Հայաստան - ԱրցախՄշակութային

Հայ վարպետը՝ Արմենօպոլիս քաղաքից. ո՞վ է ակորդէոնի գիւտարարը, եւ ինչպէ՞ս է այն ստեղծւել

Հայազգի վարպետի ստեղծած երաժշտական գործիքը 197 տարեկան է։

Քչերը գիտեն, որ աշխարհում ակորդէոնի առաջին պատենտի հեղինակը հայազգի վարպետ Կիրիլ Դեմեանն է։ Այս առիթով Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատութիւններում եւ այլ կենտրոններում յաճախ են կազմակերպւում միջոցառումներ, որտեղ ելոյթ են ունենում հայ ակորդէոնահարները։ Իսկ Հայաստանն աւանդաբար ունեցել է ակորդէոնի մեծ վարպետներ, որոնք փայլել են աշխարհի տարբեր բեմերում։

Եւ այսպէս, ակորդէոնի գիւտարարը նւագարաններ պատրաստող հայազգի վարպետ Կիրիլ Դեմեանն է (1772–1847)։ Նա ծնւել է Կիլիկիայի հայկական թագաւորութեան անկումից յետոյ 16-րդ դարում Ռումինիա գաղթած հայերի կողմից հիմնւած Արմենօպոլիս (ներկայիս Գեռլա) քաղաքում։

Կիրիլ կամ Կիւրեղ Դեմեանը երաժշտական գործիքներ՝ դաշնամուրներ, երգեհոններ պատրաստող վարպետ էր, ունէր սեփական խանութը, որտեղ վաճառում էր այդ նւագարանների համար իր պատրաստած մասերը, ստեղնաշարային ու փողային նւագարանների առանձին մասեր: Ի դէպ, այսօր Վիեննայի Երաժշտութեան տանը ցուցադրւում են Կիրիլ Դեմեանի պատրաստած նմուշները:

Դեմեանը երկար տարիներ մտածում էր իր երաժշտական գործիքը ստեղծելու մասին: Նա գծագրեր էր կազմում, հաշւարկներ անում՝ ձգտելով ստեղծել կատարելագործւած նւագարան, եւ իր որդիների՝ Կարլի ու Գվիդոնի հետ ստեղծեց ակորդէոն նւագարանը: Դեմեանի նւագարանն ուներ ընդամէնը հինգ ստեղն, որոնք նախատեսւած էին միայն ձախ ձեռքի համար: Ամէն մի ստեղնի համապատասխանում էր մէկ ակորդ, որից էլ ծագեց նւագարանի անունը՝ «ակորդէոն» (լատիներէն «ակկորդօ» արմատից):

1829 թւականին Կիրիլ Դեմեանն աւարտեց ակորդէոն նւագարանի պատրաստման աշխատանքները։ 1829 թւականի մայիսի 6-ին այն արտոնագրւել է Վիեննայում։ Դրանից 17 օր անց՝ 1829 թւականի մայիսի 23-ին, Դեմեանի արտօնագիրը պաշտօնապէս ճանաչւել է, որից յետոյ՝ մայիսի 23-ն ամբողջ աշխարհում նշւում է՝ որպէս Ակորդէոնի ծննդեան օր։

Դեմեանի ստեղծած ակորդէոնով կարելի էր նւագել պարզ մեղեդիներ՝ մէկ տոնայնութեան մէջ: Սակայն դա երաժշտութեան սիրահարներին բնաւ չխանգարեց ձեռք բերել նորաստեղծ նւագարանը երաժշտական խանութներից, ակորդէոնի գործարաններից:

Ուշագրաւ է, որ այսօր ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող ակորդէոնը ներառում է տարբեր նւագարանների առանձնայատկութիւններ. արտաքին տեսքով այն յիշեցնում է բայան նւագարանը, տեխնիկական կառուցւածքով առնչւում է շրթհարմոնի հետ, ձայնով այն առաւել մօտ ու «ազգակից» է երգեհոնին, իսկ ստեղնաշարով ու հնարաւորութիւններով մօտ է դաշնամուրին: Այն կարող է իր հնչողութեամբ թողնել անսամբլի տպաւորութիւն:

Ստեղծման օրւանից ակորդէոնը ենթարկւել է խիստ մշակման ու նորացման, աւելի ու աւելի կատարելագործւել՝ դառնալով անփոխարինելի նւագարան տարբեր տեսակի նւագախմբերում: Խորհրդային տարիներին, այդ թւում՝ Հայաստանում, ակորդէոնն առաւել կիրառելի ու ընդունւած է եղել ժողգործիքների անսամբլներում, սակայն պէտք է ընդգծել, որ յատկապէս Եւրոպայում ու ամբողջ աշխարհում ակորդէոնը գործածւում է դասական երաժշտական ստեղծագործութիւնների՝ Բախ, Մոցարտ, Վիվալդի, Ռոսինի, Վերդի, Բրամս, Լիստ, Շոպէն, Ռիմսկի-Կորսակով, Ռախմանինով, Շուբերտ, Շոստակովիչ, Արամ Խաչատրեան եւ շատ ու շատ այլ մեծանուն կոմպոզիտորների յայտնի գործերի, ինչպէս եւ վալսային, ջազային, արգենտինական տանգոյի, ժողովրդական եւ այլ ժանրերի ստեղծագործութիւնների վերարտադրման համար։

Ակորդէոնի ի յայտ գալուց յետոյ Կենտրոնական Եւրոպայում մեծ ժողովրդականութիւն վայելող շրթհարմոնի փառքը սկսեց խամրել: Ակորդէոնը լայն ճանաչում ու ժողովրդականութիւն ձեռք բերեց Բրիտանական կղզիներում, իսկ 1840-ականներին՝ ԱՄՆ-ում: Ադոլֆ Միւլլերն իր «Ակորդէոնի դպրոցը» գրքում ներկայացրեց նւագարանի տարբեր տեսակների նկարագրութիւնները:

Ժամանակին՝ տասնամեակներ առաջ, Հայաստանում՝ գրեթէ իւրաքանչիւր ընտանիքում պարտադիր պայման էր երեխային երաժշտական դպրոց տանելը՝ որեւէ գործիքի տիրապետելու նպատակով։ Այդ գործիքների շարքում իր կայուն ու հաստատուն տեղն ունէր ակորդէոնը, որը հաւասարապէս մրցում էր՝ ինչպէս ժողովրդական գործիքների, այնպէս էլ՝ առաւել պոպուլիար դասական նւագարանների՝ ջութակի, դաշնամուրի, կիթառի հետ։ Ակորդէոնը իւրաքանչիւր հաւաքոյթի անբաժան մասն էր։ Այսօր այն զգալի չափով կորցրել է իր տարածումը ժողովրդի շրջանում։

Հայաստանում շատ չեն ակորդէոնի վարպետները, սակայն նրանք կան եւ մեծ յարգանք են վայելում երաժիշտների շրջանում։ Ինչպէս եւ քիչ են բարձրակարգ եւ թանկարժէք ակորդէոնները, որոնցով իրենց վարպետութիւնն են ցուցադրել եւ ցուցադրում, ասենք՝ Վալերի Կովտունը, Նիկ Արիոնդոն, Ռիշար Գալիանոն, Պասկուալէ Քովիելլոն, Ալեքսանդր Հրուստեւիչը եւ այլ աշխարհահռչակ ակորդէոնիստներ։

Սակայն հայ ակորդէոնիստները նշում են այս գործիքի մէկ կարեւորագոյն յատկութիւն. շատերը ծանօթ չեն այս գործիքին, սակայն չի պատահել դէպք, որ որեւէ ունկնդիր լսի ակորդէոնի կախարդական հնչիւնները եւ չսիրահարւի նրան։ Գուցէ հէնց այս սէ՞րը պատճառ դառնա Կիրիլ Դեմեանի նախնիների հայրենիքում ակորդէոնի նոր վերածննդի։ Ո՞վ գիտի…

168.am

Related Articles

Back to top button