ԻրանՔաղաքական

ԱԳՆ խօսնակն ընդգծել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը Գազայում ցեղասպանութիւնը դադարեցնելու անհրաժեշտութեան վերաբերեալ

«ԱԼԻՔ» – ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային պատասխանել է Շարմ էլ Շէյխի գագաթնաժողովին Իրանի մասնակցութեան վերաբերեալ ԻՌՆԱ-ի թղթակցի հարցին:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը նախկինում արտայայտել է իր դիրքորոշումը, որ ողջունում է որեւէ գործողութիւն, որը կը կանգնեցնի Գազայում ցեղասպանութիւնը եւ կը նւազեցնի ճնշւած պաղեստինցի ժողովրդի տառապանքները, կը հեռացնի օկուպանտներին այս գօտուց եւ կապահովի առաջին անհրաժեշտութեան  իրերի անարգել առաքումը»,- ասել է նա՝ յստակեցնելով. «Միեւնոյն ժամանակ, պէտք է նշեմ, որ մենք որեւէ ծրագիր չունենք մասնակցելու այս հանդիպմանը (Շարմ էլ Շէյխի գագաթնաժողով-ԽՄԲ.)»:

ԱԳՆ խօսնակը բարձր է գնահատել պաղեստինեան ժողովրդի յամառութիւնը, համբերատարութիւնը եւ զոհաբերութիւնը օկուպացիոն ռեժիմի կողմից վերջին երկու տարիների ընթացքում իրականացւած ռազմական յանցագործութիւնների եւ ցեղասպանութեան դէմ պայքարում եւ նշել, որ Պաղեստինի ապագայի վերաբերեալ որոշումները պատկանում են բացառապէս պաղեստինեան ժողովրդին եւ նրա իրական ներկայացուցիչներին՝ յոյս յայտնելով, որ տարածաշրջանի երկրները եւ միջազգային հանրութիւնը, դասեր քաղելով համաձայնագրերի խախտումներով եւ վայրագութիւններով ու յանցագործութիւններով լի սիոնիստական ռեժիմի պատմութիւնից, թոյլ չեն տայ, որ կրկնւեն օրէնքի եւ ստանձնած պարտաւորութիւնների խախտումները։

Բաղային նաեւ շնորհակալութիւն է յայտնել Եգիպտոսի կառավարութեանը Շարմ էլ Շէյխի գագաթնաժողովին Իրանին հրաւիրելու համար՝ ընդգծելով իսլամական աշխարհի եւ տարածաշրջանի երկրների միջեւ համերաշխութեան եւ կարծիքների միասնութեան կարեւորութիւնը՝ պաղեստինեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման եւ սիոնիստական ​​ռեժիմի գերիշխանութեան ու պատերազմ հրահրելու սպառնալիքներին դիմակայելու գործում:

Related Articles

Back to top button