
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին նոյեմբերի 3-ին, Աբանի 13-ի՝ «Ուսանողի օրւայ եւ համաշխարհային ամբողջատիրութեան դէմ պայքարի ազգային օրւայ» նախօրէին, հանդիպել է հազարաւոր աշակերտների, ուսանողների եւ 12-օրեայ պատերազմի նահատակների ընտանիքների հետ։
Իր ելոյթում նա 1979 թւականի նոյեմբերի 4-ի՝ ԱՄՆ դեսպանատան գրաւման օրը կոչել է «պատւի եւ յաղթանակի օր», երբ բացայայտւեց «ԱՄՆ կառավարութեան իրական էութիւնը»։
Այաթ. Խամենէին ընդգծել է, որ Իրանի ժողովրդի եւ ԱՄՆ-ի հակամարտութիւնը արմատապէս բնոյթային է եւ բխում է երկու համակարգերի՝ ԱՄՆ-ի ու Իսլամական Հանրապետութեան շահերի բախումից։ Նա նշել է, որ միայն այն դէպքում, եթէ Վաշինգտոնը դադարեցնի իր աջակցութիւնը սիոնիստական ռեժիմին, դուրս բերի իր ռազմական բազաները տարածաշրջանից եւ դադարի միջամտել տարածաշրջանային գործերին, կարելի կը լինի քննարկել ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների գաղափարը, բայց ոչ մօտ ապագայում։
Խօսելով Իրանի ներքին կայունութեան եւ զարգացման մասին՝ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շեշտել է, որ երկրի պաշտպանութիւնն ու բարգաւաճումը հնարաւոր է միայն հզօրութեան միջոցով՝ կառավարման, գիտութեան, ռազմական եւ հոգեւոր ուժեղացման ճանապարհով։
Անդրադառնալով Իրանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւնների պատմութեանը՝ նա յիշեցրել է մորդադի 28-ի յեղաշրջումը՝ ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի կազմակերպմամբ, ինչի արդիւնքում տապալւեց Մոհամմադ Մոսադեղի ազգային կառավարութիւնը։ Այաթ. Խամենէին նշել է՝ հէնց այդ ժամանակից Իրանի ժողովուրդը ճանաչեց Ամերիկայի ամբարտաւան բնոյթը։
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ 1979 թւականի նոյեմբերի 4-ի դեսպանատան գրաւումը ուսանողների կողմից «պատմական եւ ինքնութեան բացայայտման» իրադարձութիւն էր․ այն ցոյց տւեց ինչպէս ԱՄՆ-ի իրական դէմքը, այնպէս էլ՝ յեղափոխութեան բնոյթը։ Նա յիշեցրել է, որ ուսանողները դեսպանատանը յայտնաբերել էին փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ դիւանագիտական կառոյցը գործնականում եղել է «յեղափոխութիւնը տապալելու դաւադրութեան կենտրոն»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի շարունակական հակաիրանական քաղաքականութեանը՝ այաթ. Խամենէին յիշեցրել է Իրաքի պարտադրւած պատերազմը, իրանական ուղեւորատար ինքնաթիռի խոցումը եւ տնտեսական պատժամիջոցները՝ որպէս ԱՄՆ-ի «թշնամական վարքագծի» օրինակներ։ Նա ասել է, որ «ԱՄՆ-ի եւ Իսլամական Հանրապետութեան հակասութիւնը ոչ թէ տակտիկական կամ ժամանակաւոր հարց է, այլ՝ էութենական բախում»։
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը քննադատելով այն կարծիքը, թէ «Ամերիկայի հետ թշնամանքը պայմանաւորւած է «Մահ Ամերիկային» կարգախօսով», ընդգծել է, որ խնդիրը կարգախօսի մէջ չէ, այլ՝ շահերի հակադրութեան։ Նա յաւելել է, որ ԱՄՆ-ը միշտ էլ ցանկացել է, որ Իրանը յանձնւի, սակայն իրանցի ժողովուրդը «իր հաւատքով, երիտասարդութեամբ եւ գիտական ներուժով երբեք չի ենթարկւի»։
Խօսելով ապագայի մասին՝ այաթ. Խամենէին ընդգծել է, որ իրական լուծումը երկրի հզօրացումն է՝ բոլոր ոլորտներում։ Նա կոչ է արել պետական կառոյցներին, Զինւած ուժերին եւ երիտասարդութեանը գործել վճռականութեամբ, քանի որ միայն հզօր երկիրը կարող է ապահովել ազգային անվտանգութիւն։
Իր ելոյթի աւարտին այաթ. Խամենէին կարեւորել է երիտասարդների գիտական առաջընթացն ու քաղաքական իրազեկութիւնը՝ կոչ անելով ստեղծել ուսուցողական խմբեր, քննարկել երկրի պատմական իրադարձութիւնները եւ պահպանել գիտական առաջընթացի տեմպը։ Նա նաեւ նշել է, որ Իրանի ռազմական ոլորտում առաջընթացը շարունակւելու է, եւ «ոչ մի տէրութիւն չի կարող ծնկի բերել իրանցի ժողովրդին»։



