ԱտրպատականՀամայնք

Ուրմիահայոց Գործակալական խորհրդի ընտրութիւնը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, սեպտեբմերի 25-ին, կէսօրից յետոյ ժամը 4:00-ին, Ուրմիայի Սուրբ Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ Թեմական խորհրդի ժողովական հանդիպումը, Գործակալական կազմի հետ:

Թեմական խորհրդի վերընտրութիւնից յետոյ առաջին ժողովական հանդիպումն էր այս, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի:

Գրիգոր Սրբազանը հայրական սիրով ողջունեց ներկաներին, որոնք իրենց առօրեայ բազմազբաղ կեանքից կարեւոր բաժին են տրամադրում նաեւ եկեղեցուն, ու համայնքին: Նա գնահատեց բոլոր նրանց, ովքեր եկեղեցին ու ծխական համայնքի կենտրոնը իրենց հարազատ տան նման են ընդունում, եւ ճիգ չեն խնայում բարեկարգելու համայնքային կեանքը, իր բոլոր Միութիւններով եւ Կազմակերպութիւններով:

Այս առիթով, Սրբազանը իր բարձր գնահատանքը յայտնեց համայնքի բարերար տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններին, որոնք երկար տարիներից ի վեր մասնաւոր հոգածութիւն են ցուցաբերում ուրմիահայութեան, բարձր պահելով հայ համայնքի տիրական ներկայութիւնը Արեւմտեան Ատրպատականում:

Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը խօսք առնելով, պաշտօնապէս հաստատեց Գործակալական խորհրդի վերընտրեալ կազմի գործունէական կարգավիճակը, Թեմական խորհրդի անմիջական օժանդակութիւնը յայտնելով բոլոր ծրագրերի յաջողութեան համար:

Նոյն առիթով արտայայտւեց Թեմական խորհրդի փոխատենապետ Ալէն Սայեադեանը: Բոլորն էլ յատուկ գնահատանք յայտնեցին Գործակալական խորհրդի անդամ-ներին, գլխաւորութեամբ Վանիկ Յակոբեանսի: Այս առիթով կառոյցի ատենապետ վերընտրւեց Վանիկ Յակոբեանսը, որը գործնապէս մեծ աջակցութիւն էր ցուցաբերել Գործխորհուրդի բոլոր վարչական եւ կալւածային ու շինարարական աշխատանքներին:

Ժողովական հանդիպումը առիթ հանդիսացաւ, որ նիստին ներկայ գտնւող Ուրմիայի Պատգամաւորական ժողովի դիւանի ներկայացուցիչներ Սաքօ եւ Սարինէ Մեջլումեանները իրենց անցեալի աշխատանքային գործունէութեան անդրադառնան, ինչպէս նաեւ Գործակալական խորհրդի առջեւ ծառացող նորանոր աշխատանքների, եւ շինարարական անհրաժեշտ ծրագրերի մասին լայնօրէն արտայայտւեն: Նրանք եւս գնահատեցին Վանիկ Յակոբեանսի նւիրեալ աշխատանքը:

Հանդիպման վերջին օրակարգով տեղի ունեցաւ Գործակալական խորհրդի վարչական աշխատանքի բաժանումը: Ներկաների միաձայնութեամբ ատենապետի պաշտօնին վերընտրւեց Վանիկ Յակոբեանսը. խորհրդատուներ ունենալով՝ Արբակ Սեդրակ Արշակին, Մերուժան Ազարեանին, Վաչիկ Բաբայեանսին եւ Դոկտ. Ռիմա Սարհադեանին:

Յայտնենք նաեւ, որ ժողովական նիստի երկու յատուկ այլ օրակարգերի համար հերթաբար հրաւիրւեցին, Գործակալական խորհրդի նորանշանակ քարտուղարուհի Անի Ազիզեանը, եւ ապա՝ եկեղեցու Խնամակալ մարմնի ատենապետուհի Սոնիկ Էլիասզադէն:

Սրբազան Հայրը եզրափակիչ խօսքով շնորհաւորեց կազմին, բարեյաջող աշխատանք մաղթեց բոլորին: «Պահպանիչ» աղօթքով եզրափակւեց նիստը, բարեմաղթութիւնների փոխանակումով:

Related Articles

Back to top button