Մխիթարեանը՝ հաւաքականից հեռանալու մասին. «Ես չէի կարող եւ չէի էլ ուզում վերադառնալ. մի օր ես հրապարակայնօրէն կը պատմեմ՝ ինչու»

«ԱԼԻՔ» – «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը իր ինքնակենսագրութեան մէջ անդրադարձել է Հայաստանի հաւաքականում կարիերան աւարտելու թեմային։
Ֆուտբոլիստը մինչեւ վերջ չի բացայայտել այդ որոշման պատճառները.
«Իմ հրաշալի ճանապարհորդութիւնը հաւաքականի հետ տեւեց գրեթէ տասնհինգ տարի եւ աւարտւեց 2021 թւականի նոյեմբերի 14-ին Երեւանում՝ Գերմանիայից 1:4 հաշւով պարտութեամբ։ Մարդիկ այն ժամանակ դեռ չգիտէին, որ դա իմ վերջին խաղն էր։ Պաշտօնական յայտարարութիւնը յայտնւեց միայն մի քանի օր անց։ Բայց ես ինքս արդէն զգում էի, որ ժամանակն էր։ Ոչ թէ որովհետեւ ինձ իմ տեղում չէի զգում, այլ որովհետեւ հասկացայ՝ հէնց այնտեղ եմ, որտեղ պէտք է լինէի։
Ես շատ էի անհանգստանում երկրպագուների համար, ովքեր մինչ օրս գրում են ինձ ու խնդրում վերադառնալ։ Բայց ես չէի կարող եւ չէի էլ ուզում վերադառնալ։
Մի օր ես հրապարակայնօրէն կը պատմեմ՝ ինչու։ Մինչ այդ միայն կասեմ, որ հանդերձարանում երբեք չեմ վիճել խաղընկերներիս հետ, չեմ բարձրաձայնել, չեմ դրսեւորել անյարգալից վերաբերմունք։ Ամէն անգամ, երբ յագնում էի Հայաստանի շապիկը, հպարտութիւն էի զգում»,- նշել է նա։