ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Նախագահ Փեզեշքիանը Երեւանում է

«ԱԼԻՔ» – Երկօրեայ պաշտօնական այցով, Հանարպետութեան նախագահ մասուդ Փեզեշքիանը երէկ՝ օգոստոսի 18-ին մեկնել է Երեւան:

Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ «Զւարթնոց» օդանաւակայանում նախագահ Փեզեշքիանին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը դիմաւորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Տէր-Գրիգորեանը:

Այցի ընթացքում Հանրապետութեան նախագահը կը հանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: Նախատեսւում է, որ այցի ընթացքում երկու երկրների պաշտօնեաները կը ստորագրեն մի շարք համագործակցութեան փաստաթղթեր:

Նախագահը հանդիպել է նաեւ իրանագիտութեան ոլորտի մասնագէտների, Հայաստանում բնակւող իրանցիների հետ, ինչպէս նաեւ ներկայ կը լինի երկու երկրների տնտեսական ակտիւիստների հանդիպմանը:

Նշենք, որ Երեւան մեկնելու առաջ, «Մեհրաբադ» օդանաւակայանում  Փեզեշքիանն յայտարարել է, որ հարեւան երկրներն առաջնահերթութիւն են յարաբերութիւնների կառուցման ու զարգացման համար, եւ Հայաստան ուղեւորութիւնը պէտք է դիտարկել հէնց այդ շրջանակում:

«Մենք ամուր ռազմավարական յարաբերութիւններ ունենք մեր հարեւան եւ բարեկամ Հայաստանի հետ եւ միշտ ձգտել ենք միմեանց հետ լաւ յարաբերութիւններ կառուցել քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային հարցերում»,- նշել է նա՝ յաւելելով. «Անհրաժեշտ յարմարութիւններն ապահովւել են, եւ Իրանի ու Հայաստանի միջեւ հաղորդակցութիւնը հնարաւորինս հեշտացւել է։ Ուստի այս այցի ընթացքում մենք կը քննարկենք մեր համաձայնագրերն ու կապերն ամրապնդելու ուղիները, այդ թւում՝ հաղորդակցութեան եւ մշակութային ուղիները, մասնաւորապէս՝ «Հիւսիս-Հարաւ» միջանցքը»:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրից յետոյ Հայաստանից անցնող «Արեւելք-Արեւմուտք» միջանցքի (նոյն ինքը՝ «Զանգեզուրի միջանցքը»-ԽՄԲ.) հետ կապւած աշխատանքերում ամերիկեան ընկերութիւնների ներկայութեան վերաբերեալ մտահոգութիւններին, Հանրապետութեան նախագահը նշել է. «Բնական է մտահոգութիւններ ունենալ տարածաշրջանում ամերիկեան ընկերութիւնների ներկայութեան վերաբերեալ, քանի որ նրանք գալիս են որեւէ ընկերութեան անունից, իսկ հետագայում կարող են զբաղւել այլ գործունէութեամբ: Մենք քննարկումներ կանցկացնենք հայ պաշտօնեաների հետ այս մտահոգութիւնների շուրջ:

Այլ հարցերի առնչութեամբ, այդ թւում՝ տեխնիկական, ճարտարագիտական, շինարարական, հանքարդիւնաբերական, գեղարւեստական, սոցիալական եւ զբօսաշրջային ոլորտների վերաբերեալ պատրաստւել են հիանալի փաստաթղթեր. նախատեսւում է այնտեղ ստորագրել դրանք»:

Նշենք, որ Հայաստան այցի աւարտից յետոյ, նախագահ Փեզեշքիանը կուղեւորւի Բելառուս:

Related Articles

Back to top button