Վարդան Օսկանեան. «Հայաստանը կարող է շարունակել գոյութիւն ունենալ՝ զրկւած հէնց այն էութիւնից, որը նրան հայկական է դարձնում»

«ԱԼԻՔ» – «Երբ պարտութիւնը, կորուստը եւ զիջումը ներկայացւում են որպէս յաղթանակ՝ փաթեթաւորւած խաղաղութեան եւ բարեկեցութեան կեղծ խոստումով, դա պահանջում է ոչ թէ անտարբեր ընդունում կամ արհամարհում, այլ զգօնութիւն։ Դա պէտք է ահազանգ լինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են նայել մակերեսից այն կողմ, այսօրւայ եւ վաղւայ վերնագրերից այն կողմ եւ խորանալ պատմութեան հոսքերի մէջ՝ պատկերացնելով ապագան»։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը։
«Այսօր Հայաստանը գտնւում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում. մէկը՝ աւելի տեսանելի ու շօշափելի, միւսը՝ աւելի թաքուն եւ խորամանկ։ Գետնի վրայ երկիրը կրել է կործանարար աշխարհաքաղաքական հարւածներ. Արցախի ամբողջական կորուստ, միջանցքի զիջում Ադրբեջանին, սահմանամերձ տարածքների կորուստ եւ նոր զաւթումների սպառնալիք։ Սրանք մեկուսացւած երեւոյթներ կամ զարգացումներ չեն․ միասին վերցրած դրանք նշանակում են Հայաստանի ռազմավարական խորքի եւ ֆիզիկական անվտանգութեան ապամոնտաժում։
Միեւնոյն ժամանակ, աւելի լուռ, բայց ոչ պակաս վտանգաւոր արշաւ է ուղղւած Հայաստանի ինքնութեան ու արժէքների քայքայմանը։ Սահմանադրութիւնը փոխելու ձգտումը, Ազգային զինանշանից Արարատ լեռը հանելու փորձերը, Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը, պատմութեան դասագրքերի վերաշարադրումը, ազգային ձգտումները «ռեւանշիստական» պիտակաւորելը եւ նոյնիսկ Ցեղասպանութեան նսեմացումը՝ սրանք պարզապէս կոսմետիկ փոփոխութիւններ չեն։ Դրանք հարւածում են Հայաստանի հաւաքական յիշողութեան, դիմադրողական ոգուն եւ բարոյական պաշտպանական հիմքերի հէնց արմատներին։ Ազգը չի գոյատեւում միայն տարածք պահելով այն գոյատեւում է դիմադրութեան ոգին պահպանելով, իր խորհրդանիշները սնուցելով եւ անցեալի ճշմարտութիւնը յիշելով։ Երբ այս սիւները քանդւում են, ժողովուրդը զինաթափւում է ներսից։
Այս համադրութիւնը՝ տարածքային նահանջը եւ արժէքային քայքայումը, սպառնալիք է Հայաստանի երկարաժամկէտ գոյատեւման համար։ Ինքնիշխանութիւնը առանց ինքնութեան դատարկ է, իսկ ինքնութիւնը առանց ինքնիշխանութեան՝ ոչ յարատեւ։ Եթէ այս ընթացքը չշրջւի, ապագան պարադոքսալ կը լինի. Հայաստանը գուցէ շարունակի գոյութիւն ունենալ որպէս աշխարհագրական հասկացութիւն, բայց մենք, հայերս, մեզ կը դնենք վտանգի տակ՝ մեր իսկ հայրենիքում օտարներ դառնալու։ Կը ձեւաւորւի «ոչ-հայկական Հայաստան», որտեղ ուրիշներն են սահմաններ գծելու, պատմութիւնը վերաշարադրելու եւ արժէքները վերասահմանելու։
Ազգերը հազւադէպ են անհետանում միանգամից. նրանք մարում են։ Վտանգը գուցէ այն չէ, որ Հայաստանը կարող է վերանալ, այլ այն, որ այն կարող է շարունակել գոյութիւն ունենալ՝ զրկւած հէնց այն էութիւնից, որը նրան հայկական է դարձնում»,- գրել է Օսկանեանը։