Ցեղասպանութեան թանգարանին է նւիրւել Գէորգ Չաւուշի կնոջ՝ Հեղինէի լուսանկարը

«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին է նւիրւել լեգենդար դաշնակցական հայդուկապետ Գէորգ Չաւոշի կնոջ՝ Հեղինէ (Եղսօ) Չաւուշի լուսանկարը։ Այս մասին տեղեկացնում է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթը:
Լուսանկարը թանգարանին է նւիրել Մուրատ Ուչանէրը, ով այն պատահաբար յայտնաբերել է 2005 թւականին, Այնթապի պատմական թաղամասերից մէկում, մի հին տան վերանորոգման ժամանակ: Լուսանկարը թաքնւած է եղել պատի մէջ:
Լուսանկարում, Հեղինէ Չաւուշի մէկ ձեռքում կայ ատրճանակ, միւսում՝ հրացան, իսկ կրծքին եւ գօտկատեղին՝ փամփուշտակալներ: Լուսանկարն արւած է Գէորգ Չաւուշի նահատակութիւնից յետոյ, 1910 թւականին, Այնթապի M. H. Halladjian լուսանկարչատանը:
Լուսանկարի դարձերեսին կայ ձեռագիր հետեւեալ ընծայագիրը. «Հանգուցեալ հերոս Գէորգ Չաւուշի տիկին այրի Հեղինէ։ Մեր յիշատակի նւէրը Տիար Յովհաննէս եւ տիկին Փիդանեան․ 21 յուլիս 1910, Այնթապ, ՀՅԴ»։