Միքայէլ Սրբազան. «Խոստանում եմ աւելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Ագնեսա Խամոյեանը եւ Գեղամ Մանուկեանն այցելել են Միքայէլ Սրբազանին, որոնց միջոցով փոխանցւել է Սրբազանի նամակը:
Նամակում մասնաւորապէս նշւած է.
«Սիրելիներ,
Այս չարիքի իշխանութիւնը՝ բաղկացած միջակութիւններից եւ բացարձակ ոչնչութիւններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր աւարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստեան, հազարաւոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայութեան հետ։
Սա կը մնայ այս չիշխանութեան ամօթն ու խայտառակութիւնը, թէեւ որքան թքես անամօթի երեսին, իր համար անձրեւ է թւալու։ Խոստանում եմ աւելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր։ Առայժմ այսքանը…
Սիրելի գիւմրեցիներ, հարազատներ,
Շնորհաւորում եմ մեր քաղաքի օրւայ առիթով եւ շնորհակալ եմ զօրակցութեան եւ սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լաւ ուրախանաք եւ ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դէմքերից: Այդ ժպիտը աւելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին եւ այսօր ձեր ցնծութիւնը լաւագոյն նւէրը կը լինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստւած ինձ հետ է միշտ…»։