեղի ունեցաւ ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտօնական բացման արարողութիւնը, որին մասնակցում են 400 երիտասարդ՝ 17 երկրներից:

Բացման արարողութեանը ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամներ եւ ՀՀ ԱԺ պատգամաւորներ։

Ելոյթներով հանդէս եկան ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր-Գէորգեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, Համահայկական բանակման պատասխանատու Մհեր Գարագաշեանը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան ներկայացուցիչ Ժորա Աւդալեանը։

«Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրութիւնը, մեր թշնամիները եւ Հայաստանի իշխանութիւնները ցանկանում են փակել Լեռնային Ղարաբաղի էջը, մենք չպէտք է հրաժարւենք ազատագրական պայքարից»,- բացման խօսքում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր-Գէորգեանը։

Ըստ Յովսէփ Տէր-Գէորգեանի՝ արարողութիւնը տեղի է ունենում տարածաշրջանային եւ համաշխարհային բախումների, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի ժամանակաւոր կորստի ու Հայաստանի իշխանութիւնների կողմից Հայ Առաքելական եկեղեցու եւ ընդդիմութեան, մասնաւորապէս՝ ՀՅԴ-ի վրայ յարձակումների պայմաններում։

«Այս հաւաքը միաւորում է ՀՅԴ քաջարի երիտասարդութեանը։ Չնայած ՀՅԴ Երիտասարդական թեւը որպէս ահաբեկչական կազմակերպութիւն ներկայացնելու փորձերին՝ այն իր գաղափարներն իրականացնում է նորարարական մեթոդների ներդրման միջոցով։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հասարակութեան համախմբում։ Սա է կուտակւած մարտահրաւէրները յաղթահարելու կարեւոր պայմանը»,- ընդգծեց ՀՅԴ Բիւրոյի անդամը:

«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի կազմակերպութեան անունից շնորհաւորում եմ բոլորիս Դաշնակցութեան Ուսանողական, Երիտասարդական միութիւնների համահայկական բանակումը մայր հայրենիքում գումարելու առթիւ: Շատ կարեւոր ու խորհրդանշական է, որ մեր ժողովրդի եւ պետութեան այս ծանր օրերին աշխարհի 17 երկրներից շուրջ 400 երիտասարդ իրենց հաւաքն են կազմակերպում մայր հայրենիքում: Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր անցնող բոլոր տարիների ընթացքում ամէն ինչ արել են Հայաստան-Սփիւռք կապը խաթարելու համար՝ արգելելով նաեւ մեր սփիւռքահայ երիտասարդների մուտքը ՀՀ: Սա պատասխան է բոլոր նրանց, ում թւում է դաշնակցական երիտասարդներին ապօրինի կալանաւորելով կարող են զերծ պահել հայ ժողովրդի հաւաքական իրաւունքների համար պայքարելուց: Ամէն հարւածից յետոյ Դաշնակցութիւնը աւելի է ուժեղանում, ամրանում եւ ազգային նպատակներին հասնելու համար աւելի հետեւողական պայքար մղում»,- իր ելոյթում ասաց Իշխան Սաղաթէլեանը:

Ըստ Իշխան Սաղաթէլեանի՝ բանակումները ժամանցային ճամբարներ չեն կամ տուրիստական այցեր, այլ Դաշնակցութեան գաղափարների դարբնոցներ են։ Քանի որ դաշնակցական երիտասարդութիւնը մեր ժողովրդի ճակատագրական պահերին իր դերակատարումն է ստանձնել եւ պատւով տարել, նա վստահ է՝ «Վերադառնալու ենք» կարգախօսով այս բանակումն էլ իր դրական արդիւնքները տալու է։

«Մենք հայրենիքի կողքին ենք՝ առանց ետ կանգնելու, առանց սահմաններ եւ հեռաւորութիւն ճանաչելու, անկախ նրանից, թէ այսօր ովքեր են ղեկավարում մեր երկիրը կամ ինչպիսի բռնաճնշումներով են փորձում մեզ լռեցնել»,- ասաց Ժորա Աւդալեանը՝ շեշտելով, որ դաշնակցական երիտասարդների համար ամէն ինչից վեր են հայ ժողովրդին եւ հայրենիքին ծառայելը, իսկ մնացեալ ամէն բան՝ դրան ծառայելու միջոց։ Ներկայիս բոլոր դժւարութիւններին դաշնակցական երիտասարդների պատասխանն, ըստ նրա՝ դաշնակցական կազմակերպւած երիտասարդութիւնն է՝ յստակ գաղափարով, գիտակցւած նպատակով եւ անվերապահ նւիրւածութեամբ։

Իր եզրափակիչ խօսքում Մհեր Գարագաշեանն ասաց. «Լեռնային Ղարաբաղի վերադարձը կը լինի, ռազմագերիների վերադարձը կը լինի, մենք ժողովրդին կը վերադարձնենք յոյսն ու հաւատը, դա պէտք է անի ՀՅԴ երիտասարդութիւնը:

Ըստ նրա՝ միջոցառումը կոչւած է Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Սփիւռքը միաւորելուն, ինչպէս նաեւ անցեալի, ներկայի եւ ապագայի միջեւ կապ հաստատելուն»։

«ՀՅԴ-ն իր 135-ամեայ պատմութեան ընթացքում չի կորցնում վճռականութիւնը, ինչը նրան հայ ժողովրդի իրաւունքների համար պայքարում առաջատար ուժ է դարձնում։ Մենք պէտք է իրականացնենք իսկական Հայաստանի հայեցակարգը, շեշտում եմ՝ իսկական Հայաստանի, իրական, այլ ոչ թէ այլասերւած ժողովրդավարութեան գաղափարը»,- ընդգծեց Մհեր Գարագաշեանը։

Բացման արարողութիւնից յետոյ մասնակիցները երթով շարժւեցին դէպի Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձան, որտեղ տեղի ունեցաւ ծաղկեդրման արարողութիւն:

Arfd.am

Related Articles

Back to top button