Գիտնականներն ԱԲ-ն օգտագործում են դեղորայքակայուն գոնորեան եւ MRSA ոչնչացնելու ունակ երկու նոր հակաբիոտիկներ ստեղծելու համար

Հետազօտողները յայտնել են, որ արհեստական բանականութիւնը ստեղծել է երկու նոր պոտենցիալ հակաբիոտիկներ, որոնք կարող են ոչնչացնել դեղորայքակայուն գոնորեան եւ MRSA-ն (Մեթիցիլին-ռեզիստենտ ոսկեգոյն ստաֆիլոկոկ -խմբ.)։
Դեղամիջոցները ատոմ առ ատոմ մշակւել են արհեստական բանականութեան կողմից եւ ցոյց են տւել արդիւնաւէտութիւն «սուպերմանրէների» դէմ լաբորատոր եւ կենդանիների ուսումնասիրութիւններում։
Երկու միացութիւններն էլ դեռ մի քանի տարւայ կատարելագործման եւ կլինիկական փորձարկումների կարիք կունենան, նախքան դրանք բուժառուներին նշանակելը։ Սակայն նախագծի հետեւում կանգնած Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի թիմը նշում է, որ արհեստական բանականութիւնը կարող է յանգեցնել հակաբիոտիկների յայտնաբերման «երկրորդ ոսկէ դարաշրջանի»։
Հակաբիոտիկները սպանում են մանրէները, բայց բուժման նկատմամբ դիմացկուն վարակներն արդէն տարեկան աւելի քան մէկ միլիոն մահւան պատճառ են դառնում։ Հակաբիոտիկների չարաշահումը նպաստել է մանրէների դէմ պաշտպանութեան զարգացմանը, եւ տասնամեակներ շարունակ նոր հակաբիոտիկներ չեն մշակւել։
Հետազօտողները նախկինում արհեստական բանականութիւն են օգտագործել հազարաւոր յայտնի քիմիական նիւթեր զննելու համար՝ պոտենցիալ նոր հակաբիոտիկներ գտնելու համար։ Այժմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի թիմը մէկ քայլ առաջ է գնացել՝ օգտագործելով գեներատիվ արհեստական բանականութիւն՝ սեռական ճանապարհով փոխանցւող վարակի (գոնորեա) եւ պոտենցիալ մահացու MRSA-ի (մեթիցիլին-ռեզիստենտ ոսկեգոյն ստաֆիլոկոկ) դէմ հակաբիոտիկներ ստեղծելու համար։
Նրանց հետազօտութիւնը, որը հրապարակւել է Cell հանդէսում, ընդգրկել է 36 միլիոն միացութիւն, ներառեալ՝ նրանց, որոնք կամ գոյութիւն չունեն, կամ դեռեւս չեն յայտնաբերւել։ Գիտնականները մարզել են արհեստական բանականութիւնը՝ նրան մատուցելով յայտնի միացութիւնների քիմիական կառուցւածքներ եւ պարզելով, թէ արդեօք դրանք դանդաղեցնում են տարբեր տեսակի մանրէների աճը։
Արհեստական բանականութիւնը սովորել է որոշել, թէ ինչպէս են մանրէներն արձագանքում ածխածնի, թթւածնի, ջրածնի եւ ազոտի ատոմներից կազմւած տարբեր մոլեկուլային կառուցւածքներին։
Նրանք փորձել են երկու մօտեցում։ Առաջինը խոստումնալից սկզբնական բեկորներ փնտրել միլիոնաւոր քիմիական միաւորների գրադարանում՝ 8-19 ատոմ չափսերով, ապա դրանց հիման վրայ մոլեկուլներ կառուցել։ Երկրորդը՝ արհեստական բանականութեանը լիակատար ազատութիւն տալը հէնց սկզբից։
Միաժամանակ բացառւել են այն միացութիւնները, որոնք չափազանց նման էին գոյութիւն ունեցող հակաբիոտիկներին, ինչպէս նաեւ այն միացութիւնները, որոնք աւելի շատ նման էին լւացող միջոցի, քան դեղամիջոցի, եւ այն նիւթերը, որոնք պոտենցիալ թունաւոր էին մարդկանց համար։
Արհեստական բանականութիւնը ստեղծել է հակաբիոտիկներ գոնորեայի եւ մաշկի վրայ անվնաս ապրող, բայց օրգանիզմ թափանցելիս վտանգաւոր վարակներ առաջացնելու մանրէի՝ MRSA-ի դեմ։
Սինթեզից յետոյ ամենախոստումնալից մոլեկուլները փորձարկւել են լաբորատոր պայմաններում մանրէների եւ վարակւած մկների վրայ, ինչը յանգեցրել է երկու նոր պոտենցիալ դեղամիջոցների երեւան գալուն։
News.am