Հայաստան - ԱրցախՔաղաքական

Համագործակցութեամբ եւ համախմբւածութեամբ Հայ եկեղեցին պաշտպանել ամէն տեսակ ներքին ու արտաքին ոտնձգութիւններից

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

Ականատես լինելով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ ՀՀ իշխանութիւնների սանձազերծած յարձակումներին ու հալածանքներին եւ հակազգային գործունէութեանը՝ ՀՅԴ Բիւրօն բացարձակապէս անընդունելի է համարում այդ բոլորի հեղինակ անձին արժանացնել Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի յատուկ ուշադրութեանը, ինչն արդարօրէն առաջացրել է Սփիւռքի եւ Հայրենիքի հայութեան բուռն ընդվզումը։

Հայրենիքում տեղի ունեցածը ծրագրւած յարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլեւ հաւատաւոր ողջ հայ ժողովրդի, նրա ինքնութեան եւ ազգային նկարագրի վրայ, եւ երբեք չի կարելի այն ընկալել իբրեւ եկեղեցու եւ պետութեան միջեւ հակամարտութիւն։

Այս օրերին ՀՀ իշխանութիւնների կողմից բարձրաստիճան հոգեւորականների կալանաւորումն ու եկեղեցու թիրախաւորման դատապարտելի վարքագիծը հրամայական պահանջ է ստեղծում՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսական աթոռների համընդհանուր ճիգերով պաշտպանել հայ ժողովրդի կեանքում բացառիկ ազգային արժէք ներկայացնող եկեղեցին։

Մեր յորդորն է՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու Կաթողիկոսների սերտ համագործակցութեամբ եւ իրենց շուրջ համախմբւած մեր ժողովրդի անմնացորդ աջակցութեամբ Հայ Եկեղեցին պաշտպանել ամէն տեսակ քանդիչ, հայ ժողովրդի ինքնութիւնը խաթարող եւ նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգութիւններից։

ՀՅԴ ԲԻՒՐՕ

17 հոկտեմբերի, 2025

Related Articles

Back to top button