Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արա Պօղոսեան. «Մինչ Հայաստանում քարոզւում է բարիդրացիութիւն, Ադրբեջանում տեղի է ունենում ճիշտ հակառակը»

«ԱԼԻՔ» – «Խաղաղութեան մասին Հայաստանում եւ Ադրբեջանում պատկերացումները արմատապէս տարբերւում են։ Մինչ Հայաստանում քարոզւում է բարիդրացիութիւն, հարեւանութիւն, պատմութեան ուրացում, սեփական ողբերգութիւնների մէջ իրական մեղաւորներին մեղադրելու փոխարէն այլ մեղաւորներ գտնելու ճանապարհ եւ այլն, Ադրբեջանում տեղի է ունենում ճիշտ հակառակը»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Արա Պօղոսեանը՝ շարունակելով.

«Այսպէս՝ Իլհամ Ալիեւը, համարելով, որ պատմական այս ժամանակահատւածի համար կարողացել է իրագործել իր պլան մաքսիմումը, այժմ նոր՝ աւելի ամբիցիոզ ծրագիր է առաջարկու Ադրբեջանին։

Պատմութեան խեղաթիւրման, կեղծ պատմագիտական գործերի, «յաղթնակած ժողովրդի» նարատիւի կապիտալիզացման միջոցով Ադրբեջանի բռնապետը առաջ է քաշում իր նոր ու ամբիզիոզ ծրագիրը՝ «գրաւել Հայաստանն առանց տանկերի»։ Ի՞նչ է իրենից ներկայացնում բաքւեցի բռնապետի այս թէզը՝ ըստ էութեան սրա միջոցով Ալիեւը յոյս ունի փոխել Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը, եւ ստանալ Հայաստանում ադրբեջանական փոքրամասնութիւն, որը հնարաւորութիւն կը տայ պատեհ առիթի դէպքում գործուն միջամտութիւն ունենալու հնարաւորութիւն Հայաստանի Հանրապետութեան ներքին գործերին։

Հայաստանի «անդամահատման» առաջին էտապի մասին պատկերացում է տալիս Իլհամ Ալիեւի օգոստոսի 9-ի յայտարարութիւնը. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրւած համաձայնութիւնը յստակ ցոյց է տալիս մեր ցանկութիւնները, ցոյց է տալիս, որ մենք ուզում ենք խաղաղութիւն։ Բայց մենք նաեւ ցանկանում ենք փոխկապւածութիւն»:

Փոխկապւածութիւն ասելով բնականաբար Ալիեւը նկատի չունի փոխադարձութիւնը, ինչպէս կը փորձեն համոզել «Ադրբեջանի իրաւունքների պաշտպանները Հայաստանում», կամ համագործակցութիւնը, այլ նկատի ունի շատ կոնկրետ կոնֆիգուրացիա, որտեղ Հայաստանի լոգիստիկ շղթան, էներգետիկ համակարգը, ենթակառուցւածքները կախւած կը լինեն Ադրբեջանից, ինչը Ադրբեջանին կը տայ յաւելեալ ազդեցութեան լծակներ, եթէ յանկարծ Հայաստանում փոխւի իշխանութիւնը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի սպասարկման հարցում խոչընդոտներ առաջանան։

Ալիեւի «աշխարհակալ» նպատակները սակայն ունեն նաեւ ա՛յլ թիրախներ՝ երկրի ներսում սեփական իշխանութեան յաւերժացում կամ ժառանգական իրաւունքների հաստատում։ Այս նպատակին հասնելու համար Ալիեւը խնդիր ունի արտաքին եւ ներքին թշնամիների կերպարների ստեղծման։ Արտաքին թշնամու կերպարը հայերն են, եւ Ալիեւը նոր թէզեր բերելով հիմնաւորում է հայերի եւ Հայաստանի դէմ ագրեսիւ պայքարի շարունակման անհրաժեշտութիւնը, իսկ ներքին թշնամու կերպարը յեղաշրջման հարցում արտաքին թշնամական ուժերի հետ համագարծակցող ուժերն են (Ռամիզ Մեհդիեւ եւ միւսներ), կրօնական համայնքներ եւ իհարկէ հայերից յետոյ ալիեւների համար ամենաատելի էթնիկ խումբը՝ թալիշները։

Որքան Հայաստանում շուտ հասկանան, թէ ինչ կովկասեան հրեշի հետ են գործ բռնում, այնքան աւելի շատ հնարաւորութիւն կը լինի վաղը պետութիւն, հայրենիք եւ ինքնութիւն պահպանելու համար։

Մի բան փաստ է՝ Ադրբեջանը իր առաջ դրել է տասնամեակների ծրագիր, Հայաստանի իշխանութիւնների ձեռամբ երկիրն անգամ վաղւայ մասին չունի յստակ պատկերացում»։

Related Articles

Back to top button