Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնը՝ Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, hոկտեմբերի 12-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմի երկու հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցան եկեղեցական արարողութիւններ, նշելու համար Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնը:
Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, եկեղեցական արարողութիւն կատարւեց, ներկայութեամբ Թաւրիզի «Թամարեան եւ Սահակեան» դպրոցի աշակերտութեան, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի սաների: Աշակերտութեան հետ միասին էին նաեւ դպրոցի տեսչութիւնը, երկու հաստատութիւնների ուսուցչական կազմերը, եւ ծնողները:
«Որք զարդարեցին» շարականի եւ «Քրիստոս Աստւած մեր» մաղթանքի կատարումներից յետոյ, առաջնորդ Սրբազանը պատգամեց ներկայ հաւատացեալներին, վեր հանելով Թարգմանիչ Վարդապետների այն աշխատանքը, որով անմահեցրել էին նրան, ինչպէս նաեւ անմահութեան ճանապարհի մէջ էին դրել նաեւ մեր ազգին. «Այսօր եթէ կանք ու գոյատեւում ենք իբրեւ հայ ժողովուրդ, դա մեր գիր ու գրականութեան շնորհիւ է»,- ասաց Սրբազանը, կոչ ուղղելով տէր կանգնել այն աւանդին, որը շնորհւել է մեզ, մեսրոպահիմն արմատներով:
Ուրմիայում եւս տեղի ունեցած եկեղեցական արարողութեան ընթացքին քարոզեց Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանը: Ներկայ էին հաւատացեալներ եւ ծնողական խորհրդի ներկայացուցիչներ:
Նշենք, որ երկու քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցաւ հաւաքական խոստովանանք, եւ բոլոր աշակերտներն ու ծնողները, ինչպէս նաեւ տեսչութեան եւ ուսուցչական կազմի անդամները, հաւատացեալ ներկաները հաղորդւեցին Յիսուսի Սուրբ Մարմնով եւ Արեամբ:
Թաւրիզում կայացած եկեղեցական արարողութեան աւարտին տեղի ունեցաւ հայ մշակոյթի օրւան նւիրւած ամփոփ ձեռնարկ, աշակերտական դասախօսութեան եւ գեղարւեստական ծրագրի ներկայացաման մասնակցեցին Նարէ Բուդաղեանը եւ Մոնթէ Ենովքեանը:
Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնից յետոյ, «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի ուսումնարանի բեմ բարձրացան բոլոր երեխաները, որոնք Թարգմանիչ Վարդապետների նւիրւած հաւաքական ասմունքով տօնեցին նրանց յիշատակը: Ներկայ էին ՀՕՄ-ի վարչութեան անդամները, ծնողները, որոնք մեծապէս քաջալերւեցին իրենց երեխաների ասմունքով:
Սոյն ծրագրին ներկայ գտնւեց Տէր Հայրը, եւ իր քաջալերանքի խօսքերով գօտեպնդեց բոլորին: