Երբ պատմութիւնն ու առասպելը միահիւսւում են կանացիութեան հետ
Զրոյց քանդակագործ-նկարիչ Արփինէ Մարկոսեանի հետ

Արփինէ Մարկոսեանը՝ ծնւած Ահւազում 1980-ականներին, ներկայանում է, որպէս ժամանակակից հայ նկարիչ եւ քանդակագործ, որի ստեղծագործութիւններում առանձնանում են կանացիութեան, պատմութեան եւ առասպելի միահիւսումները։
Դիմայարդարման եւ դիմակների բակալաւրի աստիճան ունեցող Մարկոսեանը 2020-ից ակտիւօրէն գործում է կերպարւեստի ոլորտում։ Նա ղեկավարել է «Հիրքանիայի կարմիր եղջերու» նախագիծը եւ մասնակցել մի շարք ցուցահանդէսների՝ «Կարմիր վարդի գաղտնիքը» ստեղծագործութեամբ՝ «Տեսանելի վարագոյրներ, անտեսանելի վարագոյրներ»-ին (պատկերասրահ O), «Եաֆթէ գալերիայի» «Թիք-Թաք»-ին, ինչպէս նաեւ «ՓԻՇԻՄԻՇԻ» խմբակային ցուցահանդէսին՝ «Իւզ Բանու» ստեղծագործութեամբ:
Նրա «Իւզ Բանու» քանդակը՝ նւիրւած է եղել ընտանեկան բռնութիւնների արդիւնքում կամ այլ վայրերում կատարւած թթւային խոշտանգումների զոհերին, ինչը լայն արձագանք է գտել արւեստասէրների շրջանում։

Արւեստաբան եւ ցուցահանդէսների համադրող Սանազ Արիանֆարի զրոյցը Արփինէ Մարկոսեանի հետ կայացել է 2025-ի սեպտեմբերին՝ «Եաֆթէ» պատկերասրահում իրականացւած «Շահնամէի կանայք» խմբակային ցուցահանդէսի առիթով։
Արիանֆար Սանազ- Ամենասկզբում պատմէք ձեր մասին, թէ ինչ ճանապարհ էք կտրել արւեստի ասպարէզում:
Արփինէ Մարկոսեան- Այն մասին, թէ՞ ինչպէս արւեստը դարձաւ իմ ճակատագիրը: Մանկուց շրջապատւած լինելով մայրիկիս ստեղծագործ միջավայրով՝ մօտս առաջացաւ հետաքրքրութիւն տեսողական արւեստների նկատմամբ։ Մայրս Ահւազում նկարչութեան դասընթաց էր վարում: Թէեւ դպրոցական տարիներից կար հետաքրքրութիւն բժշկութեան ուղղութեամբ, այնուամենայնիւ ընտրեցի արւեստի ուղին։ Համալսարանից շրջանաւարտ եղայ Դիմայարդարութեան ուղղւածութեամբ ու անմիջապէս անցայ աշխատանքի: Press TV-ի եւ մի շարք հեռուստաֆիլմերի հետ աշխատելն ինձ շատ բան տւեց։ Ուսման հետ միասին խորացայ քանդակագործութեան ուղղութեամբ: Այդ ժամանակ էր, որ հանդիպեցի դոկտ. Մորթեզա Մոթաղիին՝ եւ սկիզբ դրւեց մեր մասնագիտական համագործակցութեանը, որը շարունակւում է մինչ օրս։
«Սաղաւարտները» եւ «Հիրքանի եղջերուն» այդ համագործակցութեան շրջանի արդիւնքներից են: Իսկ «Կնոջ յուշագրութիւնները»՝ նւիրւած կանանց խորհրդանշական կերպարներին, այդ մասնագիտական համագործակցութիւնից ծնւած անձնական նախագիծս է:

– «Կանանց սաղաւարտներ» նախագիծը շատ հետաքրքիր վերնագիր ունի։ Կարո՞ղ էք պատմել դրա մասին։
– Այս նախագիծը խորապէս կապւած է իմ ներաշխարհի հետ։ Իւրաքանչիւր գաղափար ծնւում է զգացմունքներից ու տրամադրութիւնից: Դրանցից ոչ մէկը նախապէս եղածի կրկնօրինակը չէ։ Դիզայնը մշակում եմ ըստ ընտրւած թեմայի, այնուհետեւ պատրաստում միեւնոյն տեխնիկայով՝ սկզբում երկաթալարերն եմ ամրացնում, ապա մակերեսը ծածկում շաղախի մածուկով եւ վերջապէս վերջնական տեսքի բերում այդ զանգւածը: Շատերն են հարցնում՝ ինչու հէնց երկաթ։ Ինձ համար դա խորհրդանշում է կանանց այն դիմացկունութիւնը, որն անհրաժեշտ է հասարակութեան մէջ իրենց տեղը պաշտպանելու եւ առաջ գնալու համար։ Այդ ամրութիւնն ու դիմացկունութիւնը անգիտակցաբար սեփական փորձի արտացոլանքն են։ Ասեմ նաեւ, որ սաղավարտը, իմ ընկալմամբ, ոչ թէ զէնք է, այլ պաշտպանական վահան: Այն խորհրդանիշ է ուժի, տոկունութեան եւ ինքնապաշտպանութեան։ Եւ որքան խորանում եմ այս թեմայի մէջ, այնքան աւելի եմ զգում՝ սա իմ ճանապարհն է արւեստում։
– «Իւզ Բանու» ստեղծագործութեամբ դուք անդրադարձել էք թթւային խոշտանգումների թեմային։ Ինչո՞ւ հէնց այս գաղափարը։
– Գաղափարը ծնւեց Հռոմուլոսի եւ Հռեմոսի լեգենդից՝ էգ գայլի կաթով կերակրւած երկւորեակների պատմութիւնից։ Այդ խորհրդանիշը ես փոխարինեցի լուսանով՝ որպէս Իրանի խորհրդանիշ եւ կանացի ուժի մարմնացում։
Սակայն աշխատանքի ընթացքում, երբ լուսանի դէմքը մնաց անաւարտ, այն ինձ յիշեցրեց խոշտանգւած այն կանանց, որոնց դէմքերը վառւել են թթւով։ Այդ անաւարտութիւնը դարձաւ նաեւ մայրութեան փոխաբերութիւն՝ կանացի անձնուրացութեան խորհրդանիշ։ Այդ քանդակում սաղաւարտը կրկին ներկայ է՝ որպէս պաշտպանական վահան, իսկ պոչը անհունութեան նշանով է պատկերւած եւ կանանց նկատմամբ շարունակական բռնութեան խորհրդանիշ է։
– Դուք ծնւել էք Ահւազում՝ հայկական ընտանիքում։ Ինչպէ՞ս է այս միջավայրն ազդել կամ ձեւաւորել ձեր գեղարւեստական տեսլականը։
– Ահւազն ինձ եւ քրոջս ու եղբօրս համար հակասութիւնների քաղաք էր՝ գոյներով հարուստ, բայց սահմանումներով ու ճնշող վերաբերմունքով։ Այնտեղ մեծանալը մեզ համար ուսանելի, բայց բարդ փորձ էր։ Հայրս աշխատում էր նաւթային ընկերութիւնում, մայրս՝ նկարչութեան ուսուցչուհի էր, եւ մեր տնից անպակաս էր այդ ստեղծագործական շունչը: Միեւնոյն ժամանակ, ապրելով միջավայրում, որտեղ հայերի (քրիստոնեայի) նկատմամբ էթնիկական եւ սոցիալական զգայնութիւնները շօշափելի էին, ես սովորեցի զգուշաւոր արտայայտւելու հնարքները։ Երբեմն այդ զգուշաւորութիւնը վերածւում էր լռութեան՝ ներքին իմաստով դիմադրութեան ձեւ դառնալով։
Պատերազմի տարիների յիշողութիւնները նոյնպէս խորը հետք թողեցին՝ վախից ծնւող յամառութեան տեսքով։ Գուցէ հէնց այդ ապրումներից է ձեւաւորել իմ բնաւորութեան մարտիկի կողմը։
Այս բոլորը՝ հայկական իմ ինքնութիւնը, Ահւազի մթնոլորտը, պատերազմի տարիները ազդել են իմ արւեստի լեզւի վրայ: Այնտեղ ընդգծւած կոշտութիւն կայ, դիմադրութիւն եւ կանացիութիւն նոյնպէս, որտեղ միահիւսւում են խոցելիութիւնն ու ուժը։
– Ձեր աշխատանքներում յաճախ աչքի են ընկնում խորհրդանիշներ, առասպելներ եւ պատմական տարրեր։ Պատմութեան սիրահա՞ր էք:
– Դպրոցում պատմութեան դասերը ձանձրալի էին, բայց այսօր ինձ համար պատմական կոթողներն ու առասպելաբանութիւնը ոգեշնչման աղբիւր է։ Պատմական միջավայրերից ստացած տպաւորութիւնները յատուկ էներգիայով արտացոլւում են իմ ստեղծագործութիւններում։
Այս հետաքրքրութիւնը անդրադառնում է նաեւ նիւթերի ընտրութեան վրայ: Օրինակ՝ փայտը, որի հիւսւածքներն ու հանգոյցները պատմութիւն են պատմում եւ գործում պահպանում եմ անփոփոխ որպէս՝ յիշողութիւնների եւ անցեալի խորհրդանիշ։
Իսկ քանի որ պատմութեան մասին է, ապա պատմութեան ազդեցիկ կանայք միշտ եղել են իմ ոգեշնչման աղբիւրը՝ որոնք ենթագիտակցաբար ներկայ են իմ թեմաներում։
– Կը պատմէ՞ք «Շահնամէի կանայք» ցուցահանդէսի եւ ձեր Սուդաբէի կերպարի մասին։
– Նախագիծը շուրջ չորս տարի առաջ եմ սկսել: Կերպարների ընտրութիւնը՝ նախագծի գեղարւեստական ղեկավար Սինա Ասադիի առաջարկով էր: Ինչ մնում է ինձ, կարեւոր էր Սուդաբէի պատմութեան ուսումնասիրելը ստեղծագործութիւնն առաւել իրական դարձնելու համար։
Հետաքրքիր է, որ բացման օրը շատերն ասացին, որ Սուդաբէի արձանն իմ դիմանկարն է, բայց դա պարզապէս մեկնաբանութիւն էր։ Սուդաբէն «Շահնամէի» քիչ հրապուրող ու ժողովրդականութիւն վայելող կին կերպարներից է: Սակայն նրա պատմութիւնն ինձ համար ոգեշնչող էր։ Յատկապէս աշխատանքն իրականացնելու համար էր պէտք իմանալ նրա բոլոր գաղտնիքների մասին: Նա ամուսնանում է վաղ տարիքում Քէյքաւուսի հետ՝ առանց ընտրելու իրաւունքի: Այդ ամուսնութիւնն անհրաժեշտ էր հօր պահանջով՝ հայրենիքը պաշտպանելու համար: Իսկ հետգայում, երբ նրա հայրը Քէյքաւուսին բանտարկում է, նա մնում է հաւատարիմ իր ամուսնուն, եւ տեղափոխւում բանտ, չնայած ազատ արձակւելու հնարաւորութեանը։ Հետագայում սիրահարւում է Սիաւաշին՝ զգացմունքների անկանխատեսելիութեան ու մարդկայինի խորհրդանիշ դառնալով։
Արձանի փեշի տակ տեղադրւած կոտրւած հայելին լոյսի ու մաքրութեան խորհրդանիշ է, ինչպէս նաեւ խախտւած մարդկային խոստումների։ Այս կերպարի մարմնաւորումն ինձ համար մեծ առիթ էր եւ լուրջ փորձութիւն: Սուդաբէի հետ ես ապրել եմ երկար ու հոգատար չորս տարի։
– Ինչ ուղերձ ունէք «ԱԼԻՔ»-ի ընթերցողներին՝ որպէս կին քանդակագործ։
– Խօսքս տնային տնտեսուհիներին եմ ուղղելու: Ինչպէս նրանք ընտանիքում են ջանք ու սէր ներդնում, նոյն ոգով կարող են կենտրոնանալ նաեւ ստեղծագործական կամ մասնագիտական գործունէութեան վրայ։ Այդ դէպքում իրենց օրերը չեն կորչի՝ առօրեայ կեանքում, եւ նրանք կը դառնան լիարժէք ու ստեղծագործ մասնագէտ իրենց ցանկալի ասպարէզներում: Շատ տաղանդաւոր հայ կանայք կան, յատկապէս արւեստի ոլորտում, սակայն յաճախ ամբողջ ուժն ու էներգիան ծախսում են առօրեայի վրայ: Ժամանակն անցնում է, երեխաները մեծանում են… Աշխատելով վերականգնել սեփական անկախութիւնն ու ստեղծագործական ոգին, կինն իր ընտանիքի հպարտութեան աղբիւրը կը դառնայ:
ՍԱՆԱԶ ԱՐԻԱՆՖԱՐ,
Շահրիւար 1404



