Ինտերւալային սովը չի նւազեցնում սրտի հիւանդութիւնների ռիսկը

Ռացիոնի կալորիականութեան սահմանափակում չունեցող ինտերւալային սովը չի բարելաւում սրտանօթային առողջութեան եւ արեան գլիւկոզայի վերահսկողութեան ցուցանիշները։ Այս եզրակացութեանն են եկել Պոտսդամ-Ռեբրիւկէի Մարդու սնուցման գերմանական ինստիտուտի (DIfE) գիտնականները։ Աշխատանքի արդիւնքները հրապարակւել են «Science Translational Medicine (STM)» ամսագրում։
Հետազօտութեանը մասնակցել է աւելորդ քաշով կամ ճարպակալմամբ 31 կին։ Երկու շաբաթւայ ընթացքում մասնակիցները հետեւել են ինտերւալային սովի դիետային, որի շրջանակներում սննդի ընդունման ժամանակը սահմանափակւում է մի քանի ժամով։ Առաջին խումբը կարող էր սնւել 8:00-ից մինչեւ 16:00-ն, իսկ երկրորդը՝ 13:00-ից մինչեւ 21:00-ն։ Երկու խմբերում սննդակարգի կալորիականութիւնն ու բաղադրութիւնը գրեթէ չեն տարբերւել։
Չորս այցելութիւնների ընթացքում մասնակիցներից արեան նմուշներ են վերցւել լաբորատորիայում։ Գիտնականները նաեւ իրականացրել են գլիւկոզայի նկատմամբ պերօրալ հանդուրժողականութեան թեստ՝ ածխաջրերի եւ ճարպերի մետաբոլիզմը վերլուծելու համար։ Ի տարբերութիւն նախորդ ուսումնասիրութիւնների, նոր աշխատանքը ինսուլինի նկատմամբ զգայունութեան, արեան մէջ շաքարի մակարդակի, արեան մէջ ճարպերի պարունակութեան կամ բորբոքման մարկերների կլինիկականօրէն զգալի փոփոխութիւններ չի յայտնաբերել ինտերւալային սովի դէպքում։
Հետազօտողները նաեւ նշել են, որ սրտանօթային առողջութեան ցուցանիշները զգալիօրէն չեն բարելաււել։
«Նախկինում կատարւած ուսումնասիրութիւններում նշւած առողջական օգուտները, հաւանաբար, պայմանաւորւած են եղել կալորիաների ընդունման ոչ միտումնաւոր կրճատմամբ, այլ ոչ թէ սննդի ընդունման ժամանակի կրճատմամբ։ Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել կամ բարելաւել նիւթափոխանակութիւնը, պէտք է ուշադրութիւն դարձնեն ոչ միայն ժամանակին, այլեւ իրենց սննդի էներգետիկ արժէքին»,- բացատրել է ուսումնասիրութեան համահեղինակ, պրոֆեսոր Օլգա Ռամիչը։
News.am



