Հնագէտ Համլետ Պետրոսեանը մանրամասներ է յայտնել Լեռնահովիտից յայտնաբերւած քրիստոնէական թեմայով կոթողից

«ԱԼԻՔ» – Օրեր առաջ Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում քրիստոնէական թեմայով բացառիկ քանդակազարդ կոթող է յայտնաբերւել։
ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պ.գ.դ. պրոֆեսոր, հնագէտ Համլետ Պետրոսեանը Panorama.am-ի հետ զրոյցում պատմել է, որ գիւղի տներից մէկի տանտիրուհին է նկատել, հանւած քարի վրայ քանդակները։ Այս մասին տեղեկացւել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ին։
Հ. Պետրոսեանն ասել է, որ, ընդհանրապէս, Հիւսիսային Հայաստանը, ներառեալ Լոռին, Տաւուշը, ներկայիս Վարաստանի հարաւային հատւածները, վաղ քրիստոնէական մի օջախ են, որի ամենակարեւոր առանձնայատկութիւններից մէկը նման կոթողների կանգնեցումն էր։
«Քանի որ այդտեղ քարը ֆելզիտ է, մոխրագոյն բազալտը, շատ հեշտ է եղել փորագրել կոնկրետ տեսարաններ, Հայաստանի այլ մասերի համեմատ, այստեղ պատկերն աւելի յստակ է, մանրամասն։ Նման բազմաթիւ կոթողներ կան։ Դրանք 19-րդ դարի վերջերից սկսած հետազօտւել են»,- նշել է հնագէտը։
Նման կոթողները, Հ. Պետրոսեանի ներկայացմամբ՝ ունենում են գետնախարիսխ, պատւանդան։

«Յայտնաբերւածը կոթողի սեան մի հատւածն է։ Ամենահաւանական թւագրութիւնը՝ մօտաւորապէս 5-րդ դարի կէսերից մինչեւ 7-րդ դարի կէսերը՝ մինչեւ արաբական արշաւանքը»,- ասել է նա։
Հնագէտը մանրամասնել է, որ սիւնը սովորաբար աւարտւում է խոյակով, խոյակի վրայ դրւում է խաչակալը, խաչակալի վրայ ամրացւում է թեւաւոր խաչը։ Դրանք շատ հեռւից տեսանելի են լինում, քանի որ ունենում են մինչեւ 6-12 մետր բարձրութիւն։
«Նման տիպի կոթողներին յստակ ներկայացւած է Յորդանան գետում Քրիստոսի մկրտութեան պատկերը»,- ասել է Հ. Պետրոսեանը։
Կոթողի վրայ որեւէ արձանագրութիւն չկայ։
«Կոթողն ինքն իրենով հետաքրքիր է, բայց առաջնայինը կը համարեմ շատ ճշգրիտ, մանրակրկիտ, մաքուր կատարումը»,- ընդգծել է մասնագէտը։
Համլետ Պետրոսեանն ասել է, որ ընդհանրապէս նման կոթողներն առաջին հերթին ընկալւում էին որպէս Քրիստոնէութեան յաղթանակի նշան, կանգնեցւում էին, երբ որեւէ շրջան, իշխանական տոհմ պաշտօնապէս հաւաստում էր Քրիստոնէութեան ընդունումը։
«Կանգնեցւում էին նաեւ որպէս նոր հաւատի երկրպագութեան նշան՝ յատկապէս քաղաքների հրապարակներում, խոշոր ճանապարհների խաչմերուկներում, բարձր բլուրների վրայ»,- նշել է հնագէտը։
Կոթողը դեռեւս գտնւում է այն վայրում, որտեղ յայտնաբերւել է՝ մինչեւ համապատասխան պետական վարչութիւնները, մասնագէտների հետ խորհրդակցելով, կոթողի տեղափոխման վերաբերեալ որոշում կը կայացնեն։



