Փաշինեանը եւ ապստամբ հոգեւորականներն ընդդէմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Անցած շաբաթ մի քանի կարեւոր զարգացումներ տեղի ունեցան, որոնք աւելի սրեցին առճակատումը Հայոց Եկեղեցու եւ կառավարութեան միջեւ։
Յունիսից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինեանը փորձում է հեռացնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ նրան փոխարինել աւելի հնազանդ հոգեւորականով՝ խախտելով Եկեղեցու եւ պետութեան սահմանադրական բաժանումը։
Թէեւ Փաշինեանը յայտարարում է, որ իր նպատակը Եկեղեցու մաքրագործումն ու բարեփոխումն է, սակայն իրական նպատակն ակնյայտօրէն քաղաքական է։ Նա ցանկանում է չէզոքացնել բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ իր պաշտօնում մնալու համար յաջորդ տարւայ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ։
Ինչպիսի բարեփոխումներ էլ որ անհրաժեշտ լինեն Եկեղեցուն, դրանք վարչապետի գործը չեն։ Դրանք ներքին հարցեր են, որոնք պէտք է լուծւեն Եկեղեցու առաջնորդների կողմից՝ համաձայն երկարամեայ կանոնական ընթացակարգերի։
Քանի որ Փաշինեանին չի յաջողւել ստիպել Գարեգին Բ Կաթողիկոսին հրաժարական տալ, նա անցել է «Բաժանիր եւ տիրիր» մարտավարութեանը՝ փորձելով պառակտում հրահրել Եկեղեցու ներսում։
Վերջին ճգնաժամը ծագեց, երբ հրապարակւեց գաղտնի նկարահանւած տեսանիւթ, որտեղ, ենթադրաբար, երեւում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրեանը՝ իր ազգականուհու հետ մի սենեակում։ Շատերը կասկածներ ունեն, որ այդ տեսագրութիւնը պատրաստւել է Ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից։ Կառավարութեան դէմ քրէական գործ է յարուցւել՝ «արքեպիսկոպոսի անձնական կեանքի գաղտնիութիւնը խախտման վերաբերեալ՝ օգտագործելով գաղտնի տեղեկատւութիւն հաւաքելու համար նախատեսւած յատուկ տեխնիկական սարք»։
Այս վերջին բացայայտումից յետոյ Կաթողիկոսը նշանակեց բարձրագոյն հոգեւորականներից կազմւած յանձնախումբ՝ տեսանիւթը, արքեպիսկոպոս Խաչատրեանի դէմ մեղադրանքները ուսումնասիրելու եւ առաջարկութիւններ ներկայացնելու համար: Նոյեմբերի 25-ին յանձնախմբի 13 անդամներից 9-ը ստորագրեցին յայտարարութիւն, որով հաստատեցին տեսանիւթի իսկութիւնը եւ քննադատեցին Կաթողիկոսին այն բանի համար, որ նա «ամէն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի [Խաչատրեան] սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծութեան հովանաւոր… Գարեգին Բ-ն անհաւատարիմ է գտնւել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետութեամբ» Հայ եկեղեցին առաջնորդելու: Նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ եկեղեցու կանոնական իրաւունքին եւ վարդապետութեանը»: Նրանք յաւելեցին՝ մենք «խստօրէն դատապարտում ենք Գարեգին Բ Կաթողիկոսի թիւր ընթացքը»: Այս ներքին եկեղեցական փաստաթուղթը հանրութեանը հասանելի է դարձել յանձնաժողովի անդամներից մէկի կողմից եւ հրապարակւել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանի ֆէյսբուքեան էջում:
Փաշինեանը, գոհ լինելով յանձնախմբի անդամների կողմից Կաթողիկոսի նկատմամբ քննադատական յայտարարութիւնից, նրանց հրաւիրեց հանդիպման։ Յանձնախմբի 13 անդամներից 8-ը նոյն օրը՝ նոյեմբերի 27-ին, եկան վարչապետի գրասենեակ, չնայած նրանցից մի քանիսը նախկինում ներգրաււած են եղել ինչպէս բարոյական, այնպէս էլ իրաւական սկանդալներում։ Փաշինեանը «ողջունեց հիւրերին եւ շնորհակալութիւն յայտնեց նրանց հրապարակային կերպով արտայայտած սկզբունքային դիրքորոշման համար»։ Հետագայում վարչապետի գրասենեակը տարածեց միայն նրա խօսքերը՝ առանց նշելու, թէ ինչ են ասել հոգեւորականները։ Անկախ նրանից, համաձայն ենք, թէ ոչ յանձնախմբի անդամների յայտարարութեան հետ, ոչ ոք չի կարող մեղադրել նրանց, քանի որ նրանք զբաղւում են եկեղեցու ներքին հարցով։ Այնուամենայնիւ, նրանք սխալ են գործել՝ հանրայնացնելով իրենց ներքին զեկոյցը եւ հանդիպելով վարչապետի հետ։
Այնուհետեւ, Եկեղեցու Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը հրապարակեց միայն ոչ պաշտօնական յայտարարութիւն՝ քանի որ մի քանի անդամներ բացակայում էին Փաշինեանի հետ հանդիպման պատճառով՝ մերժելով յանձնախմբի մեղադրանքները Կաթողիկոսի դէմ՝ դրանք որակելով որպէս «բացարձակ անհիմն եւ շինծու, եւ որ Նորին Սրբութեան՝ արքեպիսկոպոս [Խաչատրեանի] դէմ նպատակային հետապնդումը եւ կողմնակալ կարծիքների ձեւաւորումը բացարձակապէս անընդունելի են»։ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը յորդորել է յանձնախմբի անդամներին «վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգութիւններն արծարծելով Եկեղեցու բարձրագոյն ժողովական մարմիններում, եւ չխաթարել Եկեղեցու միաբանութիւնը»։
Ցաւօք, մեղադրանքների եւ հակամեղադրանքների շարանը դրանով չաւարտւեց։ Նոյեմբերի 29-ին տասը բարձրագոյն հոգեւորականներ, այդ թւում՝ Արեւմտեան ԱՄՆ թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Յովնան Տէրտէրեանը, շատ աւելի կոշտ յայտարարութեամբ յորդորեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «ի սէր եկեղեցու եւ մեր ժողովրդի … կամովին հանգստեան կոչւել եւ այդ կերպ հնարաւոր կը լինի նոր ընտրութիւններ կազմակերպելու»։ Այդ յայտարարութիւնն առաջին անգամ հրապարակւեց Փաշինեանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում, իսկ յայտարարութեան որոշ հատւածներ ֆէյսբուքեան իր էջում հրապարակեց Փաշինեանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը։
Նոյեմբերի 29-ի իրենց յայտարարութեան մէջ տասը բարձրագոյն հոգեւորականները մի քանի խիստ քննադատական յայտարարութիւններ արեցին Կաթողիկոսի վերաբերեալ: Նրանք կասկածի տակ դրեցին նրա ընտրութեան արդարութիւնը. «Այս ամէնը գուցէ չլինէր, եթէ արդար, առանց ահաբեկումների լինէր 1999 թ. Կաթողիկոսական ընտրութիւնը»։ Այնուհետեւ յաւելեցին. «Առաւել ահագնացած ճգնաժամը Հայ եկեղեցու սխալ կառավարման հետեւանքով է…. Բազմաթիւ նւիրեալ հոգեւորականների չարդարացւած, հակականոնական կարգալուծութիւնները յաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապէս Կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։ Յաճախ նախընտրաբար հոգեւոր աստիճան են ստացել եւ պաշտօնի կոչւել միջակութիւններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ: Կաթողիկոսի սխալ, կամայական կառավարման, հրամանների, նշանակումների, անարդար պատիժների, անհարկի միջամտութիւնների, կարգալուծութիւնների հետեւանքով յաճախ փոթորկւում են Սփիւռքի մեր թեմերն ու առանձին հովւութիւններ ու վիճակներ, երբեմն ստիպւած լինելով խզել կապերը Մայր Աթոռի հետ…. Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգաւոր, վնասակար եւ կորստաբեր է եւ չի կարող այլեւս շարունակւել»։
Ի պատասխան՝ տարբեր անհատներ եւ կազմակերպութիւններ կոչ արեցին Կաթողիկոսին անմիջապէս կարգալոյծ անել այն բոլոր հոգեւորականներին, որոնք պահանջել են նրա հրաժարականը։
Առաջիկա օրերին պարզ կը լինի, թէ ինչ քայլեր կը ձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարութիւնը, հոգեւորականները եւ աշխարհասփիւռ հայութիւնը։ Եթէ Կաթողիկոսը մերժի հրաժարական տալ, Փաշինեանի կառավարութիւնը կարող է դիմել աներեւակայելի քայլի՝ նրան կեղծ մեղադրանքներով ձերբակալելու։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



