Օրբանը սպառնացել է դատի տալ ԵՄ-ին, եթէ Հունգարիային զրկեն վետոյի իրաւունքից

«ԱԼԻՔ» – Եթէ Եւրամիութիւնը սեփական հիմնական օրէնքները խախտի Հունգարիային վետոյի իրաւունքից զրկելու համար, Բուդապեշտը կը դիմի դատարան։ Այս մասին ըստ ռուսական Sputnik-ի՝ յայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Hetek-ին տւած հարցազրոյցում։
«Այն, ինչ հիմա փորձում են անել Բրիւսէլում, առնւազն սահմանադրական նորմերի ակնյայտ խախտում է, քանի որ դա կը յանգեցնի դատական քննութեան, մենք կը դիմենք դատարան, եւ նրանք կը պարտւեն դատարանում»,-ասել է Օրբանը՝ պատասխանելով հաղորդավարի այն դիտարկմանը, որ ԵՄ-ն մտադիր է Հունգարիային զրկել վետոյի իրաւունքից եւ շրջանցել Բուդապեշտը Ուկրաինայի` Եւրամիութեանն անդամակցելու հարցում:
Հունգարիայի վարչապետը նշել է, որ Բրիւսէլում հիմա յոյս ունեն նաեւ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում հեռացնել Հունգարիայի ներկայիս կառավարութեանը, որպէսզի իշխանութեան գան ընդդիմադիր ուժերը, որոնք, նրա խօսքով, Բրիւսէլի ստեղծածն են եւ հսկայական փողեր են ստանում ՀԿ-ների միջոցով, եւ որոնք հաւանութիւն կը տան Ուկրաինայի անդամակցութեանը ԵՄ-ին: