
«ԱԼԻՔ» – Իրանական մամուլում վերջին օրերին լայն արձագանգ է գտել Մաշհադի Աւետարանական եկեղեցու գիշերային քանդման լուրը։ Ըստ հրապարակումների՝ 1950-ականներին կառուցւած եւ նախկինում Իրանի ազգային ժառանգութեան ցանկում (հետագայում հանւել է ցուցակից) ընդգրկւած Աւետարանական (Էնջիլի) եկեղեցին գիշերային ժամերին զգալիօրէն աւերւել է, իսկ դէպքի առնչութեամբ իրաւական քննութիւն է սկսւել։
Այս տեղեկատւութեան ֆոնին շրջանառւել են նաեւ պնդումներ, թէ քանդւածը Մաշհադի հայկական Սուրբ Մեսրոպ եկեղեցին է։ Հարցի առնչութեամբ կապ ենք հաստատել Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի հետ, ով հերքել է այդ տեղեկութիւնները։
Նրա խօսքով՝ հրապարակւած տեղեկութիւնները վերաբերում են Աւետարանական (ինջիլական) եկեղեցուն եւ հայկական համայնքի կամ Սուրբ Մեսրոպ եկեղեցու հետ առնչութիւն չեն ունեցել։ Զ. Կարապետեանը նշել է, որ որոշ լրատւական հարթակներ, խնդրին չտիրապետելու կամ տեղեկատւութիւնը լիարժէք չճշտելու պատճառով, եկեղեցիների մասին լուրերը յաճախ սխալմամբ կապում են հայկականի հետ։
Մանրամասները ճշտելու նպատակով նա կապ է հաստատել նաեւ Մաշհադի հայկական եկեղեցու հսկիչ պրն. Զարիֆի հետ, ով նոյնպէս հերքել է հայկական եկեղեցու շուրջ շրջանառւող տեղեկատւութիւնը՝ ընդգծելով, որ Աւետարանական եկեղեցու հետ կատարւածը որեւէ առնչութիւն չունի Ս. Մեսրոպ եկեղեցու հետ։ Նրա փոխանցմամբ՝ աւերւած շինութեան մասին միայն յայտնի է, որ տարիներ առաջ դրա վրայից հանւել էր խաչը, սակայն այլ մանրամասներ ինքը չի յայտնել։
Պրն. Կարապետեանը յաւելեց, որ Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանը շարունակական կապի մէջ է շրջանների համայնքների եւ եկեղեցիների պատասխանատուների հետ, ու նմանատիպ տեղեկութիւնների դէպքում կարեւոր է նախ ստուգել դրանց հաւաստիութիւնը։
Ազգային առաջնորդարանի դիւանապետը նաեւ ընդգծեց, որ նման չստուգւած տեղեկատւութիւնը երբեմն կարող է օգտագործւել տարբեր լրատւամիջոցների կողմից՝ որպէս մարդու կամ կրօնական իրաւունքների ենթադրեալ խախտումների մասին ընկալում ձեւաւորելու թեմա, յատկապէս այն դէպքերում, երբ տեղեկատւութիւնը տարածւում է առանց բաւարար ստուգման։ Նրա խօսքով՝ այս պարագայում չհաստատւած տեղեկութիւնները լայն շրջանառութեան մէջ են դրւել՝ հայկական Սուրբ Մեսրոպ եկեղեցու անունը կապելով իրականութեան հետ առնչութիւն չունեցող դէպքի հետ, ինչն անհարկի մտահոգութիւն է առաջացրել իրանահայ համայնքի շրջանում։
Նա նաեւ նշեց, որ ապատեղեկատւութիւնը հետագայում լայն տարածում է գտել թւային մամուլի տարբեր հարթակներում՝ ստեղծելով իրականութեան հետ չհամապատասխանող տպաւորութիւն։



