Անահիտ Ադոյեան. «Տեսել եմ տղաների խոշտանգւած մարմինները…, եթէ Փաշինեանին ու իր կնոջը մտցնէին դիահերձարան, կաթւած ստացած դուրս կը գային»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը եւ Աննա Յակոբեանը Չինաստան կատարած այցի ընթացքում ֆէյսբուքեան իրենց էջերում լուսանկարներ էին հրապարակում՝ Ալիեւի, Էրդողանի, իսկ Աննա Յակոբեանը՝ Ալիեւի ու Էրդողանի կանանց հետ։
Արցախեան պատերազմում նահատակւած շատ տղաների ծնողներ հարց էին բարձրացրել, թէ Աննա Յակոբեանն այդքան ջերմ լուսանկարւելիս գոնէ մէկ անգամ Մեհրիբանից հետաքրքրւե՞լ է գերիների, պատանդների, այդ թւում՝ անհետ կորած անձանց ճակատագրերի մասին։
«Քիմիկների զօրամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյեանի մայրը՝ Անահիտ Ադոյեանը, ասում է՝ եթէ այդ կինը մարդկային որեւէ յատկանիշ ունենայ, պէտք է որ հետաքրքրւած լինէր անհետ կորած անձանց ճակատագրերի մասին։
«Մի օր այս հարցը պէտք է լուծւի, չէ՞, թէ՞ այսպէս պէտք է մնայ։
Ինքներս տարբեր միջոցներ ենք կիրառել, որ մեր երեխաների հարցը լուծեն, դիւանագիտական ճանապարհ ենք ընտրել, բողոքի ակցիաներ ենք իրականացրել, այդ գործողութիւններից շատերը տեսանելի են եղել, շատերը՝ ոչ։ Բայց ոչ մի միջոց չի օգնել, որովհետեւ իշխանութիւնը մեր երեխաների վերադարձը չի ուզում։
Այսպէս ասեմ՝ երեխաներից, ովքեր ողջ են, այս իշխանութիւնների ձեռքին մեծ «կոզր» են, խաղաքարտի «ջոկերներն» են, մի օր այդ «ջոկերները պէ՞տք է բացւեն, թէ՞ չէ»:
5 տարի է՝ մենք տառապում ենք, եթէ վաղը Վարդանս հետ գայ, որեւէ մէկը չի կարող այս ապրումներիս համար պատասխան տայ։
Շատ մարդիկ այս ամենին մատների արանքով են նայում, ոմանք համակերպւել են, իսկ ոմանց էլ փողն է կուրացրել, բայց այդ ոմանց մէջ որեւէ հարցում ես չկամ։ Ուղղակի ափսոսում եմ մեր տղաներին, որ նրանք այս պահին իրենց տներում չեն։ Ինքս շատ եմ հիասթափւած շատ մարդկանցից»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Անահիտ Ադոյեանը։
Նա շեշտել է՝ ինքն այնպիսի սարսափելի օրեր է ապրել, որը միայն Աստծուն է յայտնի, յատկապէս այն օրերին, երբ տղաների մարմիններ էր բերում Երեւան, ինչպէս է այդ մարմինները տարել դիահերձարան ու տեղաւորել։
«Եթէ որոշ մարդիկ ինձ հետ տեսնէին, թէ ինչպէս էին տղաների մարմինները քերթել ու լցրել մորգը, երբեք չէին ասի, որ ուզում են ադրբեջանցու հետ ապրել։ Տեսել եմ տղաների աչքերը փորած, հանած, լեզուները կտրած, ես այդքանը տեսնելուց յետոյ ինչպէ՞ս կարող եմ ապրել նման ոխերիմ թշնամու հետ։
Ձեզ թւում է, որ մեր երկրի ղեկավարը պէտք է գնար դիահերձարան ու տեսնէր տղաների խոշտանգւած մարմիննե՞րը, ո՛չ, իհարկէ, ինքն իր սենեակից, որտեղից լայւ էր անում, որեւէ տեղ չի գնացել, մի զանգ են արել, ասել են իրեն, ու վերջ։ Եթէ Նիկոլ Փաշինեանին ու իր կնոջ մտցնէին դիահերձարան, այնտեղից կաթւած ստացած դուրս կը գային ու երբեք չէին համաձայնի այս ամենին, ինչի՞ մասին է խօսքը։
Ալէն Սիմոնեանը, Անդրանիկ Քոչարեանը, Արարատ Միրզոյեանը որ այդպէս խօսում են, ինչի իրենք տեսե՞լ են մեր տղաների խոշտանգւած մարմինները, իհարկէ չեն տեսել։ Այդ դաժանութիւնը մենք ծնողներով ենք տեսել։ Ես դեռ զարմացած եմ, որ այս ազգի մէջ կան մարդիկ, որոնց համար Նիկոլ Փաշինեանն ընդունելի է»,- յաւելեց Անահիտ Ադոյեանը՝ յաւելելով, թէ այս ամէնը տեսնելուց յետոյ ինչպէ՞ս կարող է համակերպւել, ինչպէ՞ս կարող է հաւատալ «Խաղաղութեան պայմանագրին»։
«Զանգելանում ես եմ գնացել ու փոսը քանդել, բերել եմ 8 հոգի, 8 գլուխ, իրան ու վերջոյթներ, ձեռքեր ու ոտքեր արդէն անջատւած։ Դրանից յետոյ Զանգելանից ոչ մի մարմին չի փոխանցւել Կապանի ուղղութեամբ, ինչո՞ւ են 14 հոգու ԴՆԹ տալիս, քիչ-քիչ տան՝ շա՞տ տան»,- ընդգծել է անհետ կորածի մայրը։
Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ