Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սեմիոն Բաղդասարով. «Դեռեւս 80-ականներին թուրքական յատուկ ծառայութիւնները ծրագրում էին լուծել հայ ժողովրդին վերաբերող մի քանի հարց»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի Մերձաւոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Սեմիոն Բաղդասարովը Alpha News-ին տւած հարցազրոյցում մեկնաբանել է Հայաստանի իշխանութիւնների յարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու դէմ, վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ իր հակառուսական յայտարարութիւնների ֆոնին, Իլհամ Ալիեւի բացակայութիւնը, Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի կոշտ յայտարարութիւնը «Թրամփի ուղու» մասին, ինչպէս նաեւ Մայամիում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բանակցութիւնների հնարաւոր ազդեցութիւնը Հարաւային Կովկասի տարածաշրջանի վրայ։

«Նախ, կը ցանկանայի ասել, որ այս գործողութիւնները պարոն Փաշինեանի յօրինւածքը չեն։ Նա կատարում է թուրքական յատուկ ծառայութիւնների կամքը։ Դեռեւս 80-ականներին Թուրքիայում առիթ եմ ունեցել ծանօթանալու որոշ փաստաթղթերի, որոնցում նշւած է, որ թուրքական յատուկ ծառայութիւնները ծրագրում էին լուծել հայ ժողովրդի հետ կապւած մի քանի հարց՝ վերջնականապէս ոչնչացնելով նրան։

Առաջինը Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութիւնից հրաժարւելն է։ Նրանք այն ժամանակ մի շարք պատճառներով չէին կարող աշխատել ՀԽՍՀ-ում, բայց ակտիւօրէն փորձում էին աշխատել սփիւռքի որոշ մարդկանց հետ՝ պարբերաբար տեղեկատւական դաշտ նետելով տարբեր տեսակի սադրանքներ։

Երկրորդը հայ ժողովրդի պատմական յիշողութիւնից հրաժարւելն է. դա վերաբերում է պատմական Հայաստանին։ Յիշեցնեմ՝ դա 360 հազար քառակուսի կիլոմետր է։ Եւ եթէ նոյնիսկ երբեւէ լինի անկախ Հայաստան, ապա այս 29 հազար քառակուսի կիլոմետրն է հէնց ամբողջը (պատմական Հայաստանը)։

Երրորդը Հայ Առաքելական Եկեղեցու ջախջախումն է, որը միշտ զգալի դեր է ունցել հայ ժողովրդի պատմութեան մէջ, յատկապէս պետականութեան կորստից յետոյ, եւ, ըստ էութեան, ծառայել է որպէս կապող օղակ աշխարհի տասնեակ երկրներում սփռւած հայ ժողովրդի տարբեր համայնքների միջեւ։

Ուստի Փաշինեանն ու իր թիմը դա անում են թուրքական յատուկ ծառայութիւնների ցանկութեամբ, որոնք յատկապէս ակտիւացան Անկարա կատարած յայտնի այցից եւ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ։ Այսինքն՝ թուրքերի եւ նրանց հետեւում կանգնածների՝ բրիտանացիների եւ ամերիկացիների կարծիքով եկել է ժամանակը: Պատմականօրէն այնպէս է ստացւել, որ Թուրքիան միշտ խաղացել է Արեւմուտքի առաջապահ ջոկատի դերը Ռուսաստանի եւ հայ ժողովրդի դէմ գործողութիւններում»,- յայտարարել է Բաղդասարովը։

Նա նաեւ մեկնաբանել է Նիկոլ Փաշինեանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ նրա հակառուսական յայտարարութիւններից յետոյ։

«Զարմանում եմ ռուս գործընկերների արձագանքի վրայ, երբ նրանք հանդիպում են նրա հետ: Գիտէք՝ կարելի է չճանաչել Հայաստանը, կարելի է չճանաչել Հարաւային Կովկասը, բայց չտեսնել, թէ ինչ է կատարւում, արդէն անհնար է: Ուշադրութիւն դարձրէք՝ վերջին շրջանում, երբ Փաշինեանը վերադարձաւ Անկարայից, Հայաստանի տեղեկատւական դաշտում անմիջապէս լուրեր տարածւեցին, թէ, իբր, Ռուսաստանը յեղաշրջում է նախապատրաստում: Նոյնիսկ նշւում են ընկերութիւններ, որոնք, իբր, դա ֆինանսաւորում են, այդ թւում՝ «Ռուսական երկաթուղիները», «Գազպրոմը» եւ այլն, հրապարակւում է Ռուսաստանի գործակալների ցուցակը եւ այլն։ Այսինքն՝ տարւում է լուրջ հակառուսական քարոզչութիւն՝ ուղղւած Ռուսաստանի շահերի դէմ։

Շրջանառւում է հետեւեալ թէզը՝ ով հանդէս է գալիս հայկական ինքնութեան, հայոց պատմութեան օգտին, յայտարարւում է ԿԳԲ-ի գործակալ: Յայտարարւում է, թէ Օսմանեան կայսրութիւնում հայերի Ցեղասպանութեան հարցը բարձրացրել է Խորհրդային Միութեան Պետական անվտանգութեան կոմիտէն։ Յիշեցնեմ, որ «ցեղասպանութիւն» հասկացութիւնը ստեղծել է Ռաֆայէլ Լեմկինը՝ բոլորին յայտնի մարդ, էթնիկ հրեայ, ԱՄՆ քաղաքացի։ Կասկածում եմ, որ նա որեւէ կապ է ունեցել ԿԳԲ-ի հետ: Յիշեցնեմ նաեւ՝ առաջին երկիրը, որը 1965 թւականին ճանաչեց Օսմանեան կայսրութիւնում հայերի Ցեղասպանութիւնը, լատինամերիկեան փոքրիկ երկիրն էր՝ Ուրուգւայը»,- նշել է նա։

Related Articles

Back to top button