Նախկին արտգործնախարար. «Հայաստանը պէտք է ձգտի Ռուսաստանի եւ Իրանի հետ ռազմավարական եռանկիւնու ստեղծմանը»

Հայաստանի դէմ ուղղւած սպառնալիքներն ու մարտահրաւէրները վերջին տարիներին կրկնապատկւել են եւ սա պարզապէս անվտանգութեան ճգնաժամ չէ։ Մենք ապրում ենք տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում պատմական փոփոխութիւնների դարաշրջանում»։ Այս մասին փետրւարի 7-ին «Միասին» շարժման կողմից կազմակերպւած քննարկման ժամանակ յայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այւազեանը։
«Միջազգային քաղաքականութեան մէջ խաղի կանոնները փոխւել են, սխալների գինը բարձրացել է։ Ուժը կրկին հիմնական գործօն է դարձել միջազգային յարաբերութիւններում»,- նշել է նա՝ յաւելելով, որ այս պայմաններում Հայաստանը բախւում է էկզիստենցիալ սպառնալիքների եւ լուրջ մարտահրաւէրների։
Նրա խօսքով՝ Հայաստանը պէտք է վերականգնի ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողութիւնը։ «Մենք պէտք է դուրս գանք մեզ պարտադրւող «պատերազմի կամ խաղաղութեան» կեղծ դիլեմայի տրամաբանութիւնից։ Հայաստանի առջեւ այլ ընտրութիւն է դրւած՝ ռազմավարական խոցելիութեան շարունակական խորացման եւ ռազմավարական զսպման քաղաքականութեան ձեւաւորման միջեւ:
Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ Հայաստանի հակառակորդների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի, իրական նպատակները։ Ակնյայտ է, որ վերջիններս չեն ձգտում Հայաստանի հետ խաղաղ համակեցութեան, նրանց ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ։ Դրանք կայանում են նրանում, որ Հայաստանը դառնայ կենսունակութիւնից զուրկ, զրկւի ինքնուրոյն որոշումներ կայացնելու հնարաւորութիւնից, խորացնի իր կախւածութիւնը թուրքական աշխարհից, իսկ իրենց համար բարենպաստ պայմանների դէպքում՝ կլանւի «Մեծ Թուրան» նախագծի շրջանակներում։
Այս ռազմավարութեան ողնաշարը այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ն է, որն ուղղւած է Հայաստանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան խաթարմանը, ինչպէս նաեւ տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութեան փոփոխմանը՝ յօգուտ Բաքւի եւ Անկարայի»,- ընդգծել է Այւազեանը։
Նրա խօսքով՝ TRIPP-ը համապատասխան մօտեցման դէպքում (Հայաստանի ներուժի ամրապնդման պարագայում) կարող է վերացնել այդ սպառնալիքները, սակայն այն ներկայ պայմաններում չի պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան երաշխիքներ, ինչը կարող է ներառել նրա հակառակորդների նպատակների լեգիտիմացման ռիսկեր։
Նա նշեց այն ուժերի հետ իրական եւ արդիւնաւէտ կոալիցիաների ձեւաւորման կարեւորութիւնը, որոնք շահագրգռւած են տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութեան վերականգնմամբ։
Այւազեանը պարզաբանեց, որ խօսքը Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վերագործարկման եւ Իրանի հետ կապերի խորացման մասին է՝ նպատակ ունենալով ստեղծել Հայաստան-Ռուսաստան-Իրան ռազմավարական եռանկիւնին։



