Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառն ըստ Նիկոլ Փաշինեանի

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

2025 թ. օգոստոսի 18-ին՝ ժողովրդին ուղղւած ուղերձով դիմելու ժամանակ, Արցախի Հանրապետութիւնն օկուպանտ եւ ցեղասպան, արհեստական, կեղծ կազմաւորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինեանը, մասնաւորապէս, յայտարարել է. «Շատ կոնֆլիկտներ, ներառեալ Ղարաբաղեանը, սկսւել են հումանիտար, մշակութային՝ թւում է անմեղ եւ պարզ հարցերի արծարծումով,…»:

Մէջբերումից պարզւում է, որ Նիկոլ Փաշինեանը չի տիրապետում նշւած կոնֆլիկտի ծագման իրական պատճառին:

Իսկ եթէ երկրի ղեկավարը չի տիրապետում կոնֆլիկտի, տւեալ դէպքում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման սկզբնապատճառին, ապա նա չի կարող լուծել այդ կոնֆլիկտն անգամ մեծ ցանկութեան պարագայում:

Հարկ է նշել, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի սկսւել ո՛չ հումանիտար եւ ո՛չ էլ մշակութային հարցերի արծարծմամբ:

Կոնֆլիկտի ծագման պատճառի մասին իր յուշերում գրել է 1918 թ. յուլիսի 22-ից մինչեւ 1919 թ. յունիսի 5-ը Արցախի ժողովրդական կառավարութեան զինւորական գործերի առաջին կառավարիչ (մերօրեայ տերմինաբանութեամբ՝ պաշտպանութեան նախարար) Յարութիւն Թումեանը:

Այսպէս, 1918 թ. սեպտեմբերի սկզբներին Կովկասի իսլամական բանակը Հայոց Ցեղասպանութեան դահիճներից մէկի՝ Էնւէր փաշայի կրտսեր եղբօր՝ Նուրի փաշայի հրամանատարութեամբ գրաւում է Բաքուն եւ այնտեղ իրականացնում 30.000-ից աւելի հայերի կոտորած:

Բաքուն գրաւելուց յետոյ, Նուրի փաշան Կովկասի իսլամական բանակը կենտրոնացնում է Արցախի սահմանների մօտ: Սեպտեմբերի 4-ին թուրքական հրամանատարութիւնը վերջնագիր է ուղարկում Արցախի ժողովրդական կառավարութեանը՝ պահանջելով հինգ օրւայ ընթացքում զէնքը վայր դնել, թոյլ տալ թուրքական զօրքերի մուտքը Շուշի եւ ճանաչել Ադրբեջանի իշխանութիւնը:

«Սա Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նւաճողական յաւակնութեան դրսեւորման առաջին փաստն էր եւ թուրքերից ստացւած առաջին վերջնագիրը»,- գրել է Յ. Թումեանը:

Մէջբերումը վկայում է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառը ոչ թէ հումանիտար, կամ մշակութային հարցերի արծարծումն է եղել, ինչպէս կարծում է Արցախն Ադրբեջան անունով օկուպանտ եւ ցեղասպան, արհեստական, կեղծ կազմաւորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինեանը, այլ՝ թուրքերի եւ կովկասեան թաթարների՝ 1936 թւականից ադրբեջանցիներ յորջորջւածների, ծավալապաշտութիւնը, որն, ի դէպ, շարունակւում է մինչ օրս՝ արդէն 107 տարի:

Related Articles

Back to top button