ԻրանՔաղաքական

Լարիջանի. «Թշնամուն խելքի բերելն առանց պայմանների զիջումներով հնարաւոր չէ»

«ԱԼԻՔ» – Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հանդիպել է հումանիտար գիտութիւնների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձել է երկրի դէմ ուղղւած արտաքին ճնշումներին եւ բանակցութիւնների քաղաքականութեանը։

Ինչպէս հաղորդում է «Թասնիմ»-ը՝ Լարիջանին ընդգծել է, որ թշնամու հիմնական նպատակը «Իրանի եւ իրանացի ժողովրդի կամքը կոտրելն է»։ Նրա խօսքով՝ նոյն ուժերը, որոնք ժամանակին համաձայնել էին Իրանի ուրանի հարստացման ծրագրի իրականացմանը, այժմ պահանջում են այն դադարեցնել։

«Սկզբում ասում էին՝ հարստացում չունենաք, յետոյ աւելացրին՝ հրթիռային ծրագիր էլ չպէտք է ունենաք, իսկ հիմա էլ պահանջում են, որ տարածաշրջանում միայն իրենց թելադրածը իրականացնենք։ Այս քաղաքականութիւնը վերջ չունի եւ դիմակայութիւն է պահանջում»,- նշել է նա։

Լարիջանին շեշտել է, որ Իրանը դէմ չէ բանակցութիւններին, սակայն դրանք պէտք է լինեն իրական եւ փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած․

«Խօսքը ոչ թէ բանակցութիւնները մերժելու մասին է, այլ այն մասին, որ բանակցութիւնները չպէտք է վերածւեն պարտադրանքի։ Մենք տեսել ենք՝ երբ մենք բանակցում էինք, նրանք պատերազմ էին սկսում»։

Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների սպառնալից յայտարարութիւններին եւ նշել, որ նման ճնշումները չեն կարող արդիւնք տալ․

«Թշնամուն խելքի բերելն առանց պայմանների զիջումներով հնարաւոր չէ։ Ճիշտ ուղին մրցակիցների մօտեցումները փոխելու համար ազգային համախմբումն է»,- ընդգծել է Լարիջանին։

Խորհրդի քարտուղարի խօսքով՝ այդ համախմբման կարեւոր բաղադրիչը տնտեսական կայունութեան վերականգնումն է․

«Մեր դիմակայութեան հիմքը պէտք է լինի տնտեսական ուժեղացումը՝ ժողովրդի կեանքի կայունութիւնը վերականգնելու համար»,- յաւելել է նա։

Related Articles

Back to top button