
(Հատւած՝ ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉԵԱՆԻ յուշերից)
Մեր ծնողները, ծնւած նոյն թւականներին, անցած կեանքի նոյն ճանապարհներով՝ մէկ սերունդ առաջ գաղթած, փախէփախ եղած, յետոյ պատերազմում ծնող ու հարազատ կորցրած, յետպատերազմեան դժւար ու աղքատ մանկութեան մեր ծնողները ամէնից շատ էին սիրում Ֆրունզիկի խաղը նայել: Ամէն անգամ՝ առաջին անգամի պէս, անհոգ ծիծաղով էին դիտում Մհեր Մկրտչեանի մասնակցութեամբ ֆիլմերը, Ֆրունզիկը տօն օրերի ուրախութիւնն էր՝ անկախ ֆիլմի թեմայից ու գաղափարից: Նա իրենցից մէկն էր, որը զւարճալի էր եւ գեղեցիկ անհոգութիւն էր պարգեւում, անխառն հաճոյք. սա է մաքուր կոմեդիայի, լաւ կատակերգակի առաւելութիւնը: Սօս Սարգսեանի դիտարկումով. «Մհեր Մկրտչեանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կեանքի ծանրութիւնը թեթեւացնել հումորով»:
1959 թւականին սովետական միլիցիայի պատւէրով նկարահանւած քարոզչական «01-99» կարճամետրաժը (ռեժ.՝ Ամասի Մարտիրոսեան, սցենարիստ՝ Զ. Տէր-Կարապետեան) նպատակն ունէր ցոյց տալ ալկոհոլը չարաշահելու վնասները օբիեկտիւ բովանդակութեան մէջ երիտասարդ արտիստի հիւթեղ կերպաւորումով դարձաւ ֆիլմ անմեղ, անշառ մարդու փոքր ու զւարճալի թուլութեան մասին: Վեց տասնամեակ էկրանին ահա նա՝ վատ ճանապարհից թափահարւող սայլի մէջ աշխարհից ու ինքն իրենից թաքուն տակառիկից մի քանի ումպ անմահական սիրտ հովացնող, աշխարհքի զօրութեանը մեռնելով «ուխա՜յ» գինի խմելիս: Աշխատաւոր ու ինքն իրեն պարգեւատրող Գարսեւան-Մհեր Մկրտչեանը, սակայն, անշեղօրէն գնում է յանձնարարւածը կատարելու. տակառիկը պէտք է հասցնի վաստակաւոր գինեգործին:
Մհեր Մկրտչեանի կինոկենսագրութեան մէջ մի առանձնայատուկ հմայք ու գաղտնիք ունի «Եռանկիւնի» ֆիլմը: Յաճախ են նրա կեանքի անսպասելի ու անժամանակ աւարտը համեմատում այս ֆիլմի բազմախորհուրդ, անվերծանելի վերջաբանի հետ. «Նա բարձրացաւ վե՜ր, վե՜ր, ամպերից էլ վեր ու այլեւս չվերադարձաւ»: Մինչեւ ճակատագրական թռիչքը նրա Մկրտիչը մի քիչ շփոթւած ու հանդիսաւոր բարձրանում է գիտութեան գիւտ ուղղաթիռ, թեւաբախումի աղմուկի մէջ բացում պատուհանիկն ու գոռում խորհրդաւոր ու իմպրովիզ ընկալւող վերջին բառերը. «Ուստա՜, Համօն փողը չի տւել»:
Ահա նա, օրօրւելով ու երգով իջնում է ասես երկնքի մի կէտից, ամպերի միջից, իր հետ եւ իր պէս ճոճւող ոլորապտոյտ աստիճաններով. «Դարդս պա՛տմեմ, սարեր կու՛լան… Յովիկ ջան… Պոկի՛ն տա՜րա՜ն, ի՛մ ջիգեա՜րը, իմ ջիգեա՛րը արին խոց»:
Նա՝ մշեցի Մհեր Մկրտչեան-Մկրտիչը, անանուն կամ նոյնանուն գաղթականներից մէկը, ճարահատ, լեգենդը կործանելու գնով, խոստովանում է մեծ ողբերգութիւնը, որի ֆոնին աննշան ու չնչին է գասպարալողի չափազանցումը: Գեղեցկացրել-հերոսականացրել էր ողբերգականը, չփոխանցելու համար իր շրջապատին, տղեկին, մեզ՝ դիտողներիս: Ինչո՞ւ էր ծով կտրելով փախել Գիւմրի քաղաքում դարբնութիւն անող հայը եւ դառն ու անփոխանցելի եղելութիւնը այլաբանօրէն ասելու լեգենդ յօրինել. «Փախել ենք, ազնիւ խօսք, Տաճկաստանից ծովով ենք փախել, շատ տանջանքով ենք փախել, իսկ լողը քիչ մը սիրուն բան կը մտցնէր մեր էդ փախուստի մէջ»:
Եւ այդ լեգենդի ենթատեքստը երգով ու Մհերի խաղի միջոցով փոխանցում են Աղասի Այւազեանն ու Հենրիկ Մալեանը:
Կեանքում էլ, ինչպէս ֆիլմում, Մհերի հայրենասիրութիւնը խորքային ու անձեւակերպելի էր. «Հայրենիքի զգացողութիւնը պահէք ձեր մէջ, ինչպէս սէրն էք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապւած մնացէք հող ու ջրին, հոգեւոր հարստութեանը, ծննդավայրին»:



