Նեթանիահուի ելոյթը ՄԱԿ-ում. կիսադատարկ դահլիճ, բարձրախօսներ Գազայում, ո՞վ է գոռում «Մահ Ամերիկային» Վիկտորինա

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի դահլիճում ներկայ պաշտօնեաների եւ դիւանագէտների մեծամասնութիւնը լքել է դահլիճը հէնց այն պահին, երբ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն բարձրացել է ամբիոն, այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Axios-ը։
Դա Իսրայէլի դէմ ուղղւած համաշխարհային առաջնորդների հերթական բողոքի ակցիան էր, որը պահանջում էր դադարեցնել պատերազմը Գազայում,- գրում է The New York Times-ը։ Նեթանիահուն յայտարարել է, որ Իսրայէլը «չի գործի ազգային ինքնասպանութիւն»՝ թոյլ տալով Պաղեստինի պետութիւն ստեղծել, եւ կտրուկ քննադատել է այն երկրներին, որոնք վերջին օրերին ճանաչել են այն։ «Դա ձեզ համար ամօթի բիծ կը լինի»,- ասել է նա։
Իսրայէլի առաջնորդը յայտարարել է, որ Իսրայէլը Գազայում «գործն աւարտին կը հասցնի» եւ դա կանի հնարաւորինս արագ։
Դահլիճից հնչող բացականչութիւնների ներքոյ Նեթանիահուն իր ելոյթը սկսել է՝ թւարկելով Իսրայէլի յարձակումները իր հակառակորդների եւ հարեւան երկրների վրայ՝ պնդելով, որ դա վերացրել է սպառնալիքները։ Նա կարդացել է Գազայում պահւող պատանդների անունները։ Հինգշաբթի Իսրայէլն այնտեղ բարձրախօսներ է տեղադրել՝ ելոյթը հեռարձակելու համար։
Աւելին, Իսրայէլի հետախուզութիւնը ելոյթը ուղիղ եթերով հեռարձակել է Գազայի բնակիչների, այդ թւում՝ ՀԱՄԱՍ-ի ողջ մնացած առաջնորդների հեռախօսներով։ Նեթանիահուն ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին կոչ է արել յանձնւել, զէնքերը վայր դնել եւ ազատ արձակել պատանդներին։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Բենիամին Նեթանիահուն ուղղակիօրէն դիմել է Գազայի հատւածում գտնւող իսրայէլցի պատանդներին՝ աջակցութեան խօսքերով։
«Մեր քաջարի հերոսներ, վարչապետ Նեթանիահուն ձեզ հետ ուղիղ եթերում խօսում է ՄԱԿ-ից։ Մենք ձեզ վայրկեան անգամ չենք մոռացել։ Իսրայէլի ժողովուրդը ձեզ հետ է։ Մենք չենք կանգնի կամ չենք յանձնւի, մինչեւ բոլորիդ տուն չբերենք»,- եբրայերէն եւ անգլերէն ասել է նա։
Նեթանիահուն մեղադրել է համաշխարհային առաջնորդներին, նշելով, որ նրանք «կոտրւել եւ նահանջել» են, երբ Իսրայէլը դժւարութիւնների է հանդիպել՝ ընդգծելով, որ երկիրը «պատերազմ է մղում եօթ ճակատով՝ գործնականում առանց որեւէ աջակցութեան»։
Ըստ CNN-ի՝ Նեթանիահուն ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում իր ելոյթի ժամանակ ռեկւիզիտներ, քարտէզներ եւ դիագրամներ «մինի-վիկտորինա» է օգտագործել։
Ահա թէ ինչ է նա ցոյց տւել.
QR կոդ. նրա բաճկոնին ամրացւած էր մեծ սպիտակ կրծքանշան՝ QR կոդով։ «Աշխարհի մեծ մասը այլեւս չի յիշում հոկտեմբերի 7-ը, բայց մենք յիշում ենք»,- ասել է Նեթանիահուն՝ մատնացոյց անելով կրծքանշանը եւ ՀԱՄԱՍ-ի յարձակումների մասին կայքին յղում է կատարել QR կոդ առաջարկելով։
Քարտէզ. նա կրկին է ցոյց տւեց անցեալ տարի ՄԱԿ-ում իր ելոյթից մի ռեկւիզիտ՝ քարտէզ՝ «Իրանի ահաբեկչական առանցքի անէծքը» մակագրութեամբ, որտեղ կարմիր գոյնով նշւած էին Իրանը, Իրաքը, Սիրիան եւ Լիբանանը։
Մինի-վիկտորինա. նա ի ցոյց է դրել մի ցուցանակ։ «Եկէք մինի-վիկտորինան անցկացնենք։ Եթէ գիտէք պատասխանը, ձեռք բարձրացրէք,- ասել է Նեթանիահուն։ Ահա առաջին հարցը։ Ո՞վ է գոռում «Մահ Ամերիկային»։ Ա- Իրանը, Բ – ՀԱՄԱՍ-ը, Գ- «Հեզբօլլահ»-ը, Դ- հութիները, թէ՞ Ե- վերը նշւած բոլորը»։ Մի փոքր լռութիւնից յետոյ Նեթանիահուն շարունակել է. «Ճիշտ պատասխանը՝ բոլոր վերոնշեալները»։
The New York Times-ը հաղորդում է, որ մինչ Նեթանիահուն ելոյթ էր ունենում ՄԱԿ-ում, Նիւ Եօրքի Թայմս Սքուերում հաւաքւել էին հարիւրաւոր ցուցարարներ։ Երիտասարդները ծածանում էին պաղեստինեան դրօշներ եւ՝ «Դադարեցրէք ԱՄՆ-ի օգնութիւնը Իսրայէլին», «Ձերբակալէք Նեթանիահուին» եւ «Դադարեցրէք Գազայի սովամահութիւնը» գրութիւններով ցուցապաստառներ։
Հաւաքւածները ծափահարել են այն լուրը, որ Իսրայէլի վարչապետի ելոյթի ժամանակ պետութիւնների ղեկավարները լքել են Գլխաւոր ասամբլեայի դահլիճը: «Նեթանիահու, դու չես կարող փախչել. մենք քեզ մեղադրում ենք ցեղասպանութեան մէջ»,- վանկարկել են ցուցարարները։
«Նեթանիահուին, որի դէմ Միջազգային քրէական դատարանը ռազմական յանցագործութիւնների մեղադրանքով ձերբակալման հրամանագիր է արձակել, ուժեղ ճնշման տակ է ինչպէս ներքին, այնպէս էլ միջազգային մակարդակով: Ուրբաթ նա հերքել է, որ Իսրայէլը ցեղասպանութիւն է իրականացնում՝ որպէս ապացոյց մէջբերելով Գազայի խաղաղ բնակիչների համար տարհանման իր կանոնաւոր հրամանները։
Այս շաբաթ մօտ տասը երկիր, դրանց թւում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Կանադան «երկու պետութիւնների լուծման» իրենց ջանքերի շրջանակում ճանաչեցին Պաղեստինի պետութիւնը: Ի պատասխան՝ Նեթանիահուի իշխող աջակողմեան կոալիցիայի որոշ անդամներ կոչ արեցին բռնակցել օկուպացւած Արեւմտեան ափի ամբողջ կամ մի մասը: Նման քայլը կարող է նրան հակասութեան մէջ դնել իր հիմնական դաշնակցի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որն այս շաբաթ աշխարհի առաջնորդներին վստահեցրեց, որ դա թոյլ չի տայ»,- գրում է պարբերականը: