Իսրայէլը երկու տարւայ ընթացքում եօթ անգամ արգելափակել է Գազայում հրադադարի համաձայնագրերը

«ԱԼԻՔ» – Ըստ ամերիկացի եւ իսրայէլցի բարձրաստիճան պաշտօնեաների՝ Իսրայէլը եօթ անգամ արգելափակել է հրադադարի համաձայնագիրը՝ Գազայի շրջափակւած հատւածի դէմ գրեթէ երկու տարի տեւած աւերիչ ռազմական արշաւի ընթացքում: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Middle East Eye-ը։
Պաշտօնեաները նշել են, որ դրա հիմնական պատասխանատւութիւնը կրում է վարչապետ Բենիամին Նեթանիահուն, որը յաճախ ենթարկւել է ծայրայեղ աջակողմեան նախարարների՝ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի եւ ազգային անվտանգութեան նախարար Իթամար Բեն Գւիրի ճնշմանը։
Բայդէնի օրօք ԱՄՆ Պետդեպարտամենտի խօսնակ Մեթիւ Միլլերը յայտարարել է, որ պատերազմի սկզբում՝ 2023 թւականի հոկտեմբերին, ՀԱՄԱՍ-ը պատրաստ էր ազատել «որոշ պատանդների»։
«Մենք փորձեցինք կապ հաստատել Իսրայէլի կառավարութեան հետ՝ տեղեկացնելու նրանց այդ մասին»,- ասել է Միլլերը, սակայն յաւելել է, որ Վաշինգտոնը չկարողացաւ «ստիպել, որ որեւէ մէկը այնտեղ մեզ լուրջ ընդունի», նկատի ունենալով Իսրայէլի ղեկավարութեանը։
Վարչապետին մօտ կանգնած աղբիւրները յայտնել են իսրայէլական բանակցային թիմի անդամին, որը ելոյթ է ունեցել 13-րդ ալիքի եթերում, որ «այստեղ գործարք չի լինելու, դրանք ԻԳԻԼ-ի ահաբեկիչներ են, եւ նրանց վերջը՝ մահն է»։
Իսրայէլի պաշտպանութեան նախկին նախարար Եօաւ Գալանտը հրահանգել է իր ենթականերին. «Ոչ ոք չպէտք է խօսի ՀԱՄԱՍ-ի հետ», յաւելելով, որ ցանկանում է, որպէսզի խմբաւորումը «դիմի մեզ», երբ իսրայէլական բանակը «ջրի տակ մտցնի նրանց գլուխները», որպէսզի «նրանք չկարողանան շնչել»։
Գադի Այզենկոտը, որը աշխատել է Ռազմական կաբինետում, նշել է, որ կառավարութիւնը սկզբում որեւէ ջանք չի գործադրել պատանդների ազատման ուղղութեամբ՝ ընդգծելով, որ «պատերազմի նպատակներում չկայ ոչ մի խօսք պատանդների եւ նրանց վերադարձի մասին»։
Նա յաւելել է, որ հրադադարի առաջին համաձայնագիրը՝ 2023 թւականի նոյեմբերին, կնքւել է այն բանից յետոյ, երբ Նեթանիահուն եւ Գալանտը սկսել են խոչընդոտել գործընթացը։ Ըստ Այզենկոտի, համաձայնագիրը հնարաւոր էր երկարաձգել, սակայն Իսրայէլի կառավարութիւնը հրաժարւել է առաջ շարժւել, եթէ ՀԱՄԱՍ-ը չխոստանայ ազատել մնացած կին պատանդներին։
«Մենք կարող էինք վերադարձնել կենդանի մնացած ծանր վիրաւորներին եւ տարեցներին, որոնք, ցաւօք, հետագայում սպանւեցին»,- յաւելել է նա։